«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


ԱՄԵՆ ԳՐՈՂ ԵՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՄԻԱՅՆԱԿ Է ԱՊՐՈՒՄ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

Նորայր Ադալյանի ծննդյան 70 եւ աշխատանքային գործունեության 45-ամյակը երեկ նշվեց ՀԳ միության դահլիճում: Հոբելյարին ջերմ ու անկեղծ խոսքեր ասացին ու բարձր գնահատեցին նրա գրական ժառանգությունը ՀԳ միության նախագահ Լեւոն Անանյանը, Պերճ Զեյթունցյանը, Լեւոն Բարխուդարյանը, Ազատ Եղիազարյանը եւ ուրիշներ: «Ադալյանն իր գրվածքներում կարողացել է բոլոր ժամանակների թոհ ու բոհի մեջ ստեղծված կերպարում սինթեզել բոլոր տագնապներն ու ընթերցողին տալ մեր ժամանակակցի բնորոշ կերպարը...», ահա այսպես էին ներկայացնում ստեղծագործող Նորայր Ադալյանին, որի դրամատուրգիան մեծ դեր խաղաց նախ եւ առաջ հայ թատրոնի զարգացման գործում, եւ գրողն այսօր իր ստեղծագործական կյանքի բարձրակետում է, որն էլ նրա գրականագիտական մեծ վաստակն է... Լեւոն Անանյանը հոբելյարինՙ գրական վաստակի համար, ՀԳՄ նախագահության բարձրագույն պարգեւովՙ ոսկե մեդալով պարգեւատրեց:

ՀԹԳ միության նախագահ Երվանդ Ղազանչյանը, որը Ադալյանին ճանաչում է դեռ մանկուց, կատակեց. «Դպրոցում Նորայրն այնքան լավ էր արտագրում, որ վերջը գրող դարձավ...»: Հայ թատրոնին մատուցած Ադալյանի մեծ ավանդի ու գործունեության համար ՀԹԳՄ խորհրդի որոշմամբ հոբելյարին հանձնվեց «Արտավազդ» ամենամյա թատերական պարգեւը եւ արձանիկը: Հաջորդ ոսկե մեդալը Նորայր Ադալյանին տրվեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարության կողմից: Իսկ Երեւանի Հ. Ղափլանյանի անվ. պետ. դրամատիկական թատրոնի ողջ անձնակազմը Ադալյանին շատ ջերմ ու անկեղծ բարեմաղթանքներով ուղերձ հանձնեց: Շատ էին շնորհավորանքներըՙ ԼՂՀ-ի գրողների միությունից, սփյուռքից, Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանից եւ ուրիշներից, որոնք Ադալյանին մաղթում էին բեղուն գրիչ: Հոբելյարն իր շնորհակալական խոսքում նշեց. «40 տարի առաջ ճիշտ այս օրերին Գուրգեն Մահարու երաշխավորությամբ դարձա ՀԳՄ անդամ եւ այդ ընթացքում ես փորձեցի իմ աշխատանքային գործունեության մեջ, իմ ստեղծագործություններում ձեւ ու բովանդակություն տալ այն մարդկային ու գրական շնորհներին, որոնք Մարտիրոս հայրս եւ Աննա մայրս են ինձ տվել տարիների ընթացքում: Ես հարուստ մարդ եմ, իմն է հայոց բնաշխարհը, հայոց լեզուն, հայ գրականությունը...», խոստովանեց հոբելյարը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Իր գրչակից ընկերոջ մասին Պերճ Զեյթունցյանի խոսքը կտպագրվի «Ազգի» հաջորդ համարում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4