Պահանջում են անկախ հանձնաժողով ստեղծել
«Նոր ժամանակներ» կուսակցությունը «հակակրիմինալ» դարձած մյուս կուսակցությունների ու միությունների ներկայացուցիչներին հավաքել էր հասարակական լսումների: Չնայած մայիսի 3-ին կործանված ինքնաթիռի վթարի պաշտոնական վարկածը դեռ չկա, եւ հետաքննությունն էլ դեռ չի ավարտվել, բայց հակակրիմինալիստները հասարակությանը փորձում են մղել դեպի վթարի պատճառների վերջին վարկածը, որ այս օրերին շրջանառվում է նաեւ մամուլում: Ըստ այդմ, անակնկալ աղետի պատճառը եղել են ինքնաթիռում բիրտ ուժի օգտագործումը եւ հանցագործ խմբի գործողությունները: Նրանց այս համոզմունք-վարկածը ներկայացրեց ռազմածովային ավիացիայի նախկին աշխատող, առաջին կարգի օդաչու Վլադիմիր Պողոսյանը: Նա 22 տարի աշխատել է ավիացիայում, եւ իր ներկայացմամբ մասնակցել 10 նման պատահարների պատճառների բացահայտմանը, որոնցից մեկը` Գյումրիի ավիավթարն ավարտվեց մարդկային զոհերով: Ըստ իր հատուկ կարծիքի, դեռ մինչեւ թռիչքն արդեն իսկ «ռազբորկա»-միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում: Բայց կատարվածը մնացել է ներսում: Այդ մասին թռիչքի անվտանգության ծառայությունը չի իմացել ու չի նախազգուշացվել: Ըստ հարկի չեն ստուգվել նաեւ ուղեւորների բեռները: Կոնֆլիկտը հետո տեղափոխվել է ինքնաթիռի սրահները: Ինքնաթիռում այնպիսի իրավիճակ է եղել, որ խանգարել է օդաչուների սթափ գործողություններին, եւ ինքնաթիռը փաստորեն անկառավարելի է դարձել: Օդաչուներն անուշադրության են մատնել նաեւ Սոչիի օդակայանի աննպաստ եղանակային պայմանների մասին նախազգուշացումը` «Դեպի Սոչիի օդանավակայան կարմիր լույս է վառվել»:
Ըստ Արամ Կարապետյանի, բիրտ ուժի գործողության առկայությունը հավաստում են ռուսական լրատվամիջոցների հրապարակումները, որոնք նշում են, որ ինքնաթիռի մի քանի ուղեւորներ աղետից առաջ հասցրել են զանգահարել բարեկամներին եւ տեղեկացնել ինքնաթիռում տեղի ունեցող «ռազբորկայի», նույնիսկ հրաձգության մասին:
«Արմավիա» ավիաընկերության թռիչքների անվտանգության ծառայության պետ Արշակ Նալբանդյանը, որը մասնակցել է Սոչիում եւ Մոսկվայում իրականացվող հետաքննությանը, լիովին ժխտեց ներկայացվող վարկածը: Նա ասաց, որ ինքնաթիռի անձնակազմը եղել է աշխատանքային նորմալ վիճակում: Ինքնաթիռի ուղեկցորդուհին վթարից մի քանի րոպե առաջ բարձր տրամադրությամբ խոսել, ծիծաղել է օդաչուների հետ: Այնպես որ, բացառվում է, որ այդ ընթացքում կրակոցներ ու վիճաբանություն լինեին: Նա ասաց, որ ինքը չի ստորագրել Միջազգային ավիացիոն կոմիտեի նախնական եզրակացությունը, թե վթարի պատճառը օդաչուների սխալն է եղել:
Հակակրիմինալիստներն առաջարկում են ստեղծել անկախ փորձաքննական հանձնաժողով, որը պիտի իր սեփական քննությունը կատարի: Վլադիմիր Պողոսյանը հիշեցրեց, որ ժամանակին այդ մասին ընդդիմության առաջարկը մերժվեց, որովհետեւ ԱԺ-ին այդպես հրահանգվեց: Ուրեմն, ինչ-որ մեկին ձեռնտու չէ անկախ հանձնաժողովի ստեղծումը: Նա հայտարարեց նաեւ, որ իր վարկածը հաստատող փաստեր ունի, բայց դրանք կհրապարակի անկախ հանձնաժողովի ստեղծումից հետո: Իր կողմից Արշակ Նալբանդյանն էլ հավաստեց, որ «Արմավիան» եւս կողմ է անկախ հանձնաժողովի գաղափարին:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ