«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


ԻՆՉՊԵՍ Է ՇՈՂԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ

«Էրեկ լավ էր, քանց թե էսօր»

Ճակատագրի չար քմահաճույքով մի տարի անց, նույն` հարազատիս մահվան հանգամանքներում նորից հանդիպեցի Շողերին: Զարմանալի բան. մահվան հովտի տիրուհին զբաղմունքին անհարիր առույգ ու կոկ տեսք ուներ: Խաժ ու խոշոր աչքերը շողշողում էին, երկար մազերը թափվել էին ուսերին, եւ ես մտածեցի, որ Շողերը եթե հարուստ տան մեջ ծնվեր, միայն հագուկապը տեղը լինելով, կզարդարեր այն իր գեղեցկությամբ: Գերեզմանատան «աշխատանքը» վաղուց բացասական լիցքեր չի ներշնչում Շողերին: Սովորել է վշտի հանդեսներին եւ նույնիսկ փիլիսոփաներից ոչ պակաս իմաստությամբ է վերաբերվում դրանց:

«Սպիտակում մահերն էլի առատ են, մանավանդ այս տարվա շոգերին», պատմում է ինձ: Միայն անցած ամիս բացառություն եղավ: Սպիտակցիները սովորել են առավոտ, իրիկուն, շաբաթը 1-2 անգամ լսել ծանոթի, հարեւանի, բարեկամի մեծ մասամբ անսպասելի վախճանի մասին: 4-ից մեկը մահանում է սրտի կամ ուղեղի կաթվածից: Քաղցկեղը հաջորդ տեղում է: «Ճապոնացիները երկրաշարժից հետո ասացին, որ փրկվածների մեծ մասն էլ բնական մահով չի մեռնի», ամեն մահից հետո հիշում են սպիտակցիները: Երկրաշարժը շարունակվում է ճակատագրերի մեջ, վերաձեւելով ու խեղաթյուրելով դրանք ամենաանխիղճ տարբերակներով: Մարդիկ դարձել են սառը, պակաս մարդասեր, անտարբեր մերձավորի հոգս ու վշտի հանդեպ:

Հեթանոսական ակունքներ ունեցող սովորույթն այսօր էլ պահպանվում է Լոռվա գերեզմանատներում: Հարազատները մահացածի շիրիմին քառասունքի, յոթի, մեռելոցի, Զատկի օրերին, Սուրբ խաչին, Նոր տարվան ուտելիք ու խմիչք են դնում` հանգուցյալի բաժինը: Նրանց հեռանալուց անմիջապես հետո դրանք դառնում են Շողերի նման չունեւորների ավարը: Հավատալիքի համաձայն, մահացածի հոգու համար այնքան ավելի «խեր» կլինի, ինչքան ավելի աղքատ լինի այդ ուտելիքին տեր դարձողը: Հանգուցյալի փրկության ուղի է համարվում նաեւ բաժին հավաքողներին դրամ տալը:

«Անցած տարվանից այսօր ոչինչ չի փոխվել դեպի լավը, հակառակը, գործը դժվարացել է», տեղեկացնում է Շողերը: Հիմա ով ասես, չի ուզում տեր դառնալ գերեզմանի վրա դրվածին: Հիմնական հավաքողները 4 հոգի են, բայց վերջերս հավակնորդները շատացել են: Քառասունքներին սկսել են հայտնվել նաեւ գերեզմանափորները, թե` մենք ենք փոսը փորել: Ասել կուզի, մենք ենք գերեզմանի տերը: Ինքն ասում է` հո ձրի չե՞ք քանդել, փող են տվել: Շողերը խուլ դժգոհում է գերեզմանատան պահակից էլ. նա սկսել է խառնվել իրենց գործին: Լավ է, որ միշտ չի լինում գերեզմանատանը: Ամուսինը` աղբահավաք մեքենայի բանվոր Մհերը, չի հասցնում կնոջ նման հաճախ գերեզմանատուն գալ, բայց որ հարմար է լինում, առիթը բաց չի թողնում: Շողերը չի էլ ուզում, որ հաճախ գա, գտած օղին ոչ թե ծախում, այլ հենց տեղում խմում է: Ամիսը 30 հազար փող է ստանում, բայց շատ է «թավաքյալի» ծախսում, աշխատածը քամուն տալիս` ծխախոտի, «կանֆետի» եւ մանավանդ խմիչքի վրա: Վերջում էլ պարտքեր է անում, թե չէ կկարողանային ապառիկով պահարան գնել, ոնց որ հեռուստացույցն գնեցին: Խմում է ու խոսում: Գիտի, որ մեկ է, կինը «էստեղից-էնտեղից հայթայթող» է, սոված չի թողնի իրեն: Մեկ-մեկ ամուսնու հետ աղբի մեջ ինքն էլ է քչփորում: Մեջը բադրիջանի սերմ էր գտել, բերեց, մաքրեց, չորացրեց, ցանեց, շորեր է հանում, վառելիք սարքում:

Շողերը խանութներն է հանձնում հավաքած օղին, կոնյակն ու ջերմուկը համարյա կես գնով, 900 դրամանոց օղին` 500-ով, ջերմուկը` 70-ով: Մհերի` աղբի միջից հավաքած շշերի հետ միջին հաշվով օրը 10 շիշ են հանձնում: Մի հացի փող լինում է: Մեկ-մեկ էլ բախտը բերում է. հարուստ մեռելատերերը շռայլություն են անում. «Աթանեսյան Արթուրն ինձ 5 հազար դրամ տվեց մի անգամ, օրումեջ էդ տղեն ինձ 1000 դրամ էր տալիս, ֆինանսներում է աշխատում», ժպտալով քաղցր հիշողությունից ասում է նա: Հիմա փեսայի գերեզմանը սարքել է, էլ չի երեւում: Մյուս անմոռաց հուշը գերեզմանատանը նկարահանող օտարերկրացիների հետ է կապված: Վառելու համար ստվարաթուղթ ու չոր ճյուղեր էր հավաքում, շեկ ու բոյով մեկը մոտեցավ, 35 դոլար տվեց:

Գերեզմանատանը հաճախ կարելի է հանդիպել նաեւ պարկը ուսին, արտաքուստ անհասկանալի սեռային պատկանելության Գրունին: Ծխախոտը բերանին, շիրիմներից մեկի մոտ նստած, նա լուռ այցելուների է սպասում: Գրունը տարբեր ամուսիններից մի քանի երեխա ունի, նրանց պահելու համար է փայ հավաքելով զբաղված: Երբեմն այնքան շատ է լինում աշխատածը, որ տանում, հարեւաններին է բաժանում: Շողերն ինքն էլ հաճախ այդպես է վարվում: Սառնարան չունի, մեկ է, խաշլաման, երշիկը, տոլման փչանալու են` դեն գցի: Ավելի լավ է լավություն անի: Բայց այսօր խաշած մսի մի մասը հենց այդպես էլ թողեց քարի վրա: «Տուն որ գնում եմ, հարեւաններիս աչքը սումկիս վրա է, համ վերցնում են տվածս, համ բամբասում, մարդ էլ կա, նախանձում է, բա՞»: Խմելու սիրահար մի հարեւան ունի, Շողերի տուն գալուն պես հայտնվում է, իբր գործով, բայց աչքն օղու շշերի վրա է:

Բաժին հավաքողների եկամտի մյուս աղբյուրը մայր Թերեզայի կույսերն են, որ անկյալների ու աղքատների մխիթարությունն են երկրաշարժից ի վեր: Ամեն ամիս մի 4 տուփ մակարոն ու սեւ ալյուր են տալիս, Զատիկին ու Նոր տարուն տեսականին լավանում ու ավելանում է` ձեթ, տոմատ, շաքարավազ:

Շողերը հրաժարվել է փող աշխատելու մյուս ճարահատյալ միջոցից` սրա-նրա դռանը մեջքը ծռած քաղհան անելուց: Շատ անգամ խաբում, փող չեն տալիս, հին ու մին շորով ու մի փոր հացով ստիպված է լինում բավարարվել: Իր բոստանն է մի կերպ յոլա տանում, «էն էլ ջրաչափ են դրել, էնքան գրում ա որ: Արաղները ծախում եմ, որ պտի ուտեմ, տանում եմ, ջրի փող տալի, ափսոս չէ՞, 2000 դրամ լույսի եմ տալի, սապոնի ու ձեթի, հացի փող չի մնում, հավատո՞ւմ ես: Փող ա ձեռս ընկնում, չեմ ղմշում (սիրտ անում) մի մարոժնի առնեմ, ասում եմ, դրա տեղը 5 հատ լուցկի կառնեմ, լեղակ կառնեմ»: Մյուս անկատար երազանքը «լինոլեումն» է: Սառը ցեմենտի վրա քայլելուց ոտքերը ցավում են, արդեն հոդացավ ունի:

Դեւբեդից է Շողերը հարս եկել Սպիտակ, բայց տարիներ հարազատներից խաբար չունի: Ինքն էլ փող չունի, որ գնա տեսնի: Եղբայրը Սոչիում է ապրում, իր ասելով` «ընտիր», բայց քրոջ մասին վաղուց մոռացել է: Նպաստ չի ստանում, չի էլ ուզում հասկանալ, թե ինչու են հանել նպաստառուների ցուցակից` «մի բան կասեն, էլի»:

Այսօր Շողերի ավարը շատ առատ է: Փուշն ու տատասկը չանգռել են ոտքերը գերեզմանատանը վերից վար շրջելու ընթացքում: Բայց Շողերն ուրախ է, հազվադեպ է այսպես լինում: 2 հսկա ու բերնեբերան լիքը պայուսակները դրել է գերեզմանի կողքին, չգիտի տո՞ւն գնա, թե ուղիղ խանութ` օղու ու ջերմուկի դատարկ ու լիքը շշերը հանձնելու: Պատմում է, որ նման դեպքերում իր գործընկեր Գրունը գերեզմանատնից իջնում է մոտակա կրպակը եւ տաքսի պատվիրում:

Բայց իր զբաղմունքից դժգոհ է Շողերը: Տուն ունի, հեռուստացույց ունի, բայց «երանի կամրջի տակ ապրեր, էսպիսի բան չաներ»:

7 տարի առաջ մի մարդ եկավ Ամերիկայից, Դավիթ էր անունը, մի քիչ փող տվեց ամուսիններին: Այս տարի նորից եկել էր, այցելեց նրանց եւ զարմացավ, որ միակ փոփոխությունը նրանց կյանքում հեռուստացույցն է: Էսօր էլ նույնն է, ոնց որ երեկ եւ անցած տարիներին:

Հրաժեշտ եմ տալիս Շողերին ու պատրաստվում Երեւան մեկնելու: Առավոտյան ես շտապելու եմ մասնակցել աղքատության հաղթահարման հերթական սեմինարին «Կոնգրես» հյուրանոցում:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4