«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2006-10-25 | #204, 2006-10-26 | #205, 2006-10-27


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂԻՑ 20 ՄԵՏՐ ՀԵՌՈՒ Է ԵՂԵԼ

Համոզված է նրա դատապաշտպանը

«Ազգի» հոկտեմբերի 24-ի համարում մեր ընթերցողներին արդեն իրազեկել ենք բռնցքամարտիկ Ալեքսանդր Աբրահամի ձերբակալության մասինՙ լսելի դարձնելով նաեւ նրա դատապաշտպանի կարծիքը, թե Ալեքսանդրը դանակահարելու պահին ընդհանրապես այնտեղ չի եղել: Զարմանալի է, որ հայկական մամուլում իրականությանը չհամապատասխանող լուրեր են հայտնվել, թե «Ալեքսանդրն է դանակահարել 35-ամյա մի քաղաքացու: Նրան հնարավոր է մեղադրանք առաջադրվի մահափորձի հոդվածով»: Այս ձեւակերպումները տպագրած «Առավոտ» օրաթերթըՙ չնշելով իր լրատու աղբյուրը, ոչ թե իբրեւ ենթադրություն է ներկայացնում, այլ հաստատ կատարված իրողություն: Նույնիսկ սկանդալի սիրահար միլիոնավոր ընթերցող ունեցող գերմանական «Բիլդը» «չի համարձակվում» դատավճիռ արձակելՙ հարգելով անմեղության կանխավարկածը:

Թեթեւակի համառոտելով, հետեւենք գերմանական «Բիլդ» թերթի հոկտեմբերի19-ի տեղեկատվությանը: Բեռլինում բնակվող 25-ամյա բռնցքամարտիկ Ալեքսանդր Աբրահամը բանտում է: Դատախազությունը նրան եւ մեկ ուրիշ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկիՙ 21-ամյա Մանուել Չարրին մեկուսարան է ուղարկել, քանի որ օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ին Բեռլինի կենտրոնում ծագած ծեծկռտուքն այնուհետեւ վերածվել է դանակահարության: Դեպքի մասին հոկտեմբերի 19-ին «Բիլդն» այսպես իրազեկեց իր ընթերցողներին, հավելելով, թե դրդապատճառը եղել է 34-ամյա զոհիՙ բռնցքամարտիկի ավտոմեքենային բռունցքներով հարվածելը: Դատարանի խոսնակը, ըստ «Բիլդի», պարզաբանել է, թե ձերբակալելու հրամանը տրվել է երկուսին էլ, քանի որ համատեղ են գործել:

«Բիլդն» իր հրապարակման մեջ անշուշտ հիշեցրել էր, թե սեպտեմբերի 23-ին կոտրած ծնոտով խաղը հաղթած ու «լեգենդար» դարձած աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի կողքին կարելի էր տեսնել արարքին մասնակցած Ալեքսանդր Աբրահամին, ով պրոֆեսիոնալ ռինգում 17 մրցամարտից 16-ում հաղթանակ է տարել, որից 12-ը տեխնիկական գործակցի (K.o.) առավելությամբ: Դեպքի առնչությամբ «Բիլդին» Արթուր Աբրահամն ասել է. «Ես գիտեմ, որ եղբայրս անմեղ է, նա միայն ավտոմեքենան է վարել»: Գերմանական թերթն այնուհետեւ մեջբերել էր մարզիչ Ուլլի Վեգներիՙ Աբրահամ եղբայրների մասին ավելի վաղ հնչեցրած գնահատականը. «Եղբայրներն ահռելի տաղանդ ունեն, նրանք ամսեամիս են առաջադիմում: Համոզված եմ, որ նրանք մեծ ապագա ունեն»:

«Ալեքսանդր Աբրահամի եւ Մանուել Չարրի կարիերան կարող է կայծակնային արագությամբ ընդհատվել, եթե նրանք դատապարտվեն», գրել էր գերմանական թերթը:

Միլիոնավոր ընթերցող ունեցող սկանդալ սիրող «Բիլդը», ճիշտ է, որոշակի կարեւոր մանրամասներ չէր հայտնել, բայց եւ չէր խախտել անմեղության կանխավարկածը: «Առավոտ» թերթը հոկտեմբերի 24-ի իր համարում շտապել էր եզրակացնել, թե Ալեքսանդր Աբրահամն է դանակահարողը:

Ալեքսանդր Աբրահամի դատապաշտպան բեռլինահայ փաստաբան Ստեփան Թաշչյանի միջոցով հետեւենք դեպքերի ընթացքին: Ալեքսանդր Աբրահամը եղբոր ավտոմեքենայով իր երկու բռնցքամարտիկ ծանոթների հետ, որոնցից մեկը լիբանանցի, Բեռլինում բնակվող Մանուել Չարրն է, երեկոյան 23.30-ի սահմաններում հայտնվում է Բեռլինի կենտրոնում, ուր ավելի ուշ 15 հոգուցՙ հիմնականում լիբանանցի արաբներից բաղկացած մի խմբի հետ կռվի են բռնվում: Լեզվակռիվն ավելի է բորբոքվում, երբ հակառակորդները ծանր մետաղյա իրեր ու հեծանիվներ են նետում Ալեքսանդրի ավտոմեքենայի վրա ու արաբերեն հայհոյում: Ալեքսանդրն ու ծանոթները մեքենայով հեռանում են: Մանուել Չարրը որոշում է հետ դառնալ ու հաշիվ պահանջել հայհոյանքի համար: Մոտ 50 հոգի, ենթադրաբար զբոսաշրջիկներ տեսել են, որ արաբներից մեկին 8 անգամ դանակահարողը Չարրն է եղել, իսկ մեքենայի ղեկին նստած Ալեքսանդրը նրանից մոտ 20 մետր հեռու է եղել: Երբ Չարրը նստել է ավտոմեքենան, այդ պահին են ընկերները նկատել նրա արյունոտ դանակը ու սարսափից գոռացել: Դանակահարողը խոստովանել է, թե ինքն էլ չի գիտակցել, թե ինչ է արել: (Գերմանական «Բիլդը» գործածել է Amok բառը, որը նշանակում է կատաղությունից կուրացած, գործողությունները կառավարելու անընդունակ):

Մանուել Չարրը իրավապահներին խոստովանել է, թե ինքն է դանակահարել: Ամիսներ անց Ալեքսանդրին ձերբակալելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ հարցաքննության ժամանակ, երբ քննիչը հարցրել է, թե հնարավո՞ր է, որ Չարրից բացի Ալեքսանդրն էլ մի քանի հարված հասցրած լինի, տուժողը, որ 3 անգամ միայն Չարրի անունն էր հնչեցրել, 4-րդ հարցաքննության ժամանակ կասկած է հայտնել, թե միգուցե նա միակը չի եղել:

Այժմ հարցաքննվում են տարբեր վկաներ: Ցավալին այն է, ասում է Ստեփան Թաշչյանը, որ կռիվը դիտող մոտ 50 քաղաքացիներից եւ ոչ մեկը չի փորձել նախ կանխել կռիվը, ապա իբրեւ վկա ներկայանալ իրավապահներին: Դատը կնշանակվի մոտավորապես 4 ամսից: Դեռեւս չի հարցաքննվել այժմ Շվեդիայում գտնվող Ալեքսանդր Աբրահամի մյուս ծանոթը, ով միակն է, որ կարող է հաստատել, թե Ալեքսանդրը, ինչպես նաեւ ինքը, դանակահարության պահին գործողության վայրից հեռու են եղել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4