Մեր մոլորակին սպառնացող գլոբալ աղետների դեմ պայքարի կոչերին միջազգային հանրությունը ծուլորեն է արձագանքում այն պարզ պատճառով, որ աղետներն իրեն յոթ սարից այն կողմ են թվում, մինչդեռ միջազգային վերլուծաբանները վերջին օրերին պնդում են, որ դրանք կարող են պատահել ոչ թե անորոշ ապագայում, այլ հենց մեր կյանքի ընթացքում: Աշխարհաքաղաքական տեղաշարժերով, հակասություններով ու պատերազմներով, դաժանություններով ու սպանություններով ընթացող այս խելակորույս աշխարհի ամեն մի բնակչից գերագույն ճիգեր են պահանջվում 21-րդ դարի հիվանդությունիցՙ վախից ազատվելու համար, այլապես դրա ուժգնացումը տանում է հոգեկան ճնշման, լարվածության եւ ավարտվում ինքնասպանությամբ: Կենսաբան Աննա Բոյաջյանի տվյալներով, ամեն տարի վախի հիվանդությամբ տառապողների թիվն ավելանում է 3,6 տոկոսով, ինչն արդեն իսկ վկայում է, որ 10 տարի անց վիճակը շատ տխուր է լինելու: Հիվանդության նշաններն են դյուրագրգռությունը, հիշողության կորուստը, անքնությունը, ընտանեկան խնդիրները, մերձավորների եւ ընկերների հետ վատ հարաբերությունները եւ այլն: Դրանց սրման պարագայում միայնակության եւ անլիարժեքության զգացումներն ուժգնանալով վերածվում են ագրեսիայի, ինչը հաճախ հանգեցնում է ինքնասպանության: Վախի հիվանդության սպեղանին դեռեւս գտնված չէ, ընդամենը հորինվել են ժամանակավոր հանգստություն բերող մի շարք թերապիաներ:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երեւանի պետական համալսարանում երեկ անցկացված «Նոր սպառնալիքները եւ գլոբալ մարտահրավերները 21-րդ դարում» միջազգային խորհրդաժողովը ոչ միայն արձագանք էր գլոբալ աղետների դեմ պայքարի կոչերին, այլեւ փորձում էր գտնել Հայաստանի հնարավորությունները, տեսնել նրա տեղն ու դերը նոր սպառնալիքների հորձանուտում: Գլոբալ մարտահրավերները դիտվեցին լայնահորիզոնՙ ներառելով քաղաքական, տնտեսական, սոցիալական, գլոբալ եւ ազգային անվտանգության, բնապահպանական եւ այլ ոլորտներ: Զեկուցողների թվում էին ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը, ռազմաքաղաքական փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ԵՊՀ պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակից, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի պատասխանատու Արամ Գաբրիելյանը, ԳԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, «Բիոէկոմեդ» կազմակերպության ղեկավար Աննա Բոյաջյանը, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Պողոսյանը եւ այլք: Վերջինս ուշագրավ դիտարկումներ արեց գլոբալիզացիայի պայմաններում ազգային պետությունների վերափոխման վերաբերյալ. «Արդի դարաշրջանում առկա են պատմական 2 լուրջ միտումներՙ առաջինը ազգային պետությունների առաջացումն էր 19-րդ դարավերջից մինչեւ 20-րդ դարասկիզբ, իսկ երկրորդը դրան հաջորդող ազգային պետությունների միավորումն էր մեծ կառույցներումՙ Եվրոմիություն, ԱՊՀ, ԳՈՒԱՄ եւ այլն: Հայաստանի տեղն ու դերը որոշելու համար պետք է երկուսն էլ վերլուծության ենթարկենք, պետք է տեսնենք, թե պատմության հաջորդ տատանումը մեզ ո՞ւր է տանելու: Միջազգային վերլուծաբանների գերակշիռ մասը կարծում է, որ պատմության հաջորդ տատանումը հանգեցնելու է պետությունների միավորումների վերացմանըՙ առաջ են գալու վերպետական, վերազգային միավորումներ, որտեղ պետական սահմաններ այլեւս չեն լինելու: Գլոբալիզացված աշխարհում այլեւս նշանակություն չեն ունենալու անհատի ազգությունն ու բնակության վայրը, յուրաքանչյուր ոք ընկալվելու է որպես ինտելեկտուալ միավոր: Սա է սպասվելիք նոր աշխարհակարգը»:
Այդ աշխարհակարգում Հայաստանն ապագա կունենա՞, թե՞ կուլ կգնաՙ հարցին պրն Պողոսյանը լավատեսորեն է նայում, որովհետեւ. «Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-սփյուռք կառուցվածքը մեզ թույլ է տալիս նոր աշխարհակարգում գտնել մեր ցանցային տեղը, մանավանդ որ նոր աշխարհակարգը լինելու է ցանցային, ունենալու է ինֆորմացիոն հասարակություն, ըստ վերլուծաբանների: Դրա համար պետք է պարզել Հայաստան- սփյուռք-Արցախ հարաբերությունների զարգացումը թե՛ բնակչության, թե՛ ներուժի առումներով: Ինձ թվում է, որ սա հեռանկար ունեցող մոտեցում է: Աշխարհը մեր աչքի առջեւ փոխվում է, եթե մեր գիտակցությունը չփոխենքՙ կարող ենք շատ հետ մնալ»:
Խորհրդաժողովն այսօր կշարունակվի Բյուրականի աստղադիտարանում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ