Եվրոպական ծրագրերի դափնեկիր «Culture-2000» ծրագիրը, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, «Մշակույթ եւ համագործակցություն» ասոցիացիայի տնօրինության համատեղ նախաձեռնությամբ երաժշտական գործիքներ վերանորոգող եւ լարային գործիքներ պատրաստող վարպետների ուսուցման ծրագիր է մշակվել, որը հաստատել է Եվրոպական հանձնաժողովը Եվրոմիության անդամ երկրների համար: Ծրագրի գործընկերներն ենՙ Երեւանի Կոմիտասի անվ. պետ. կոնսերվատորիան, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ՀՖՆ-ն, կոմիտասի անվ. կամերային նվագախումբը եւ ITEMM-ը բարձրագույն պետական կառույցՙ երաժշտական մասնագիտությունների եվրոպական ինստիտուտը (Ֆրանսիա), Երաժշտական գործիքների արքայական թանգարանը (Բելգիա), Երաժշտական թագավորական ակադեմիան (Լոնդոն), Gliga Violins (Ռումինիա):
Երեկ մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպման էին եկել այդ ծրագրի կազմակերպիչները, որոնք էլ մանրամասնեցին այն: «Մշակույթ եւ համագործակցություն» ասոցիացիայի Շալոն-ան-Շամպայնի ազգային բեմարվեստի տնօրեն Ֆիլիպ Բակմանը նշեց, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ մեկ տարի առաջ եղել է Երեւանում եւ ուսումնասիրել է հնարավոր աջակցության դաշտը:
«Մեզ խիստ մտահոգում էր այն փաստը, որ հայկական երաժշտական աշխարհն իր անվանի վարպետներով, երաժիշտներով մշտապես հիացրել է բոլորին, սակայն նրանց երաժշտական գործիքները գտնվում են բավականին վատ վիճակում, ու չկան դրանք վերականգնող վարպետներ»: Ծրագիրը կազմված է երկու մասիցՙ երաժշտական գործիքների (լարային, փողային, ստեղնաշարային) պատրաստող, վերականգնող, նաեւ դրանց պատրաստման ու պահպանման համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ձեռքբերում: Իսկ հաջորդ մասով վարպետների փորձի փոխանակում, հայ եւ ֆրանսիացի երաժիշտների մասնակցությամբ համերգ-շրջագայություն Հայաստանում եւ Ֆրանսիայում:
Փոխնախարար Գագիկ Գյուրջյանը կարեւորելով նման ծրագրի անցկացումը, որն ընթանում է Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում, նշեց. «Մեկ տարի հետո ՀՀ-ում արդեն մենք կունենանք վերականգնողների դպրոց ոչ միայն երաժշտական գործիքների, այլեւ հուշարձանների, գրքերի, փաստաթղթերի եւ այլն: Այս ծրագիրն առայժմ կարճաժամկետ է եւ 2007 թ.-ի վերջին կավարտվի, որից հետո կսկսվի 2007-2008 թթ. երկարաժամկետ ծրագիրը, որի համար արդեն մշակույթի նախարարությունը պատրաստում է մի փաթեթ: Այս համագործակցությունը լավ կամուրջ կհանդիսանա հայ-ֆրանսիական մշակույթների համագործակցության համար, որն օր-օրի զարգանում է»:
Մ. Մ.