Խոհեր գրող Սերգեյ Գալոյանի «Հրամայված է սպանել...» տխուր, բայց կենդանարար գիրքը կարդալուց հետո
Տխո՜ւր, չափազանց տխուր, ցավի նման մզզացնող-ճմլող, բայց ինչո՞ւ կենդանարար: Հարցը ես եմ տալիս, պատասխանը գիտեմ, բայց չեմ կարող ասել` սպանությունից հետո էլ ի՞նչ կենդանարարություն: Աբելն սպանեց Կայենին: Ցինիկ լինես` թեթեւ շնչով կասես` իր ախպերն էր` սպանեց, մեզ ի՞նչ: Դարեր առաջ ճամփա ընկած էս «մեզ ինչ»-ը փորձում է մեզ բան ասել, բան հասկացնել, բան սովորեցնել, բայց մենք վաղուց աչք չունենք, ունկ չունենք, լեզու չունենք, բայց շարունակում ենք ապրել, որովհետեւ մեզ հաղորդվում է կենդանարարություն: Երկիր-մոլորակը սպանությունների պատմությունից ծանրացել, ասես շեղում է ընթացքը: Էսքան կռիվ, պատերազմ, կոտորած, արյունահեղություննե՞ր կլինեն, որ տեսել ու շարունակում են տեսնել սպանողներն ու սպանվողները: Ու թե չլիներ կենդանարարությունը, վաղուց ոչ թե մարդկային հոգու կրակը, այլ հենց մոխիրը սառած կլիներ: Աստված արարիչ է, քո ներսում է, բայց դու նրան չես կարող ասել` եթե կյանք ես տվել, թող տված կյանքը ապրենք, էսքան մահեր, պատերազմներ, սպանություններ ինչո՞ւ ես տալիս: Ո՞ր մի դարում չեն սպանվել: Հայերիս համար քի՞չ էր սեւ 15-ը, որ գումարեցիր էլի սեւ 37 ու 49...
Կենդանարարություն եղավ` վերքերն ամոքելու: Մինաս Ավետիսյան է սպանվում` հիշում ենք նախճիրները: Սպանվում է Պարույր Սեւակը` հիշում ենք նախճիրները: Հայոց հանճարը միշտ էլ կոտորվելո՞ւ, խեղճանալո՞ւ, ինքն իր մաշկի, իր կեղեւի, իր երակի մեջ մտնելու համա՞ր է ծնվում: Ապրելը փառահեղ ծնունդ պիտի կոչվեր` մի երկա՜ր, մի արդա՜ր ծնունդ` ծիածանի պարզությամբ: Ամեն մի մահ, որ մահ չէ, այլ սպանություն, երկար մտորելու առիթներ է տալիս ոչ միայն ժամանակակիցներին, այլեւ սերունդներին: Թուրքական ֆաշի՞զմ կլինի, ռուս-սովետական ֆաշի՞զմ կլինի, քեզ ի՞նչ, քոնը սպանվելն է, սպանվի՛ր: Չարենցն ինչո՞վ էր ավելի բարձր Վարուժանից, որ... չսպանվեր: Բակունցը լա՞վ էր Զոհրապից: Պիտի գլխատվի ծաղկեփունջը, դաշտը պիտի ամայանա, բառը պիտի ինքն իրեն չզգա: Ազգը պիտի հիշողության կորուստ ունենա, որ հեշտ նվաճվի...
Ես չեմ ուզում շարունակել էս ոճով, թե չէ մի սարդոստայն էլ ես կհյուսեմ ու չեմ կարող դուրս գալ: Բայց ինձ էս ոճին է մղում անվանի-անխոնջ գրիչ Սերգեյ Գալոյանը: Ծանոթ լինելով նրա լրագրողական ու հենց գրական ազնիվ ճանապարհին, միշտ զարմացել եմ նրա խաղաղ-բռնկուն եռանդի վրա: Ամեն ինչ եթե կյանք է, եթե սուտ չէ, նա իր համար, ավելի ճիշտ` ընթերցողի համար գիր է դարձնում: Երբեք հեշտ չեն ծնվել նրա հազարավոր հոդվածները, ակնարկները, տասնյակից ավելի գրքերը: Ախր, մենք էդպես էլ չենք կարողանում պատասխանել մեզ հուզող հարցերին: Մեր մեծ լուսավորիչ, մեզ «Վերք Հայաստան» նվիրած, մեր սուրբ սարը բարձրացած Խաչատուր Աբովյանի մասին հե՞շտ է ասելը` անհայտ կորած: Ժամանակը չի կարող միջնորդ լինել Աբովյանի համար: Բայց դժվա՞ր էր քո Չարենցի, քո Բակունցի, տասնյակ ու տասնյակ մտավորականների «հանգա՜ծ» բուռ հողի տեղն իմանալը, երբ դեռ շնչում էին ե՛ւ հրամայողները, ե՛ւ կատարողները: Այո՛, ձեռքս սրտիս, ասել է խղճիս, դնելով ասում-գրում եմ` ազնիվ գործ է արել Սերգեյ Գալոյանը` նույն խմորից բազմաթիվ հոդվածներ «թխելուց» հետո գիրք է հրատարակել` «Հրամայված է սպանել...»: Ես մտածում եմ, թե ո՞ւմ ցավն էր կտրել, որ Մինաս Ավետիսյան սպանեն: Եվ չեմ հավատում, որ Պարույր Սեւակ սպանեն: Հիմա ենք ասում Մոսկվա-Կրեմլն ո՞վ էր, որ հրաման տար Հայաստանի ենթականերին, թե` ձեր արեւը խնդացեք, Պարույր Սեւակին սպանեք: Ո՜վ էր: Կամ` Վարդգես Պետրոսյանին: Ո՞վ, ինչի՞ համար պիտի հրամայեր, թե Վարդգես Պետրոսյան սպանեք: Ես չեմ հավատում: Մինասը մեր արվեստի, մեր մշակույթի Քրիստոսն էր: Հայ ժողովուրդն, ի վերջո` աշխարհն, իրավունք չունեին ունենալու Մինաս Ավետիսյան, Պարույր Սեւակն իրավո՞ւնք չուներ իր Չանախչի Հայաստանից դուրս գալու, ճեղքելու գրականության, պոեզիայի պատը: Ասենք` հրամայված էր վերեւից: Մերոնք հլու-հնազանդ պիտի կատարեի՞ն հրամանը: Պարզ չէ, որովհետեւ մեր աշխարհում էդպես էլ հայտնի պարզը երբեք չի պարզվում: Գրող Սերգեյ Գալոյանը փորձում է պարզել: Այո, նա էլ իր նույն հարցականներն ունի` ո՞վ սպանեց Մինաս Ավետիսյանին, ո՞վ սպանեց Պարույր Սեւակին, ի վերջո, ո՞վ սպանեց Վարդգես Պետրոսյանին: Սա գալոյանական եռանկյունի չէ եւ բնավ էլ գալոյանական հարցումներ չեն: Եվ նա ոչինչ չի ասում, անգամ մի բառ չի ասում, եթե չի նայել բառի աչքերին: Վարդգես Պետրոսյանի տանը` նրա բացակայությամբ, բայց գրողի կնոջ` պրոֆեսո՜ր Սոնա Տիգրանյանի ներկայությամբ տեղի է ունեցել մի քստմնելի սպանություն: Սպանվում է մի տղա, որը արդեն ճանաչվում էր որպես այս տան փեսացուն: Մերօրյա հեքիա՞թ է: Կասկածում են Սոնային, կասկածում են, որ նա է սպանել Վարդգես Պետրոսյանին: Եվ հայոց բանտերի փոխարեն սիրասո՜ւն, մայր ու կի՜ն Սոնա Տիգրանյանը հայտնվում է փրկարար Ամերիկայում: Եվ ինչո՞ւ զայրույթ, ցավ չապրի Սերգեյ Գալոյան գրողը, երբ ստահակի, վարձկանի ձեռքով սպանվում է գրական կազմակերպիչը, եռանդուն գրողը: Սպանողներն ու նրանց հանձնակատարները կարող են մի օր հոխորտալ` թուրքերն էլ են հայ գրողներ, մտավորականներ սպանել, աչքներդ մե՞զ տեսավ...
Հոդվածներ, գրքեր գրելով դեռ ոչինչ չի ավարտվում, կարելի է ասել` դեռ չի էլ սկսվում: Բայց Սերգեյ Գալոյանը սկսել, կասեի` լավ է սկսել ու հավատանք, որ նա իր համառությամբ, գրողի անկոտրում կամքով կշարունակի հետամուտ լինել: Գրողը հավատաքննիչ չէ: Գրողը խիղճ է: Գրողը աչք է: Հանցանշանները երեւում են: Մնում է այն չկորցնել: Ոչ միայն գրողների, մտավորականների, այլեւ ամեն մի սպանության մասին պետք է գրել համարձակորեն, ինչպես Գալոյանը, որ կարողանանք ոչ թե սպանվածների, այլ ապրողների իրավունքով նայել աշխարհին:
Ես Սերգեյ Գալոյանի ձեռքերին, աչքերին, հենց խղճին նայում եմ այնպես, ինչպես նայում եմ նրա ճշմարիտ, ոչինչ որ դաժան գրքի էջերին «Հրամայված է սպանել...»:
Ամեն մի սպանություն մեզ դարձնում է հավերժ կորստատեր:
Ականջ դնենք` մեր խղճի ձայնն իր զանգով գուժում է: Տեսնես հիմա ո՞ւմ մահվան մասին են... մտածում միշտ մտածողները:
ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ