Այսօր երկօրյա պաշտոնական այցով Փարիզ կմեկնի Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին: Նա այնտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, Ազգային ժողովի նախագահ Ժան Լուի Դեբրեի եւ արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազիի հետ: Նոյեմբերի 1-ին անդրադառնալով Թալաբանիի այցին, «Հուրիեթ» թերթը նշում է, որ Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող օրինագծի հաստատումից հետո Ֆրանսիան պատրաստվում է կատարել Թուրքիայի համար խիստ մտահոգիչ երկրորդ քայլը:
Խոսքը վերաբերում է Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու Ֆրանսիայի պատրաստությանը: Այդ մասին ինտերնետային էջում Թալաբանիի այցին առնչվող հաղորդագրության մեջ Ֆրանսիայի արտգործնախարարությունը նշել է հետեւյալը. «Առաջիկա տարվա սկզբներին Էրբիլում (Քուրդիստանում) կկատարվի «Դեսպանության գրասենյակի» բացումը»:
Ակամա հարց է ծագում` ինչո՞ւ է դա մտահոգիչ Թուրքիայի համար, որովհետեւ Հյուսիսային Իրաքում բացվող «Դեսպանության գրասենյակը» դառնում է Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Քուրդիստանում: Այլ կերպ, գրասենյակի բացումով Ֆրանսիան ճանաչում է Իրաքի հյուսիսում դե ֆակտո ձեւավորված «Քուրդիստանին»:
Թերեւս այդ առումով պատահական չէ, որ «Հուրիեթը» վերոհիշյալ գրասենյակի առնչությամբ դիմել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ժան-Բապտիստ Մատթեիին եւ ստացել հետեւյալ պատասխանը. «Մենք էլ Թուրքիայի պես պաշտպանում ենք Իրաքի տարածքային ամբողջությունը: Բաղդադում ունենք դեսպանատուն: Այնուամենայնիվ Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքում բացելու ենք «Դեսպանության գրասենյակ», որը գործելու է Իրաքում Ֆրանսիայի դեսպանատան ենթակայության տակ»:
Հ. Չ.