Իսրայելը հետաքրքրված է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա խողովակաշարային միջանցքին միանալ որպես սպառող եւ որպես էներգակիրների հետագա տարանցման կետ: Հայֆայում տեղի ունեցած էներգակոնֆերանսի ընթացքում այս մասին հայտարարել է Իսրայելի ազգային ենթակառուցվածքի նախարար Բենիամին Բեն-Էլիեզերը: Վերջինիս խոսքերով, նավթա եւ գազա խողովակաշարային ենթակառուցվածքների զարգացումը կարելի է պատկերացնել այնպես, որ դրանք սկսվում են Ադրբեջանում, հատում են Վրաստանն ու Թուրքիան, Միջերկրական ծովը եւ ավարտվում Իսրայելում: Ամեն դեպքում, նախարարի վկայությամբ, Իսրայելը ոչ միայն պատրաստ է էներգակիրների ծավալների մեծ գնումներ կատարել, այլեւ իր տարածքն առաջարկում է ասիական շուկաներ կասպյան նավթի տարածման համար:
Նույն կոնֆերանսի մասնակից Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կրկին անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին, նշելով, թե Ռուսաստանը հակավրացական քաղաքականություն է վարում: