«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2006-10-31 | #208, 2006-11-01 | #209, 2006-11-02


ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ՔԱՆԴԱԿԸ ԿՏԵՂԱԴՐՎԻ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈԽՈՒՄ ՔԱՂԱՔՈՒՄ

Անցած շաբաթ օրը Գյումրու կենտրոնական հրապարակում կարճատեւ ցուցադրության էր դրվել մի ինքնատիպ քանդակ, որի շուրջը բավական թվով արվեստասերներ եւ հետաքրքրված անցորդների բազմություն էր հավաքվել: Քանդակագործ Ալբերտ Վարդանյանի ստեղծագործությունը, որի նախնական` փոքր տարբերակն ավելի վաղ հետաքրքրել էր Գյումրի այցելած Գերմանիայի Բոխում քաղաքի ճարտարապետին, պատրաստվել է վերջինիս պատվերով, այդ քաղաք տանելու եւ այնտեղ տեղադրելու համար, որից առաջ արվեստագետն այն ներկայացրել էր համաքաղաքացիներին: «Պուլսար» կոչվող (որ կարելի է հասկանալ` ազդակներ տվող) երեք մետր բարձրությամբ բրոնզաձույլ քանդակն ամբողջությամբ ձվի տեսք ունի եւ խորհրդանշում է Երկիր մոլորակը: Նրա մակերեւույթին դրվագված բազմազան պատկերները ներկայացնում են մարդկության, տարբեր ժողովուրդների երբեւէ ստեղծած քաղաքակրթական արժեքները, իսկ քանդակի իրանի մեջ խրվող սեպերը խորհրդանշում են այդ արժեքներին հակադրվող մարդկանց, ժողովուրդներին ու տիեզերքին ցավ պատճառող վատ արարքները, պատերազմներն ու բռնությունները: Սեպերը տարբեր կողմերից գալիս խաչվում են արձանի մարմնի մեջ. այդ խաչը մենք միշտ կրում ենք մեր մեջ:

Սա արվեստագետի յուրատեսակ ուղերձն է մարդկությանը, ճիշտ ապրելու, լավ ապրելու կոչ: Արձանը միեւնույն ժամանակ լավատեսություն է ներշնչում. նրա միջնամասում ծակքարի նմանությամբ թողնված կլոր անցքը ապագան է, մեր երեխաների ապագան, որը հեղինակը լուսավոր է տեսնում: Ի դեպ` սա Ալբերտ Վարդանյանի առաջին գործը չէ, որ տեղ է գտնում արտերկրում:

Արդեն առաջիկա օրերին քանդակը «կուղեւորվի» Գերմանիա եւ կդրվի Բոխումի լյութերական եկեղեցու դիմացի հրապարակում: Հանդիսավոր բացումը քանդակագործի փոքր գործերի ցուցահանդեսի հետ նշանակված է նոյեմբերի 19-ին: Բացմանը հրավիրված են նաեւ տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները, Հայ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4