Ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը (մինչեւ 19 տարեկաններ) չկարողացավ Կիպրոսում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Հունգարիայի հավաքականի հետ ավարտական խաղում պայքարը շարունակելու համար մեր պատանիներին միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Սակայն նրանք 1-4 խոշոր հաշվով պարտություն կրեցին եւ խմբում զբաղեցրին 3-րդ տեղը (3 միավոր): Ադրբեջանի հավաքականը ոչ-ոքի (1-1) խաղաց Կիպրոսի ընտրանու հետ եւ 4 միավորով գրավելով 2-րդ տեղը, խմբի հաղթող հունգարացիների հետ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:
Այսպիսով, երիտասարդական ու մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականներից հետո մեր 19 տարեկան ֆուտբոլիստներն էլ անհաջողության մատնվեցին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Եթե սրան ավելացնենք նաեւ մեր ազգային հավաքականի դժգույն ելույթները Եվրո-2008-ի ընտրական մրցաշարում, ապա ընդհանուր տխուր պատկերն ամբողջական կլինի, ինչը վկայում է հայկական ֆուտբոլի ցածր վարկանիշի, տեւական ճգնաժամի մասին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ