Երեկ խմբագրությունը ահազանգ ստացավ, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մուհամադի Շայամեն չի կարողացել իրականացնել իր երազանքը` սովորել Հայաստանի ճարտարագիտական համալսարանի նախապատրաստական դասընթացներում: Պատճառը` ՀՀ գիտության, կրթության նախարարության համապատասխան բաժնի աշխատակցուհին (առայժմ չենք հրապարակում անունը) Շայամեի բարեկամից պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար կաշառք` առանց դիմողի ներկայության փաստաթղթերն ընդունելու համար: Ավելին, փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը ավարտվում էր հոկտեմբերի 30-ին, եւ այդ աշխատակցուհին փաստաթղթերը իր մոտ պահելով, հոկտեմբերի 31-ին, կեսօրին զանգահարում է դիմորդի բարեկամին ու պնդում, որ մի կոպեկ չի իջեցնի գինը, թող փողը բերի, եթե ուզում է դիմորդ դառնալ...
Ահա այսպիսի բաներ են տեղի ունենում այդ նախարարության ստորաբաժանումում: Իհարկե մենք գիտենք, որ կրթության ոլորտը, սկսած նախարարությունից, կոռումպացված է, բայց եթե նման կերպ են վարվում նաեւ արտասահմանից Հայաստանում ուսանել ցանկացողների հանդեպ, հատկապես այն դեպքում, երբ ամեն տարի ԻԻՀ-ից 1200 եւ ավելի ուսանողներ են գալիս, ու այդ փաստը երկու երկրների քաղաքական երկխոսության մշակութային զարգացման հրաշալի խթան է: Մի՞թե կարելի է 1.500 ԱՄՆ դոլարով երկրի հեղինակությունը գցել... Ինչ է, կրթության, գիտության նախարարությունը ուրիշ անելիք չունի՞, քան Հայաստանի վարկի հետ խաղալն է եւ ինչու անվճար փաստաթղթերը ընդունելու համար գումար շորթելու հնարավորություն է տրվում նման անձանց: Ինչեւէ, ցավալի է, բայց փաստ, որ այս անպատվաբեր վարքագիծը տարածված է մեր երկրում:
Ռ. Ռ.