Նոյեմբերի 28-դեկտեմբերի 1-ը պատրաստվում է Թուրքիա այցելել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը: Այդ օրերին Անկարայում նա կհանդիպի Թուրքիայի ղեկավարների հետ, Էֆեսում կայցելի Մարիամ Աստվածածնի գերեզմանը, իսկ Ստամբուլում կհյուրընկալվի հունաց տիեզերական պատրիարքարանում: Բենեդիկտոս 16-րդը Պողոս 6-րդից եւ Հովհաննես Պողոս 2-րդից հետո Թուրքիա այցելող Հռոմի երրորդ պապն է լինելու:
Բենեդիկտոս 16-րդի առաջիկա այցի շուրջն անախորժ աղմուկ է բարձրացվել ինչպես թուրքական, այնպես էլ իտալական մամուլում: Թուրքական աղմուկի պատճառը Մուհամմեդ մարգարեի հասցեին Հռոմի պապի թույլ տված արտահայտություններն են, ինչպես նաեւ Կ. Պոլսո հունաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում տիեզերական Բարդուղիմեոս պատրիարքին այցելելու պատրաստակամությունը:
Ինչ վերաբերում է իտալական մամուլին, ապա դա էլ կասկածի տակ է դրել այցի նպատակահարմարությունը, հիմք ընդունելով Հռոմի պապի հետ հանդիպումից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարվելը: Ինչպես նշում է թուրքական հանրային հեռուստատեսությունը, Վատիկանը դրա առնչությամբ տարածել է պաշտոնական հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասվում է. «Հռոմի պապի հետ չհանդիպելու վարչապետ Էրդողանի որոշման մասին Թուրքիան նախապես իրազեկել է Վատիկանին: Այդ հարցը հստակեցվել էր դեռեւս նախքան այցի ծրագրի մշակումը»:
Հ. Չ.