«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2006-11-02 | #210, 2006-11-03 | #211, 2006-11-04


ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ

Ինչպես գաղտնազերծի, եթե առ այսօր թուրք ժողովրդից քողարկվում է Քեմալ Աթաթուրքի օրագիրը

«Ազգը» սեպտեմբերի 20-ի համարում «Թուրքիան չի ցանկանում գաղտնազերծել օսմանյան կալվածքների գրանցամատյանները» վերնագրով տեղեկացրել էր, որ գաղտնազերծմանը մասնավորապես հակադրվում է ազգային անվտանգության խորհուրդը, պատճառաբանելով, թե դրանք ժամանակակից թուրքերենի վերածելն ու հրապարակելը կշահագործվի էթնիկ եւ քաղաքական նպատակներովՙ առավել եւս ցեղասպանությանն առնչվող պահանջներով:

Միաժամանակ նշվել էր, որ այս խորհուրդը գաղտնի նամակով նախազգուշացրել է հողային գրանցման եւ կադաստրի գլխավոր վարչությանը, սահմանափակելու այս փաստաթղթի մատչելիությունը, եւ դրանք ոչ մի դեպքում, թեկուզ մասնակի, չբազմացնելու եւ չհանձնելու արխիվային հիմնարկներին:

«Ազգի» այս տեղեկության համար հիմք էր ծառայել Նուրայ Բաբաջանի «Հյուրիեթի» սեպտեմբերի 19-ի համարում հրապարակած հոդվածը: Դրանից պարզվում է, որ դեռեւս անցյալ տարի որոշվել է թվայնացնել օսմանյան կալվածքների գրանցամատյանների փաստաթղթերը, թարգմանելով ժամանակակից թուրքերեն: 2005 թ. օգոստոսի 17-ին հողային գրանցման եւ կադաստրի գլխավոր վարչության պետի տեղակալ Նիհաթ Շահինը նամակով որոշման մասին իրազեկել է ազգային անվտանգության խորհրդի զորահավաքի եւ պատերազմական պատրաստությունների ծրագրավորման բաժնին: Օգոստոսի 26-ին հույժ գաղտնի մակագրությամբ դիմումին պատասխանել է բաժնի պետ, գեներալ Թայյար Էլմասը, անելով վերոհիշյալ նախազգուշացումը:

Նուրայ Բաբաջանի «Հյուրիեթում» հրապարակած հոդվածին Պոլսո «Հայթերթ» կայքէջում «Ի՞նչը ումից է քողարկում ազգային անվտանգության խորհուրդը» վերնագրով արձագանքում է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆ. Բասքըն Օրանը: Ինքն էլ պատասխանում է իր հոդվածի վերնագրում բարձրացրած հարցերին, գրելով. «Ի՞նչն է քողարկում ազգային անվտանգության խորհրդի գրությունը: Ասում են, որ 1915 թ. հայկական կոտորածների հետեւանքները: Երանի թե հարցն այսքան պարզ լիներ: Իհարկե, այս գրությամբ հիմնականում փորձ է արվում քողարկելու 1915 թ., սակայն քողարկման բուն սուբյեկտը «նախնական կապիտալի կուտակման» գործընթացն է: Ումի՞ց քողարկել, անկասկած թուրքերից, որովհետեւ օտարներն այդ մասին անգիր գիտեն: Ինչո՞ւ: Այն պատճառով, որ 1915 թ. բացահայտման դեպքում ինքնաբերաբար բացահայտվելու է այս ողջ գործընթացը բոլոր մանրամասներով, հետեւաբար շարունակում են բարձի տակ դնել»:

Օրանը հոդվածում իբրեւ «նախնական կապիտալի կուտակման» օրինակ բերում է 1915 թ. տեղահանության ընթացքում հայերի ունեցվածքի կողոպուտն ու դրա վերածումն «ազգային կապիտալի»: Քյուրշաթ Բումինը «Ենի շաֆաքի» հոկտեմբերի 29-ի համարում կատարյալ սկանդալ է համարում ազգային անվտանգության խորհրդի գրությունը, որը գեներալ Էլմասի ստորագրությամբ ներկայացվել էր հողային գրանցման եւ կադաստրի գլխավոր վարչություն, ապա եւ ընդգծում է. «Այս սկանդալն էլ հանձնվելու է արխիվ»:

Բումինը զարմանքով է նշում, որ անմիջականորեն «պատմական հիշողության թարմացմանն» առնչվող կարեւորագույն այս հարցին «Հյուրիեթից» հետո ընդամենն անդրադարձել են «Բուգյուն», «Սթար», «Ռադիկալ» եւ «Զաման» թերթերը, որոնցից առանձնացնում է Էթիեն Մահճուպյանի ստորագրությամբ «Զամանում» հրապարակված հոդվածը: Բումինն ուղղակի մեջբերում է հոդվածագրի հետեւյալ հարցադրումները. «Օսմանյան կալվածքների գրանցամատյանների թվայնացման առնչությամբ հողային գրանցման եւ կադաստրի վարչությունն ինչո՞ւ է դիմում ազգային անվտանգության խորհրդին, այն էլ զորակոչի եւ ռազմական պատրաստության ծրագրավորման բաժին: Հարյուրավոր տարիների վաղեմություն ունեցող այս գրանցամատյաններն ի՞նչ առնչություն կարող են ունենալ ներկայիս ռազմական պատրաստության հետ: Այս բաժնի աշխատակազմը որտեղի՞ց գիտի վերոհիշյալ վարչությունում պահպանվող գրանցամատյանների բովանդակությունը: Եվ վերջապես ինչո՞ւ է «գաղտնի» ազգային անվտանգության խորհրդի հղած պատասխան նամակը վարչությանը եւ ո՞րն է գրանցամատյաններում զինվորականներին հայտնի տվյալները հասարակությունից քողարկելու նպատակը»:

Այնուհետեւ Բումինը, հենվելով Այշե Հյուրի «Ռադիկալում» հրապարակած հոդվածի վրա, գրում է. «Օտար հեղինակները մի կողմ, հայ ուսումնասիրող Տիգրան Ղույումջյանի հաշվարկներով հայերն այդ թվերին 14,5 մլրդ ֆրանկի արժողությամբ հարստություն են թողել, որը ներկայումս համարժեք է 100 մլրդ դոլարի: Սա մի՞թե, ինչպես Մահճուպյանն է նշել, հողերից, տներից, հարստությունից զրկված շուրջ 2 մլն հայերի ունեցվածքի կողոպտման վկայությունը չէ: Հետեւաբար օսմանյան կալվածքների գրանցամատյանների նկատմամբ ազգային անվտանգության խորհրդի գրաքննությունը ոչ այլ ինչ է, քան անարգանք այն մարդկանց նկատմամբ, որոնց զրկել են ողջ ունեցվածքից»:

Ի դեպ, Թուրքիայում գրաքննություն կիրառվում է ոչ միայն այդ գրանցամատյանների, այլեւ 1919 թ. հուլիսի 23-օգոստոսի 7-ը էրզրումում, իսկ նույն թվի սեպտեմբերի 4-12-ը Սվազում Մուստաֆա Քեմալի հրավիրած Անատոլիայի եւ Ռումելիայի իրավունքների պաշտպանության միության կոնգրեսների նյութերի նկատմամբ: Դրանք թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի արխիվում են, դրանց հետ է նաեւ Քեմալ Աթաթուրքի օրագիրը:

Հատկանշական է, որ մինչ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանության ժխտումը պատժող օրինագծի ընդունման առնչությամբ ի լուր աշխարհի հայտարարում էր, թե Թուրքիան վաղուց բացել է իր բոլոր արխիվները, այդ թվումՙ բանակի, թուրքական որոշ թերթեր հարցնում էին. «Ինչո՞ւ առ այսօր չեն հրապարակվել Էրզրումի եւ Սվազի կոնգրեսների նյութերը, ո՞րն է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի օրագիրը թուրք ժողովրդից քողարկելու պատճառը»:

Կարծում ենք, կոնգրեսների եւ օրագրի վերաբերյալ այս հարցադրումներն ու օսմանյան գրանցամատյանների վերաբերյալ գրաքննությունը պարզորոշ ցույց են տալիս, որ Թուրքիայում բոլոր արխիվների, բանակինը ներառյալ, բացման մասին Գյուլի հայտարարությունն ընդամենը պատրանք է: Քանի որ դա պարզունակ է նաեւ, ուստի դրանով կարելի է ոչ թե ապակողմնորոշել միջազգային հանրությանը, այլ հերթական անգամ խոստովանել Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության դիրքերի սպառման մասին:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4