«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2006-11-02 | #210, 2006-11-03 | #211, 2006-11-04


ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ Է ՄՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Նահանգապետ Գեորգի Խաչիձեն Ջավախքում միջէթնիկական խնդիրներ չի տեսնում

Նախորդ շաբաթ` հոկտեմբերի 28-ին Ախալքալաքի Արագովա գյուղում սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծման արարողությունն էր, որին մասնակցում էր նաեւ Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Գեորգի Խաչիձեն: «Ազգի» զրույցը Խաչիձեի հետ տեղի ունեցավ հենց եկեղեցու բակում, որտեղ հնչում էր հայկական երգուպարը, իսկ հավաքված ժողովուրդն անկեղծ թամաշա էր անում: Սեփական ներկայությունն այդ մարդկանց մեջ Խաչիձեն չվերագրեց միայն հրավերքին: Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի նահանգապետը, իր իսկ խոսքերով, երբեք բաց չի թողնում իր տարածաշրջանում նման որեւէ միջոցառում:

Ախալքալաքում տեղական ինքնակառավարման հոկտեմբերի 5-ի ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի եւ ընդհանրապես այդ ընտրություններից դժգոհությունների ու ընտրակեղծիքների իրականացման մեղադրանքների առնչությամբ Գեորգի Խաչիձեն յուրօրինակ մոտեցում ցուցաբերեց` նախ ցուցարարներին գնահատական տալով: Ըստ Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի, բողոքի ակցիաներ են անցկացրել մարդիկ, որոնք մի որոշ ժամանակ առաջ հարձակվել էին Ախալքալաքում Թբիլիսիի համալսարանի շենքի վրա, կոտրել պատուհանների ապակիները, նաեւ մտել էին վրացական եկեղեցի` զենք գտնելու նպատակով: «Դա մարդկանց մի փոքր խումբ է, որ միշտ պատճառ է գտնում հավաքվելու եւ ապակառուցողական գործողություններ իրականացնելու համար: Երբ ինձ նոր էին նշանակել այստեղ, Ախալքալաքում տեղի ունեցավ միտինգ, հավաքվել էին մոտ հինգ-վեց հազար մարդ, նրանք իրապես խնդիրներ ունեին, եւ դա ինձ համար հասկանալի էր»:

Խաչիձեն օրինակ բերեց իր պաշտոնավարման ընթացքում բողոքի առաջին ցույցի ժամանակ բարձրացված հարցերից մի քանիսը: Ասենք, այդ ժամանակ Ախալքալաքում անձնագրային սեղան չկար եւ մարդիկ ստիպված էին հասնել Ախալցխա, մարդիկ դժգոհում էին ճանապարհներից, ենթակառուցվածքային այլ հարցեր կային: «Ներկա դրությամբ Ջավախեթիում հսկայական շինարարություն է իրականացվում, ամենաշատ ճանապարհներն ամբողջ Վրաստանում կառուցվում են այստեղ: Հաջորդ տարի ճանապարհաշինարարությունը կշարունակվի չորս ուղղություններով. Նինոծմինդա-Հայաստան, Նինոծմինդա-Թբիլիսի, Նինոծմինդա -Ախալցխա, Նինոծմինդա-Թուրքիա: Այս ճանապարհների առկայությամբ Ջավախեթին կդառնա հանգուցային կետ»:

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ տեղական ընտրություններից դժգոհություններին, ապա Ջավախքի նահանգապետը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Որքան էլ դժգոհություններ լինեն, եթե ընտրական հանձնաժողովին ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոք չի ներկայացվում վեց օրվա ընթացքում, հետո արդեն այդ բողոքները չեն ընդունվում: Դա հստակ սահմանված է օրենսդրությամբ, թե ինչ ժամկետներում եւ ինչպես պետք է ներկայացնել բողոքները, որ այդ բողոքները քննարկվեն: Բայց երբ դժգոհությունն արտահայտվում է այնպես, որ գնում են ընտրական հանձնաժողով ու քաոս ստեղծում, ապա դա անիմաստ է»:

Խոսելով Ջավախքի խնդիրներից` նահանգապետը առաջին հերթին նշեց ճանապարհների հարցը: «Ամենասուր խնդիրը ներկա պահին ճանապարհներն են, որոնց կառուցմամբ հնարավոր կլինի տարածաշրջանում լուծել մնացյալ հարցերը` բիզնեսի, սոցիալական խնդիրները: Գյուղացիների համար էլ մեծապես հեշտ կլինի, եթե ճանապարհները կարգին լինեն: Խնդիրներ կան կապված դպրոցների, դրանց վերանորոգումների հետ, բացվում են երկու խոշոր մարզադահլիճներ` Ախալքալաքում եւ Նինոծմինդայում, արդեն գործում են մարզական հրապարակներ, որոշ դպրոցներ վերանորոգվել են, նոր դպրոցներ են կառուցվել»:

Իսկ տարածաշրջանում իրավիճակը բարդացնելու առումով, ըստ Գեորգի Խաչիձեի, մարդիկ միշտ էլ կարելի է գտնել, որոնք կխաղան մեկ այլ երկրի համար: Թե որ երկրին նկատի ունի, Խաչիձեն չպարզաբանեց, միայն շատ թափանցիկ ակնարկեց. «Դե, ունենք մի հսկայական հարեւան, որ մեղմ ասած լավ չի տրամադրված մեր հանդեպ»:

Ջավախքում միջէթնիկական իրավիճակի կտրվածքում, ըստ Ջավախքի նահանգապետի, դժվար է հիշել խնդիրներ: Ջավախքում հայաթափության եւ զուգահեռաբար վրացականացման քաղաքականություն վարելու ու որպես դրա ապացույց վերաբնակեցումներ իրականացնելու առնչությամբ «Ազգի» դիտարկմանը Խաչիձեն պատասխանեց. «Ամեն դեպքում պետությունն է որոշում` ում որտեղ բնակեցնել, բայց եթե կոնկրետ տեղեկություններ չեն բերվում Ջավախքի առնչությամբ, ես չգիտեմ նման փաստեր»:

Հայ-վրացական հարաբերություններն էլ Ջավախքում նահանգապետը հիանալի որակեց: «Հիանալի իրար կողք ապրում են, եւ դա միշտ այդպես կլինի, իսկ եթե ինչ-որ մարդիկ ջուր են պղտորում, ապա դա հիմք չունի: Վրացիները կոսմոպոլիտ են, մեզ ոչ ոք, բացի Ամերիկայից, չի սովորեցնի, թե ինչպես բոլորի հետ ապրել, մենք դա գիտենք»: Սամցխե-Ջավախեթիում ներկա դրությամբ 240 հզ. բնակչություն կա, որից, նահանգապետի խոսքերով, հայերը կազմում են 52-53 տոկոս: «Ինձ համար տարբերություն չկա, այստեղ ապրողը հայ է, հույն, վրացի, ռուս: Մենք այսպես ապրում ենք, մեր ծննդից գիտենք, որ հարեւանն ու մեր ընկերը ռուսն է, հայը, ադրբեջանցին, հույնը, հրեան եւ այլն: Իմ ծննդավայրը Սուրամն է, այնտեղ էլ ես մեծացել եմ հայերի, հույների, հրեաների կողքին, դա ինձ համար սովորական երեւույթ է: Առավել եւս, երբ նման պաշտոն եմ զբաղեցնում, ես չեմ կարող առանձնացնել, թե ով ազգությամբ ինչ է: Նրանք բոլորը Վրաստանի քաղաքացիներ են, եւ դա բավարար է»:

Սամցխե-Ջավախեթիի նահանգապետը «կամաց-կամաց» հայերեն է սովորում: Եվ ամենից շատ, չգիտես ինչու, վրացի նահանգապետին դուր է գալիս հայերենով «Էս ինչ լավն է» արտահայտությունը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ախալքալաք-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4