Վուդրո Վիլսոնի ծննդյան 150-ամյակին
Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ հայ ժողովրդի մեծ բարեկամ, հայանպաստ քաղաքական գործունեություն իրականացրած, ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում, որտեղ ներկայացվեցին հայ ժողովրդի պատմության մի շարք դրվագներՙ հիմնականում կապված Հայկական հարցի լուծման հետ:
Ելույթներով հանդես եկան բուհի իրավաբանական եւ քաղաքագիտության ֆակուլտետի դեկանները, պատմաբան Արմեն Այվազյանը: Իրավաբանական ֆակուլտետի դեկան Թոմ Սամուելյանը ներկայացրեց Վուդրո Վիլսոնի կյանքն ու գործունեությունը, իսկ Արմեն Այվազյանն իր ելույթը նվիրեց Սեւրի պայմանագրի մի շարք դրույթների ներկայացմանը: Բանախոսի գնահատմամբ, այսօր մենք Հայկական հարցի շրջանակներում 4 հիմնական խնդիրներ ունենքՙ Արցախի եւ Ջավախքի հիմնահարցեր, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում եւ հայ-թուրքական հարաբերություններ շրջափակման պայմաններում, որոնց ուղղությամբ ամեն օր նոր զարգացումներ են տեղի ունենում: Սեւրի պայմանագիրը, նրա խոսքերով, ժամանակին տվել է Հայկական հարցի լուծման ճիշտ բանաձեւումը, եւ «եթե ժխտվի Հայկական հարցի լուծման հողային բնույթը, այդ հարցը չի լուծվի»:
Քաղաքագետը համոզված է, որ Սեւրի պայմանագիրն իրավական եւ քաղաքական տեսանկյունից Հայկական հարցի լուծմանը մոտենալու հրաշալի բազա է, եւ մեր քաղաքական այրերը նոր պայմանագրեր կնքելիս պետք է վերարծարծեն Սեւրի պայմանագրում առկա մոտեցումները: Լսարանի հարցին, թե արդյոք Սեւրի պայմանագիրը կատարյա՞լ է, Ա. Այվազյանը պատասխանեց, որ կատարյալ չեն ո՛չ Սեւրի, ո՛չ Կարսի, ո՛չ Մոսկվայի պայմանագրերը, պարզապես ընդունելի են Սեւրի պայմանագրի մոտեցումները:
Թ. Մ.