«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2006-11-02 | #210, 2006-11-03 | #211, 2006-11-04


ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Ո՞Ր ՄՈԴԵԼՆ Է ՄԵԶԱՆՈՒՄ ԿԻՐԱՌԵԼԻ

Հին պրուսական, թե՞ արդի գերմանական

Հանրապետության նախագահի կարգադրությամբ այս տարվա հուլիսին ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովի եւ նրա ստեղծած աշխատանքային 3 խմբերի պատրաստած գիտության ոլորտում բարեփոխումների հայեցակարգի նախագիծն առաջիկա օրերին կդրվի հասարակական քննարկման: Արդեն իսկ հայտնի են այն բոլոր միջոցառումներն ու ժամանակացույցը, որոնց ավարտինՙ հաջորդ տարվա հուլիսի կեսերին, մեր կառավարությունը հոգին պիտի ազատի արդեն երկար ժամանակ կքած այս ծանր բեռից: Ավելի ճիշտՙ պիտի փորձի ազատել, որովհետեւ ինչպես հայտնի դարձավ կրթության ու գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի երեկվա ասուլիսից, աշխատանքային խմբերի մի քանի անդամները փոխնախարարի հետ եղել են Կանադայում ու դեռ էլի պիտի ճամփորդենՙ մինչեւ տարեվերջ պիտի լինեն Արեւելյան Եվրոպայի մի քանի երկրներումՙ Չեխիայում, Հունգարիայում, Լեհաստանում, նաեւ մերձբալթյան երկրներում, որպեսզի սեփական աչքերով տեսնեն, թե ո՞ր երկրի ակադեմիայի մոդելն է ավելի կիրառելի մեզանում, ինչպե՞ս է այնտեղ կառավարվում ու ֆինանսավորվում գիտությունը: «Ինչո՞ւ է կառավարությունն այդքան գումար ծախսում շրջագայությունների վրա, եթե մեր գիտնականների զգալի մասի կարծիքով Հայաստանի համար ամենից ուսանելին գերմանական մոդելն է, որն իր կառուցվածքով բավականին նման է մեր ակադեմիային» «Ազգի» հարցին, պրն Ավետիսյանը պատասխանեց. «Պրուսական ակադեմիական մոդելը շատ տարածված է, գործածվում է Եվրոպայի ավելի քան 60 երկրներումՙ Ավստրիայում, Չեխիայում, Շվեդիայում եւ այլուր, նաեւ նախախորհրդային եւ հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում: Այնպես որ հաշվի չառնել պրուսական մոդելը, կարծում եմ այնքան էլ ճիշտ չի լինի: Այդ մոդելը ժամանակակից իր փոխակերպումներով մեր նյութերում ընդգրկված է: 278 տարի առաջ Ռուսաստան տեղափոխված այս մոդելը ժամանակի եւ իրադրությունների հրամայականով փոխակերպումների է ենթարկվել: Հիմա ո՞րն է ավելի ճիշտՙ հաշվի առնել այս փոխակերպվա՞ծ մոդելը, թե՞ ներկայիս Գերմանիայինը: Ելնելով գիտական ոլորտից բխող օբյեկտիվ ռեալությունից, փոխակերպված մոդելը հաշվի առնելն ավելի ճիշտ է»:

Նրա ասելով, ուշի ուշով ուսումնասիրվել է նաեւ Իսրայելի մոդելը, սակայն Արեւելյան Եվրոպայի երկրների մոդելն իրենց համար «սկզբունքային կարեւորություն ունի», որովհետեւ Հունգարիան ու Չեխիան լինելով Եվրոպայի կենտրոնում, անցման փուլում ունեցել է գրեթե նույն խնդիրները, ինչ մենք ունենք այսօր, պարզապես նրանք ավելի շուտ են սկսել բարեփոխումները:

Ակադեմիկոս Անրի Ներսիսյանը, իհարկե, ճիշտ է համարում տարբեր երկրների փորձն ուսումնասիրելը, որովհետեւ «Եթե մի լուրջ բան ես անում, պիտի սկզբում ուսումնասիրես, հետո եզրակացություններ անես: Մինչ այժմ փոքր ուսումնասիրություն եղել է միայն ՄԱԿ-ի փորձագետների կազմած հայեցակարգում, օտար երկրների փորձը նրանք շատ համառոտ էին ներկայացրել: Իսկ ակադեմիայի նախագահության ներկայացրած հայեցակարգում ոչ մի վերլուծություն չկար, առանց հիմնավորման նշված էին միայն անհրաժեշտ միջոցառումները: Գիտության եւ կրթության նախարարությունը մինչ այժմ հետ էր կանգնել, որովհետեւ ՄԱԿ-ի հայեցակարգը կազմվել էր իր պատվերով: Եթե նոր հայեցակարգ է դրվում հասարակական քննարկման, ուրեմն պետք է շատ լուրջ խոսել, մանավանդ որ ես շատ լավ ծանոթ եմ գերմանական մոդելին: Ակադեմիան որպես կառույց ստեղծվել է Գերմանիայում եւ ժամանակի ընթացքում վերափոխվելով այսօր դարձել է Մաքս Պլանք միավորում, որն ընդունելի է մեզ համար, քանի որ դրանով կվերանան մեզանում եղած բոլոր թերությունները: Այդ մոդելն այսօր շատ բարձր հեղինակություն ունի աշխարհում: Այդ միավորումը շատ ավելի մեծ է մեր ակադեմիայիցՙ ունի մոտ 80 գիտահետազոտական ինստիտուտ, սակայն ունի բյուրոկրատական ավելի փոքր կազմ եւ ավելի քիչ բաժանմունքներ:

Ասեմ, որ Գերմանիայում կան մի քանի ակադեմիաներՙ Բեռլինի, պրուսական եւ այլն, բայց գերմանական մոդել ասելով ես դրանք նկատի չունեմ: Պրուսականը, ինչպես մերոնք են ասում, ակումբ է: Խոսքը դրա մասին չէ, դա արդեն հնացած կառույց է, ոչ այնքան հայտնի: Հավանաբար ես պետք է լսումներ կազմակերպեմ, որպեսզի այդ մոդելը ճանաչելի դառնա մեր գիտական հանրությանը: Այն խորապես ուսումնասիրելու համար բնավ պետք չէ հասնել Գերմանիա, լիարժեք տվյալներ կարելի է ստանալ նաեւ ինտերնետի միջոցով: Բացի այդ Մաքս Պլանք միավորումում այսօր աշխատում են նաեւ հայաստանցի շատ գիտնականներ եւ նրանց հետ կապ հաստատելով կարելի է շատ բան իմանալ», ասում է Անրի Ներսիսյանը:

Թե ի՞նչ անվանում կամ կարգավիճակ կստանա ակադեմիան, նրա համոզմամբ, բնավ կարեւոր չէ: Կարեւորը բովանդակային փոփոխություններն են, որոնք գիտահետազոտական բոլոր ինստիտուտներին հնարավորություն կտան լրջորեն զբաղվելու գիտությամբ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4