ԱՊՀ երկրների Կենտրոնական բանկերի նախագահներըՙ Երեւանում
ԱՊՀ երկրների կողմից 1993 թ.-ին հիմնադրված Միջպետական բանկիՙ երեկ Երեւանում տեղի ունեցած նիստին մասնակցում էին հիմնադիր բոլոր պետությունների Կենտրոնական բանկերի նախագահները: Նիստի ավարտին հաջորդեց ներկայումս միջպետբանկի խորհրդի նախագահող Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատեւի ասուլիսը: Նրանք առանց նախաբանի պատրաստակամություն հայտնեցին պատասխանելու լրագրողների հարցերին:
Տիգրան Սարգսյանը նշեց այն ոլորտները, որտեղ Միջպետբանկը ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Մի քանի տարիների ընթացքում բանկը Հայաստանում 110 մլն դոլարի ծրագրեր է իրականացրել Էներգետիկայի ոլորտում, ինչպես նաեւ «Նաիրիտի» սեփականատեր անգլիական ընկերության տրամադրվել է վարկ: Միջպետբանկի վարկով Երեւանի քաղաքապետարանը ավտոբուսներ է գնել Ուկրաինայից: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը նշեց նաեւ, որ Ռուսաստանի ԿԲ հետ ակտիվորեն համագործակցում են փողերի լվացման դեմ պայքարում:
Ռուսաստանի ԿԲ նախագահ Սերգեյ Իգնատեւը հայտնեց, որ չնայած Ռուսաստանի ԿԲ-ն վարում է ամրագրված փոխարժեքի քաղաքականություն, բայց պատրաստվում է առաջիկա տարիներին անցում կատարել դեպի լողացող փոխարժեքի քաղաքականություն: Աստիճանաբար անցում է կատարվում դրան: Իսկ Հայաստանի Կենտրոնական բանկն, ըստ նրա, ավելի համարձակ է գտնվել այս հարցում, քան իրենք: Ռուսաստանի ԿԲ նախագահը դրական արտահայտվեց նաեւ գնաճի առնչությամբ Հայաստանի ԿԲ-ի քաղաքականության մասին:
Ա. Մ.