«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2006-11-02 | #210, 2006-11-03 | #211, 2006-11-04


ՄԻՇՏ ՆՈՐՈՎԻ ՉԱՐԵՆՑԸ

Եղիշե Չարենցի ստեղծագործությունը անցյալ դարի 20-30-ական թվականներից մինչ օրս եղել է գրական կյանքի ուշադրության կենտրոնում: Գրել են գրականագիտական բազմաթիվ ուսումնասիրություններ ու գրքեր: Իսկ Չարենցիՙ արվեստի հետ առնչվող հարցերը դուրս են մնացել թե՛ գրականագետների եւ թե՛ արվեստագետների ուշադրությունից:

Եվ ահա վերջին տարիներին հրատարակվեցին Ռոբերտ Դավթյանի հինգ գրքերը Չարենցի արվեստապատումի վերաբերյալ: Գրեթե երեսուն տարի շարունակ գրականագետը զբաղվել է Չարենցի արվեստաբանական ու արվեստագիտական գործունեության ուսումնասիրությամբ, հրատարակել մի քանի տասնյակ հոդվածներ ու գրքեր:

Ռոբերտ Դավթյանի «Չարենցը եւ երաժշտությունը» գրքին վաղուց ծանոթ էի եւ մեծ տպավորություն էի ստացել: Գիրքն իմ ուշադրությունը գրավեց իր նորությամբ եւ մեկնաբանման թարմությամբ: Հայ իրականության մեջ թերեւս առաջին անգամ է գիրք գրվում բանաստեղծի ստեղծագործությունների եւ երաժշտարվեստի առնչությունների մասին:

Վերջերս ծանոթացա նաեւ նրա «Չարենցը եւ արվեստը» ծավալուն գրքին, ուր հեղինակը ընդլայնել է Չարենցի արվեստի հետ ունեցած առնչությունների շրջանակները: Գրքում հեղինակն անդրադարձել է դրամատուրգիայի, թատրոնի, կինոյի, երաժշտության, ճարտարապետության ոլորտներում մեծ բանաստեղծի ժառանգությանը: Այսպիսի ընդգրկուն ծավալով կատարել վերլուծություն եւ տալ բանաստեղծի արվեստագիտական ու արվեստաբանական գործունեությունը բացառիկ երեւույթ է հայ արվեստի պատմության եւ գրականագիտության համար:

Ռ. Դավթյանը ուսումնասիրել է բանաստեղծի 85 տարիների գրական եւ արվեստագիտական ժառանգությունը եւ արդյունքը իհարկե շատ մեծ է: Ես որպես երաժիշտ-մասնագետ, ծանոթ եմ Չարենցի խոսքերով գրված երգերին, ղեկավարել եմ նույնիսկ այդ կատարումները: Չեմ կարող իմ հիացմունքը չարտահայտել նաեւ «Չարենցը եւ արվեստը» գրքի մասին: Այդքան հարուստ նյութ, նյութի մասնագիտական վերլուծությունը եւ մատուցումը կարծես վեր է մեկ մարդու հնարավորություններից: Բայց Ռ. Դավթյանին դա հաջողվել է, եւ նա գտել է պոեզիայի եւ երաժշտության համադրման իր յուրահատուկ մեկնաբանությունները, որոնք ընդունելի են հայ երաժշտագետների համար: Թող զարմանալի չթվա, որ ասեմ Ռոբերտ Դավթյանը գտել է երկու արվեստների համադրման նոր ձեւ եւ ինքն էլ դարձել է այդ ուղղության հիմնադիր հեղինակը:

Չարենցը 20-րդ դարի այն հանճարեղ բանաստեղծն է, որի արվեստի բնագավառում կատարած գործունեությունն արժանի է ուսումնասիրման, որը եւ սիրով ու բծախնդրությամբ է կատարել Ռոբերտ Դավթյանը:

Չարենցի պոեզիան ժողովրդի մեջ տարրալուծվում, ընկալվում է բազմազանությամբ, իսկ երաժշտարվեստում բացում գեղարվեստական նոր ընդգրկումների դաշտ: Քանի որ նրա պոեզիան կյանքի համակողմանի ընդգրկումի արդյունք է, ապա այլ արվեստների համար այն բացում է գեղարվեստական նոր ճանապարհ:

Եղիշե Չարենցը ստեղծել է խորապես արդիական, գեղեցիկ, պատկերավոր մտածողությամբ արվեստ, որն իր գեղագիտական, արվեստաբանական վերլուծությունը, գնահատման չափանիշներն ու սկզբունքները տեղ են գտել Ռ. Դավթյանի վերոհիշյալ աշխատության մեջ:

«Չարենցը եւ արվեստը» գիրքը գիտական լուրջ ներդրում է հայ արվեստի պատմության համար:

ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆ, կոմպոզիտոր, պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4