Մայր աթոռ Սբ. Էջմիածնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդյաց տան կրկեսի դպրոցն արդեն 20 տարվա կենսագրություն ունի, իսկ նրա ղեկավար Գեւորգ Գինոսյանն արդեն 30 տարուց ավելի կրթում ու մարզում է կրկեսի արտիստների: Տարբեր տարիների նրա սաները հյուրախաղերի են մեկնել Դուբայ, Լիբանան, Լեհաստան, ԱՄՆ, Կանադա եւ ամենուրեք վաստակել բարձր գնահատանք ու հիացական ծափողջյուններ: ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության հրավերով «Նորք» կրկեսային խմբի սաները մասնակցել են նաեւ ԱՊՀ երկրների առաջին, երկրորդ միջազգային երիտասարդական Դելփյան խաղերին` Ռուսաստանում եւ Մոլդովայում ու վերադարձել ոսկե, արծաթե մեդալներով:
Վերջերս` հոկտեմբերի 24-30-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացան չորրորդ Դելփյան խաղերը: Ինչպես եւ նախորդ տարիներին` Հայաստանից մեկնած պատվիրակության կազմում ընդգրկված էին արվեստի տարբեր ոլորտներում` երաժշտություն (դաշնամուր, ֆլեյտա, ջութակ), երգարվեստ, նկարչություն, վեբ-դիզայն եւ կրկես, իրենց հմտություններն ու արտիստական վարպետությունը ներկայացնող պատանիներ, երիտասարդներ: Տասներեք անձից բաղկացած խումբը վերադարձել է չափազանց ոգեւորիչ արդյունքներով` տասներկու մրցանակով:
Հայաստանյան պատվիրակության կրկեսը ներկայացնող խմբում կրկին Նորքի հայորդյաց տան սաներն էին` Գ. Գինոսյանի գլխավորությամբ: Անի Ապրիյանի եւ Սոնա Շահնազարյանի «Կաուչուկ» ակրոբատիկ համարն արժանացել է ոսկե մեդալի, իսկ օդային մարզիկներ Գայանե Բադալյանի եւ Անի Ծատուրյանի կատարումը` չորրորդ մրցանակային տեղի: Անի Ապրիյանը 2004 թվին Մոլդովայում կայացած Դելփյան խաղերի արծաթե մեդալակիր է, իսկ մյուս փոքրիկներն առաջին անգամ էին մասնակցում մեծ պատասխանատվություն պահանջող մրցաշարի: Հարկ է նշել, որ հայ պատանիները մրցել են Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Մոլդովան եւ Ուզբեկստանը ներկայացնող կրկեսային արտիստների հետ, որոնց թվում եղել են նաեւ վաստակավոր կոչում ունեցողներ (մինչեւ 21 տարեկան): Իսկ գնահատող հանձնախմբի անդամներն ընտրվել են ԱՊՀ տարբեր երկրներից` անաչառության սկզբունքով առաջնորդվելով:
Հայերիս համար չափազանց պատվաբեր է այն փաստը, որ այս տարվա Դելփյան խաղերի արդյունքների ընդհանուր հաշվարկով Հայաստանը հայտնվում է երկրորդ տեղում` Ռուսաստանից հետո, իսկ չորս տարվա արդյունքների ամփոփմամբ` առաջին տեղում:
Այժմ բանակցություններ են ընթանում վեցերորդ Դելփյան խաղերը (2008 թ.) Հայաստանում անցկացնելու վերաբերյալ: Մինչ այդ` 2007 թվին հինգերորդ միջազգային Դելփյան խաղերը կկայանան Բելառուսում, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 23 երկրներ` այս անգամ նաեւ Եվրոպայից:
ԱՆՆԱ ԱԼՈՅԱՆ