Օրերս «Մեդիա» ակումբում երկու կին արվեստագետներ` երգչուհի Լիլիթ Պիպոյանը եւ ռեժիսոր-անիմատոր Նառա Մուրադյանը բարձրաձայն խորհում էին պետություն-արվեստագետ հարաբերությունների, մշակութային խնդիրների, ինչպես նաեւ այսօր կայանալիք «Կապույտ մանուշակ» համերգածրագրի մասին: Համերգի ընթացքում տեղի կունենա նաեւ համանուն տեսաերիզի ցուցադրությունն առաջին անգամ, որը եւս նվիրված է Լիլիթ Պիպոյանի հոր հիշատակին: Լիլիթը հիշեց, թե ինչպես ընդամենը մեկ տարի առաջ իր հայրը երգում էր 70-ականներից հայտնի «Կապույտ մանուշակ»-ը, որ անգլերեն թարգմանվում է տխուր ծաղիկ: Երկու արվեստագետներն էլ հավաստում են, որ իրենց արվեստները հարազատ են իրար` յուրահատուկ ոճով ու ասելիքի անկեղծ մատուցմամբ, անկաշկանդ, բայց իմաստուն ազատականությամբ:
Բանախոսները նշեցին նաեւ ազգային արվեստի ցածր պահանջարկի մասին, որ գալիս է նաեւ ապազգային մտածելակերպից: Վերջինս այդքան ցայտուն է պետական հովանի վայելող հեռուստաալիքում: «Ողջ խնդիրը վաճառվող ապրանք լինել-չլինելու մեջ է, թե չէ մեծ լսարանի պահանջարկ համարվող «ապրանքը» մատուցողն ինքն էլ գիտի իրական արվեստի տեղը, պարզապես այդ կարգի արվեստը ավելի բարձր դարակներում է դրված եւ ոչ միշտ է հասու միջինից ցածր երաժշտական ճաշակ ունեցող լսարանի համար», համոզված են կանայք, ովքեր դեմ են արվեստը եկամտի աղբյուր դիտարկելուն: Իսկական արվեստը ծնվում է ինքնաբուխ, եւ ստեղծագործողի խնդիրը չէ այն լսարանին հասցնելը, համոզված էին Լիլիթն ու Նառան: «Ազգի» հնչեցրած հարցին, թե «Ո՞վ պետք է ձեր արվեստը հասցնի լսարանին», նրանք պատասխանեցին` պրոդյուսերները, միաժամանակ ընդգծեցին, որ պրոդյուսերական «շկոլա» մեզ մոտ չկա եւ դեռ մի 10 տարի էլ երեւի չի լինի: Մյուս կողմից էլ Լիլիթ Պիպոյանը նշեց Կարինե Խոդիկյանի եւ «Շարմ», «Արմենակոբ» ընկերությունների այն ղեկավարների անունները, ովքեր աջակցեցին առաջիկա համերգի իրականացմանը: Այսպես թե այնպես, Լիլիթ Պիպոյանի հակասական տրամադրությունն իր տրամաբանական ավարտին հասավ հետեւյալ նախադասությամբ. «Առաջին համերգի կազմակերպումն է, որ այսքան դժվարություններ ու ջանք պահանջեց, էլ էդպիսի հոգս իմ ուսերին չեմ վերցնելու»:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ