«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2006-11-02 | #210, 2006-11-03 | #211, 2006-11-04


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԵՂԻՇԵ ՊԱՀԼԱՎՈՒՆՈՒ «ՅՈՒՇԱՄԱՏԵԱՆ»-Ը

Վերջերս «Մուղնի» հրատարակչությունից լույս է տեսել դաշնակցական գործիչ, Բաքվի հայոց 1918 թ. ինքնապաշտպանության գլխավոր դեմքերից, Հայաստանի առաջին հանրապետությունում պետական պաշտոններ զբաղեցրած Եղիշե Պահլավունու «Յուշամատեան»-ը: 17x24 չափսի 279 էջ (հրատարակչական տվյալներում տպվել է` «304 էջ», որը սխալ է) ծավալով հատորը խմբագրել է Եղիշեի որդին` «Ամերիկայի ձայնի» հայկական բաժնի երկարամյա խմբագիր Նորայր Պահլավունին:

Հատորը սկսում է Ե. Պահլավունու լուսանկարով, խմբագրի «Շնորհակալիք»-ով եւ հրատարակչության խոսքով: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի «Առաջաբանում» (էջ 9-13), պատմագիտության տեսանկյունից արժեւորվում է այս հատորը, որը «գալիս է նոր լոյս սփռելու անցեալ դարի առաջին քառորդի խռովայոյզ իրադարձությունների վրա, ինչու չէ, նաեւ` սրբագրելու հանրայայտ դէպքերի ու դէմքերի հետ կապուած առանձին դրուագներ», իսկ Ե. Պահլավունու հեղինակած հոդվածները «նոր խօսք են պարունակում յատկապէս 1918 թ. Արեւելեան Անդրկովկասի պատմութեան փոթորկուն ժամանակաշրջանի վերաբերեալ» (էջ 10): «Պատմագիտական արժէքից զատ, հրատարակուող գիրքն ունի դաստիարակչական մեծ նշանակութիւն», ավելացնում է Ա. Մելքոնյանը: Հիրավի, այսօր հայ ո՞ր ղեկավարը կվարվեր ՀՅԴ հիմնադիրներից Ռոստոմի (Ստեփան Զորյան) նման, որի անանձնականությունը անցնում է նույնիսկ երեւակայության սահմանը. իրեն մատուցվող ջրի ամբողջ պաշարը տալիս է ծարավից այրվող հայ մարտիկներին, իր ու իր ուղեկիցների ձիերը տալիս է քահանային, վերջինիս ընտանիքին ու այլ գաղթականների` նախընտրելով տասնյակ կիլոմետր քայլել փոշու մեջ... նման փաստերը քիչ չեն այս հատորում:

Խմբագրի «Խօսք որդիական»-ին (էջ 15-21) հաջորդում է բուն հատորը, որը բաժանված է երկու մասի` «Անդրադարձներ եւ վկայութիւններ» (էջ 23-90) եւ բուն հուշերը: Առաջին մասում տեղ են գտել այլոց հոդվածների եւ հուշերի վերաբերյալ Ե. Պահլավունու պարզաբանումները մամուլում, Ե. Պահլավունու մասին հիշատակություններ տարբեր հրատարակություններում, ինչպես նաեւ Ե. Պահլավունուն առնչվող ռուսերեն փաստաթղթեր` հայերեն թարգմանությամբ: Երկրորդ մասի առաջին հրապարակումները վերաբերում են Բաքվի 1918 թ. հերոսամարտին, մյուս հրապարակումները` հեղինակի ծննդավայր Իգդիրին: Ուշագրավ է, մասնավորապես, «Կարսի անկումից յետոյ» հուշագրությունը (էջ 159-203), որը հեղինակի ոդիսականն է Միջին Ասիայում եւ Խ. Հայաստանում` խորհրդային վարչակարգի առաջին տարիներին: Պատմագիտական մեծ արժեք ունեն հուշերը հակախորհրդային ընդհատակի, Ալ. Մյասնիկյանի ու Խ. Հայաստանի Չեկայի պետի հետ հանդիպումների մասին:

Հատորը հարուստ է լուսանկարներով, որոնց մեծ մասը լույս է տեսնում առաջին անգամ:

Եթե դասական ուղղագրությամբ լույս տեսած գրքի ուղղագրական եւ խմբագրական կատարումը կարելի է ընդունելի համարել, նույնը չի կարելի ասել տեղանունների եւ հատկապես անձնանունների ցանկերի մասին, որոնք տեղ են գտել հատորի վերջում: Կան զգալի սխալներ ու բացթողումներ. օրինակՙ «Անուանացանկ»-ում զօրավար Անդրանիկի հիշատակման էջեր են նշված միայն էջ 9-ը եւ 29-ը (էջ 265), մինչդեռ նա հիշատակվում է նաեւ էջ 39, 63-66 եւ 68-ում:

Ե. Պահլավունու «Յուշամատեան»-ն ընթերցվում է հետաքրքրությամբ:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4