«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2006-11-02 | #210, 2006-11-03 | #211, 2006-11-04


ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈԼՈՐ 28 ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԸ 4,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՆԴԻՑ

«Լինսի» հիմնադրամի բացառիկ հատկացման շնորհիվ Միացյալ հայկական ֆոնդը 4,5 մլն դոլար է նվիրել Լիբանանի հայկական բոլոր 28 վարժարաններին: «4,5 միլիոնի այս աննախընթաց նպաստը մեծ մասամբ պիտի փարատի հայկական վարժարանների նյութական ծանր բեռը, որ մնացել է տագնապահար լիբանանահայ համայնքի ուսերին: Աշխարհատարած հայությունը պետք է օգնության ձեռք մեկնի այս կենսական համայնքին, որը օժանդակության կարիք ունի: Այսօր նեցուկ կանգնելով հայկական վարժարաններինՙ մենք ներդրում կկատարենք հայ մշակույթի ոչ միայն գոյատեւման, այլեւ զարգացման մեջ», ստացված տեղեկատվության համաձայն, նշել է Միացյալ հայկական ֆոնդի նախագահ Հարութ Սասունյանը:

Միացյալ հայկական ֆոնդի նվիրատվությունը պետք է ծառայի երեք գլխավոր նպատակների: 3,2 մլն դոլարը նախատեսվում է հիշյալ 28 վարժարանների ուսանողների մոտ 75 տոկոսի կրթաթոշակների ամբողջական կամ մասնակի վճարման համար, 757 հազար դոլարն ուղղվելու է 536 ուսուցիչների եւ մյուս պաշտոնյաների աշխատավարձերի մարմանը, որոնք շատ վարժարաններում չեն վճարվել դեռ անցյալ տարվանից, իսկ 513 հազարը հատկացվելու է 28 դպրոցների զանազան կարիքների համար: Հարութ Սասունյանն ընդգծել է, որ նյութական այդ օժանդակությունն անխտիր տրվելու է կրթական բոլոր հաստատություններին, որոնք են ինը ազգային վարժարանները, յոթ ավետարանական եւ վեց կաթողիկե դպրոցները, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը պատկանող երեք դպրոցները, Թեքեյան մշակութային միության Վահան Թեքեյան վարժարանն ու Հայ կրթական բարեսիրական միությանը պատկանող հաստատությունը:

Հիշեցնենք, որ Միացյալ հայկական ֆոնդը 1989 թ-ից 140 թռիչքներով եւ 1359 ծովային արկղերով 4 հարյուր 47 միլիոն արժողությամբ մարդասիրական նպաստ է ուղարկել Հայաստան:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4