«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2006-11-02 | #210, 2006-11-03 | #211, 2006-11-04


ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՎՆ

Հայաստան-սփիւռք 3-րդ համաժողովի ընթացքում բազմիցս խօսուեց սփիւռքահայերի փոքրաթիւ ներգաղթի, ինչպէս նաեւ քննարկուեցին ապագայում ներգաղթողների թիւը բարձրացնելու հնարաւոր միջոցները:

Իսրայէլի կառավարութիւնում կայ մի պորտֆէյլ, որը չկայ միւս պետութիւններում: Դա ներգաղթի նախարարութիւնն է: Հայերից ոմանք, իրենց ունեցած ոչ ճշգրիտ տեղեկութիւնների պատճառով, այն շփօթում են «սփիւռքի նախարարութեան» հետ եւ պահանջում են ՀՀ կառավարութիւնից բացել նման նախարարութիւն:

Իսրայելի հիմնադրումից ի վեր, նրա պետականութեան գերխնդիրներից է եղել սփիւռքում գտնուող հրեաների ներգաղթի կազմակերպումը: Այդ առումով, Իսրայէլը հասել է մեծ յաջողութիւնների: (Իսրայէլի ազգաբնակչութեան գրեթէ 75 %-ը կա՛մ ներգաղթողներ են, կա՛մ նրանց երկրորդ սերունդը): Աւելին, այսօր գրեթէ գոյութիւն չունեն հրէական աւանդական երկու կարեւոր գաղթօջախներ: Առաջինըՙ իսլամական երկրներում ապրող հրէական մեծաթիւ գաղութը (Մարոկկո, Թունիս, Եմեն, Իրաք, Թուրքիա, Իրան եւ այլն), իսկ միւսը նախկին Խորհրդային Միութեան պետութիւններում ապրող հրէական երկրորդ մեծաթիւ գաղութն է: Նշենք որ մի քանի միլիոնի հասնող այս ներգաղթը կազմակերպուել է ներգաղթի նախարարութեան անմիջական կազմակերպութեամբ:

Իսրայէլը (կամ հրեաները), որպէս օրինակ, քանիցս յիշուեցին համաժողովի քննարկումների ընթացքում: Արդ, հարց է առաջանում, թէ ինչ օրինակ կարող է Հայաստանը վերցնել Իսրայէլից:

Հայ ժողովուրդը Կիլիկիայի թագաւորութեան կործանումից ի վեր չի ունեցել պետականութիւն եւ այդ ժամանակահատուածում եղել է օտարի լծի տակ կամ կառավարուել է դրսիցՙ օտար կառավարիչների կողմից: Ներկայումս Աստծոյ կամքով ունենք 15-ամեայ անկախ եւ կայացած պետականութիւն: Սակայն հայերս պատկանում ենք այն փոքրաթիւ ազգերի թուին, ովքեր ցրուած են աշխարհով մէկ: Հայերի միայն մէկ-երրորդ մասն է ապրում իր հայրենիքում. իւրաքանչիւր երեք հայից միայն մէկը: Հրեաները եւս, մինչեւ 2006 թուականը պատկանում էին այդ ազգերի թուին, սակայն 2006 թուականի վիճակագրութեան համաձայն, սփիւռքում եւ Իսրայէլում բնակուող հրեաների թիւը հաւասարուել է եւ յառաջիկայում վերջիններիս թիւն աւելանալու է բնական աճի եւ հրէական սփիւռքից շարունակուող ներգաղթի հաշուին:

Համագումարի վերջին նստաշրջանի ընթացքում, որը կրում էր «Սփիւռք 2020 թ.» խորագիրը, Գագիկ Յարութիւնեանը իր խօսքում գործնական մի առաջարկութիւն կատարեցՙ Սփիւռքի նախարարութիւն բացելու փոխարէն հիմնել Սփիւռք-Հայաստան համագործակցութեան պետական մարմին, որը ունենայ նաեւ իր ենթայանձնախմբերը եւ որի կառավարման մարմնում ընդգրկուեն Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի մեր հայրենակիցները: Ապա դահլիճում անցկացուած ոչ պաշտօնական քուէարկութիւնը ցոյց տուեց, որ այդ մարմնի ստեղծման կողմնակիցները աւելի էին, քան Սփիւռքի նախարարութիւն բացելու կողմնակիցները:

Որեւէ ծրագիր իրականացնելու համար կարեւոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր եւ մշակել հայեցակարգային ծրագրեր: Քննարկումները հիմք են տալիս ենթադրելու, որ մօտ ապագայում Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնները կարգաւորող եւ համակարգող պետական մի մարմին պէտք է ստեղծուի, սակայն հարցն այն է, թէ ի՞նչ հնարաւոր կոնկրետ քայլեր կարելի է անել այդ մարմնի ստեղծումից յետոյ: Այստեղ ես ուզում եմ խօսել այդ քայլերից մէկի մասինՙ կրկին Իսրայէլը ունենալով որպէս օրինակ:

Անառարկելի փաստ է, որ ներգաղթի հետ միասին առաջանում է ներգաղթողներին տեղական հասարակութիւն ինտեգրելու հիմնախնդիրը: Իսրայէլը այս հիմնախնդիրը լուծել է բանակի միջոցովՙ համարելով այն ինտեգրմանը նպաստող կարեւոր կառոյց: Բանակը, սակայն, այդ նպատակին արդիւնաւէտ ծառայել է մինչեւ 80-ական թուականները: Այժմ Իսրայէլի երիտասարդների մօտ 40%-ը խուսափում է պարտադիր զինուորական ծառայութիւնից: Արդիւնքում, բանակը տարիների ընթացքում իր վրայ դրուած ինտեգրատորի անուղղակի «առաքելութիւնը» փոխանցել է համալսարաններին եւ կրթական միւս հաստատութիւններին (քոլեջներ, ուլպաններ եւ այլն): Այժմ, բոլոր ներգաղթողներն ունեն համալսարանի նախապատրաստական բաժնում անվճար սովորելու իրաւունք, ինչպէս նաեւ կրթաթոշակներից օգտուելու առաջնահերթութեան առանձնաշնորհում: (Ի դէպ, Իսրայէլում կրթաթոշակներ տրամադրող ընկերութիւնները եւ անհատները անհամեմատ շատ են):

Հայաստանի պարագայում, այս առումով, շատ նպաստաւոր են արդէն գոյութիւն ունեցող Հայ-ամերիկեան, Հայ-սլաւոնական եւ Հայ-ֆրանսիական համալսարանները: Սակայն, ցաւօք սրտի, գոյութիւն ունեցող այս երեք համալսարանները չեն կարող ապահովել Սփիւռքում գտնուող մեր հայրենակիցների մի ստուար հատուածի ուսումնառութիւնը հայրենիքում:

Մեծ թիւ կազմող հայկական սփիւռք գոյութիւն ունի Միջին Արեւելքում: Մօտ 200.000-250.000 հայեր են ապրում այդ տարածաշրջանում, որն էլ մեզ յուշում է, որ գոյութիւն ունեցող համալսարանների կողքին պէտք է հիմնել նաեւ Հայ-արաբական համալսարան, որը կարող է ոչ միայն մղիչ ուժ հանդիսանալ Միջին Արեւելքում ապրող մեր հայրենակիցների ներգաղթին, այլ կարող է նաեւ վերածուել հայ եւ արաբ ժողովուրդների բարեկամութեան խորհրդանիշի:

Մեծ թուով հայեր են ապրում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում (80.000-100.000): Հայ-Իրանական համալսարանի հիմնադրումը ոչ միայն կարող է խթանել իրանահայերի ներգաղթին, այլեւ յանձնարարելի է ներկայիս հայ-իրանական քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացման տիրոյթում:

Ի վերջոյ, Սփիւռքում գոյութիւն ունեն մեծ թուով իսպանախօս սփիւռքահայեր. Իսպանիայից բացի մեծ թուով իսպանախօս սփիւռքահայեր են ապրում Լատինական Ամերիկայում (Արգենտինա, Ուրուգուայ, Չիլի, Վենեսուելա): Նրանց թիւը հասնում է մօտաւորապէս 150.000-ի: Առ այդ, այսօրուայ հրամայականն է հիմնել Հայ-իսպանական համալսարան, որը ոչ միայն կը ծառայի իսպանախօս սփիւռքահայերի իրենց հայրենիքում սովորելու եւ տեղական հասարակութեանը ինտեգրուելուն, այլ նաեւ կը նպաստի Հայաստան-Իսպանիա գրեթէ գոյութիւն չունեցող քաղաքական եւ տնտեսական կապերի ստեղծմանն ու զարգացմանը:

Այս երեք համալսարանների հիմնումը կարելի է նկատել հրամայական եւ կարեւոր կոնկրետ քայլերից մէկը, որոնք կոչուած կը լինեն ոչ միայն ներգաղթի խթանմանը, այլ նաեւ կը հանդիսանան ներգաղթողների ինտեգրատորներ եւ միաժամանակ այդ ժողովուրդների հետ բարեկամութեան խորհրդանիշներ:

Սակայն արժանի եմ համարում յաւելել մի նկատառում եւս. որպէսզի այդ համալսարանները գործեն արդիւնաւէտ եւ վստահութիւն ներշնչեն սփիւռքում ապրող մեր հայրենակիցներին, ինչպէս նաեւ իրականացնեն իրենց վրայ դրուած ինտեգրման յաւելեալ պարտականութիւնը, պէտք է դասընթացները ընթանան այդ լեզուներով (տուեալ պարագային արաբերէն, պարսկերէն եւ իսպաներէն): Աւելին, առաւելագոյն մակարդակ ապահովելու համար պէտք է դրսից հրաւիրել սփիւռքահայ եւ օտարազգի դասախօսներ, իսկ համալսարանների տնօրինութիւնը յանձնել սփիւռքահայերին:

ՀՈՎՆԱՆ ԱԲԵՂԱՅ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ, Երուսաղէմի Հայոց Սրբոց Յակոբեանց միաբանութեան անդամ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4