«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2006-11-02 | #210, 2006-11-03 | #211, 2006-11-04


ՈՎ ԿԼԻՆԻ ԵՐՐՈՐԴ ԱՎԵԼՈՐԴԸ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության ավարտին մնացել է երկու տուր: Այսօր կկայանան նախավերջին տուրի հանդիպումները: Անկասկած, տուրի կենտրոնական հանդիպումը երկրի չեմպիոն «Փյունիկի» եւ «Արարատի» մրցավեճն է, որ տեղի է ունենալու «Հանրապետական» մարզադաշտում: Մարզական առումով հանդիպումը «Փյունիկի» համար առանձնակի նշանակություն չունի, իսկ «Արարատի» համար այն չափազանց կարեւոր է: Ինչպես հայտնի է, արարատցիները համառ պայքար են մղում առաջնության պարգեւների համար: Մրցանակային տեղերի համար պայքարում նրանց գլխավոր մրցակիցներն են «Բանանցն» ու «Միկան»: Առաջնության վերջնագծում բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: «Բանանցը» 2 միավորով գերազանցում է «Միկային», վերջինս էլ նույնքան միավոր ավելի է վաստակել, քան «Արարատը»: Եվս մեկ հետաքրքրական փաստ. ավարտական տուրում միմյանց հետ կմրցեն «Արարատն» ու «Միկան»: Այնպես որ շատ հետաքրքրական վերջաբան է սպասում:

Առաջնության մեդալների համար մրցապայքարը չափազանց սրվեց շնորհիվ արարատցիների հաջող մրցելույթների: Երկրորդ շրջանի ավարտից հետո, երբ «Արարատը» գլխավորեց մեր առաջատար մարզիչներից մեկը` Վարուժան Սուքիասյանը, արարատցիները կերպարանափոխվեցին` բռնելով վերելքի ուղին: Բավական է նշել, որ Սուքիասյանի գլխավորությամբ անցկացրած 12 հանդիպումներում «Արարատը» տոնել է 10 հաղթանակ, 1 խաղ ավարտել ոչ-ոքի, կրել մեկ պարտություն: Իրոք որ տպավորիչ արդյունք է, որի շնորհիվ «Արարատին» հաջողվեց կրճատել միավորների տարբերությունը «Միկայից» եւ «Բանանցից»: Ընդ որում, 3-րդ շրջանի խաղը «Փյունիկի» հետ «Արարատն» ավարտել է ոչ-ոքի (1-1), իսկ «Միկային» հաղթել է 3-2 հաշվով:

Այսօրվա հանդիպումը փյունիկցիների հետ չափազանց կարեւոր նշանակություն ունի արարատցիների համար: Նույնիսկ ոչ-ոքի արդյունքը կարող է նրանց զրկել մեդալներից, եթե այս տուրում արարատցիների գլխավոր հակառակորդները հաղթանակներ տանեն: Իսկ նրանց հաղթելու հնարավորությունները բարձր են: «Միկան» սեփական հարկի տակ հյուրընկալելու է «Ուլիսին», իսկ «Բանանցը» «Հրազդանում» ուժերն է չափելու «Կիլիկիայի» հետ: Այնպես որ, մեդալների համար պայքարը շարունակելու համար արարատցիներին միմիայն հաղթանակ է անհրաժեշտ:

Բավական լարված ու անզիջում պայքար է ընթանում նաեւ «Ուլիսի» եւ «Շիրակի» միջեւ վերջին տեղից խուսափելու համար: Ինչպես հայտնի է, վերջին տեղը զբաղեցրած թիմը մրցակարգի համաձայն պետք է անցումային խաղում առաջին խմբում 2-րդը ճանաչված «Դինամոյի» հետ վիճարկի բարձրագույն խմբի ուղեգիրը: Առայժմ «Շիրակը» մեկ միավորով է զիջում «Ուլիսին»` եզրափակելով աղյուսակը: Այսօր շիրակցիների համար վճռորոշ նշանակություն ունի «Գանձասարի» հետ Գյումրիում կայանալիք հանդիպումը:

Վերջին տարիների համեմատ ընթացիկ մրցաշրջանում բավական սուր մրցակցություն է ծավալվել նաեւ լավագույն ռմբարկուի կոչման համար: Նախորդ տուրում այդ կոչման գլխավոր հավակնորդներն աչքի ընկան բարձր արդյունավետությամբ: Նշան Էրզրումյանը ֆուտբոլային «պոկերի» հեղինակ դարձավ, իսկ Արամ Հակոբյանը 3 գոլ խփեց: Այժմ Նշանը 22 գնդակով գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը, իսկ Արամը նրան զիջում է ընդամենը մեկ գնդակով: Ինչ խոսք, Նշանին վերջին երկու խաղերում ավելի լուրջ մրցակիցներ են բաժին ընկել հանձինս «Փյունիկի» եւ «Միկայի»: Իսկ ահա «Բանանցը» մրցելու է «Կիլիկիայի» եւ «Ուլիսի» հետ: Նշենք, որ վերջին անգամ ՀՀ առաջնություններում 20 եւ ավելի գոլ խփել էին Գալուստ Պետրոսյանն ու Էդգար Մանուչարյանը, որոնք 21-ական գնդակով ճանաչվել էին 2004 թ. առաջնության լավագույն ռմբարկուներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4