«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2006-11-02 | #210, 2006-11-03 | #211, 2006-11-04


ԷԴԳԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՆ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ «ԱՅԱՔՍՈՒՄ»

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը «Այաքսի» կազմում հաջող հանդես եկավ ավստրիական «Աուստրիա» թիմի հետ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության հերթական խաղում: Էդգարը փոխարինման մտավ 57-րդ րոպեին, իսկ ութ րոպե անց դարձավ գոլի հեղինակ` կրկնապատկելով հաշիվը, որը բացել էր Կլաս Յան Խունտելարը: Վերջինս նաեւ 3-րդ գոլը խփեց եւ «Այաքսը» հաղթեց խոշոր` 3-0 հաշվով:

Բուխարեստի «Ռապիդի» կազմում էլ հանդես եկավ Արտավազդ Քարամյանը: Նա մասնակցեց Իսրայելում տեղի «Հապոելի» հետ հանդիպմանը, որն ավարտվեց ոչ-ոքի (2-2): 68-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը փոխարինվեց:

Հետաքրքրական դեպք տեղի ունեցավ «Պարտիզան»-«Լիվոռնո» խաղում: Հյուրերը խաղը տանուլ էին տալիս 0-1 հաշվով, երբ 88-րդ րոպեին տուգանային հարվածի իրավունք ստացան: Դաշտի տերերի տուգանային հրապարակում խաղընկերներին միացավ նաեւ «Լիվոռնոյի» դարպասապահ Մարկո Ամելիան` սեփական դարպասը թողնելով անպաշտպան: Բայց նրա համարձակ քայլն արդարացված էր: Տուգանայինի խաղարկումից հետո հենց Ամելիան գլխի հարվածով գրավեց իր գործընկերոջ պաշտպանած դարպասը` փրկելով «Լիվոռնոյին» պարտությունից (1-1):

Կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. «Տոտենհեմ»-«Բրյուգե»` 3-1, «Դինամո» Բուխարեստ-«Բեշիքթաշ»` 2-1, «Գլազգո Ռեյնջերս»-«Մաքաբի»` 2-0, «Բրագա»-«Սլովան»` 4-0, «Գրասհոպեր»-«Ալկմաար»` 2-5, «Հերենվեն»-«Օդենսե»` 0-2, «Լանս»-«Օսասունա»` 3-1, «Բլեքբյոռն»-«Բազել»` 3-0, «Նանսի»-«Վիսլա»` 2-1, «Վարեգեմ»-«Սպարտա»` 3-1, «Մլադա»-«Պանատինաիկոս»` 0-1, «Պալերմո»-«Նյուքասլ»` 0-1, «Սելթա»-«Այնտրախտ»` 1-1:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4