Անցած ուրբաթ «Ֆրիդոմ հաուզ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, պատճառաբանելով, որ Հայաստանը չի կատարել կորպորացիային տված այն խոստումը, որով պետք է բարելավեր ինստիտուցիոնալ հավատարմությունը ժողովրդավարությանը եւ ընդդիմության հանդեպ հանդուրժողականությունը` «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային կոչ էր արել դադարեցնել Հայաստանին հատկացվելիք օգնությունը: Գարնանը կորպորացիայի հետ Հայաստանի համաձայնագիրը ներկայացնողներից մեկից` ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանից ճշտեցինք նրա տեսակետն այդ կոչի վերաբերյալ. «Իրենց խնդիրն է հայտարարություն անել, բայց հույս ունեմ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան կընդունի այն որոշումը, որը մեր եւ իրենց պայմանավորվածությամբ մի խումբ ցուցանիշների կեսից ավելիի հիման վրա պետք է լինի: «Ֆրիդոմ հաուզի» հայտարարությունը միայն երկու ցուցանիշով է, իսկ այդ խումբ ցուցանիշները 6-ն են, մյուս ցուցանիշներում միայն «կանաչ» ունենք, որեւէ պրոբլեմ, խնդիր չկա (խոսքը տնտեսական ցուցանիշներին է վերաբերում-Մ.Խ.), քաղաքական ցուցանիշները եւս 6-ն են. մոտ երեքը կամ երեքից ավելի պետք է կարմիր լինեն (համենայն դեպս` այդպես էին մեզ բացատրում), որ նոր միայն Հայաստանը չընդգրկվի ծրագրում: Թե ինչպիսի որոշում կընդունի կորպորացիան` չեմ կարող ասել»: Իսկ թե ինչո՞ւ է «Ֆրիդոմ հաուզը» նման հայտարարություն արել, ըստ Վարդան Խաչատրյանի, դժվար է ասել, որովհետեւ հանրաքվեից հետո 2005 թվականի գնահատականում արդեն «կարմիր» ցուցանիշն ընդգրկված է եղել, բոլոր կայքերում այդ ցուցանիշն առկա է. «Իրենք ինչ-որ գրել են` դա շատ կասկածելի է եւ մեկնաբանելու խնդիր է, որովհետեւ մենք բոլորս` եւ կորպորացիան, եւ «Ֆրիդոմ հաուզը», կարող էինք նայել այդ ցուցանիշներին միայն 2007 թվականի ընտրություններից, այսինքն` կոնկրետ գործողություններից հետո, իսկ հիմա եթե հայտարարում են, թե լավ չի արվում կամ վատ է արվում, պետք է գոնե բացատրեն` ինչի՞ հիման վրա է այդ եզրակացությունն արվում», տարակուսեց նախարարը:
Իսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արդեն բավական կոշտ անդրադարձել են այդ հայտարարությանը, մեջբերենք դրանցից հատկանշականները: Արտաշես Գեղամյան. «Ցավում եմ, որ «Ֆրիդոմ հաուզը» հաշվի չի առել հետեւանքները. ոչ լեգիտիմ իշխանությունները մեր ազգին ու ժողովրդին կասեն, թե տեսեք, ինչքան շատ էր ընդդիմության ատելությունը, որ հայ գյուղացուն զրկեցին օգնությունից»: Իսկ այդ ծրագրի ֆինանսներով բավականին շատ աշխատանք պետք է իրականացվեր Հայաստանի գյուղական վայրերում:
Նույն կերպ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ եթե «Հազարամյակի մարտահրավերը» անսա այդ կոչին եւ դրամական միջոցներ չհատկացնի` կպատժվի ոչ թե Հայաստանի իշխանությունը, այլ հասարակ ժողովուրդը: Իսկ ըստ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի` այդպիսով փորձ է արվում ճնշում գործադրել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի վրա, իսկ այն հիմնավորումները, որ բերվել են հայտարարության մեջ, բացարձակապես զուրկ են հիմքից, եւ դա քաղաքական նպատակներ հետապնդող հայտարարություն է:
Հիշեցնենք, որ «Ազգը», գարնանն անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավերների» հետ կնքված պայմանագրին, այսպիսի վերնագիր էր ընտրել հրապարակման համար. «Դրամաշնորհ ուտելը լավ է, բայց ուտելիս մարսողությունը կարող է խանգարվել»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ