Արցախի ժուռնալիստների միության կազմակերպած հերթական կլոր սեղանը նվիրված էր հանրային կյանքում մտավորականության ունեցած դերին:
Ընդգծվեց հասարակական-քաղաքական կյանքում մտավորականության պասՍիվ դերակատարությունը, որը պայմանավորված է մի շարք գործոններով:
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայրենիք» թերթի խմբագիր Վահրամ Աթանեսյանի կարծիքովՙ մտավորականները հիմա հանրային կյանքում պահանջված չեն, որովհետեւ ներազդեցության լծակները քաղաքական եւ տնտեսական ուժ ունեցող անձանց ձեռքին են: Մտավորականության հանրային առաքելության խորհրդային կարծրատիպերը ներկա հասարակարգում չեն կարող նույն նշանակությունը ունենալ, ուստի խնդրին հին չափանիշներով մոտենալը սխալ է: Նա ցավ հայտնեց, որ մտավոր խավի, առանձնապեսՙ ստեղծագործական, ներկայացուցիչների միջեւ հաճախ անջրպետներ կանՙ կապված նրանց քաղաքական հայացքների զանազանության հետ: Իսկ այդպիսի պայմաններում անհնար է խոսել մտավորականության համախումբ ակտիվության մասին:
Նույնպես ԼՂՀ խորհրդարանի անդամ, «Դեմո» երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի համոզմամբՙ բնավ պետք չէ, որպեսզի մտավորականները գտնվեն պետության կառավարման համակարգում, որպեսզի նրանք արժեւորվեն: Հիշատակելով գրող-պատմաբան Բագրատ Ուլուբաբյանի մեծավաստակ գործունեությունը, նա նշեց, որ ներկա ժամանակներում դժվար է նոր ուլուբաբյաններ գտնել, որովհետեւ մտավորականության նկատմամբ ներկայումս գազոնային քաղաքականություն է տարվում: Իսկ ընդհանրապես, առնվազն մեկ սերնդի փոփոխություն է պետք, որպեսզի ձեւավորվի մտավորականության նորովի մտածողությունը:
ԼՂՀ նախագահին առընթեր էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ, «ճՑՏ ՊպսՈՑՖ?» հեղինակային թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանը իբրեւ պարտադիր պայմանՙ կարեւորեց մտավորականի բարոյական բարձր նկարագիրը:
Երիտասարդական կազմակերպության անդամ, լրագրող Նորայր Հովսեփյանը շեշտը դրեց հայ էթնոսում մտավոր ներուժի անընդհատությանը, նշելով, որ անգամ Եղեռնից հետո, երբ գլխատվեց մտավորականության արեւմտահայ հատվածը, մտավորական խավը կրկին ծլարձակեց:
«Մանկավարժ» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախի պետհամալսարանի դասախոս Արտակ Ղուլյանը ուշադրություն հրավիրեց գյուղական մտավորականության խնդիրներին, կոչ անելով դեմքով շրջվել դեպի այս խավը: Իսկ ԼՂՀ նկարիչների միության նախագահ Լենորդ Զախարյանը առաջարկեց հիմնել մտավորականների միությունՙ որպես հասարակական կառույց, ինչը կլոր սեղանի մասնակիցները տվյալ փուլում ոչ նպատակահարմար գտան: Դրա փոխարեն ընդունվեց որոշումՙ ԼՂՀ-ում առկա ստեղծագործական միությունների ու այլ ՀԿ-ների ղեկավարների մակարդակով առաջիկայում կազմակերպել շահագրգիռ քննարկումներՙ մտավորականության դերի հետագա բարձրացման եւ, առհասարակ, նրանց համախմբման վերաբերյալ: Այս նախաձեռնության կազմակերպման պարտավորությունը ստանձնեց Արցախի ժուռնալիստների միությունը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ