«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2006-11-03 | #211, 2006-11-04 | #212, 2006-11-07


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԲՈԼՈՐԸ, ՈՎՔԵՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎԵԼ, ԻՆՁ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ Ազգային ժողովում շարունակվում էին բյուջետային քննարկումները: Պաշտպանության ոլորտի ծախսերը քննարկվեցին փակ ռեժիմով, որից հետո լրագրողները հարցեր ուղղեցին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին:

Ըստ պաշտպանության նախարարի` պաշտպանության ոլորտում բյուջետային եկող տարվա հատկացումներում նախատեսված է աճ, ընդհանրապես պայմանավորվածություն կա, որպեսզի պաշտպանության ոլորտում ամեն տարի ծախսվի երկրի համախառն ներքին արդյունքի 3,5 տոկոսը, այսինքն` որքան շատ լինի մեր համախառն ներքին արդյունքը, որքան աճի մեր տնտեսական հզորությունը, այնքան ավելին են լինելու այն գումարները, որոնք ուղղվելու են պաշտպանության ոլորտին. «Մենք նախատեսում ենք հավասարաչափ աճ` բոլոր հոդվածներով, եւ ընդհանրապես այդ գումարների համարյա կեսը` 48 տոկոսից ավելին ուղղվելու են աշխատավարձերին եւ նմանատիպ ծախսերին, որի արդյունքում մեր սպաների միջին աշխատավարձը 2007 թվականին կազմելու է 165 հազար դրամ»:

Բյուջեն բավականաչա՞փ է, որպեսզի կարողանանք պահպանել մեր զորքերի այսօրվա մարտունակությունը. «Իհարկե, չի կարելի 1 միլիարդը համեմատել 300 մլն-ի հետ, բայց եթե այդ 300 մլն-ը օգտագործում ես խնայողաբար, նպատակային, բավականաչափ է: Ես չեմ ուզում հրապարակավ հայտարարել, բայց պատգամավորներին թվեր բերեցի` կապված մեր եւ այլոց կողմից ձեռք բերվող սպառազինության, ռազմական տեխնիկայի գների մասին: Ջրագիծ բացելը պաշտպանության նախարարի պարտականությունների մեջ մտնո՞ւմ է, հետաքրքրվեց լրագրողներից մեկը. «Շատ լավ գիտեք, որ ես միայն պաշտպանության նախարար չեմ` սա մեկ, երկրորդ` ո՞վ է ասել, որ պաշտպանության նախարարին չպետք է հետաքրքրեն սոցիալ-տնտեսական խնդիրները. 2003 թվականին հանրապետական կուսակցության ցուցակով ես երկրորդն էի, եւ այդ տարածաշրջանում (Ախուրյանում բացված ջրագծի մասին էր խոսքը-Մ.Խ.) ես խոստացել էի, որ կօժանդակեմ տարածաշրջանի 6 գյուղերին` ջուր ունենան: Ոչ պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` դուք տեսաք, որ դրանք պետական միջոցներ էին ու նաեւ` վարկային-հումանիտար միջոցներ. եթե որեւէ վատ բան կա` մյուս անգամ չեմ անի»:

Պատասխանելով թեմայից դուրս հարցերին, մասնավորապես, որ միջազգային կառույցներն, ըստ «Օրինաց երկիր» թերթի, վախենում են Արթուր Բաղդասարյանից, Ս. Սարգսյանը համոզված էր. «Համենայն դեպս` ինձնից ոչ մեկը չի վախենում, եւ էսօր որեւէ մեկից չեն վախենում: Ճիշտն ասած լավ չէ ուրիշի ասածները մեկնաբանել, բայց, ինչ ասեմ, վախը քաղաքական կատեգորիա չէ»:

Լրագրողն «Օրինաց երկիր»-ի մասով շարունակեց, թե նա հայտարարել է, որ Հայաստանի հաջորդ նախագահը անպայման հայաստանցի պետք է լինի. «Դու մտքիդ դրել ես, որ ՕԵ-ի կամ Արթուր Բաղդասարյանի մասին մի կծու խոսք ասեմ, չեմ ասելու, շատ լավ էլ գիտես, որ ես էդ խնդրին անդրադարձել եմ, եւ հիմա դու ինձնից լավ կարող ես կրկնել, ինչ որ ես Գյումրիում եմ ասել. «Հայաստանի նախագահը չի կարող լինել մեքսիկացի»:

«Հայռուսգազարդի» տնօրենը չի բացառել գազի սակագնի վերանայումը, պայմանավորվածություն կա՞ սակագինը չբարձրացնելու. «Ես կարծում եմ` լավ չեք լսել Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ լավ նայեք-կտեսնեք, որ այնտեղ խոսքը գնում է «Հայռուսգազարդի» սեփական ծախսերի, սեփական միջոցների մասին»:

Արամ Կարապետյանն իր դեմ սեւ տեխնոլոգիաների մեջ մեղադրում է Ս. Սարգսյանին, Աղվան Հովսեփյանին եւ Գորիկ Հակոբյանին. «Շատ մարդիկ իրենց մասին չափազանց մեծ կարծիքի են, ես ուրիշ գործ չունե՞մ, հետաքրքրության այլ առարկաներ չունե՞մ, ինչի՞ս է պետք, ինքն ի՞նչ վտանգ է ներկայացնում, ինչի՞ համար ես դա պիտի անեմ: Հո մենակ նա չէ՞, բոլորը, ովքեր ուզում են ինքնահաստատվել, իրենց պարտքն են համարում ինձ ինչ-որ բանում մեղադրել: Է, լեզվի մեջ ոսկոր չկա, խոսում են, իմանալով հանդերձ, որ էդպես կխոսեն-կգնա, էլի: Հիմա 5 տարի, 7-10 տարի առաջ չի, որ խոսելու համար աչք հանեն, գլխին խփեն, է խոսում են, թող խոսեն, ինչ կա»:

Ավիացիայի ոլորտի մասնագետի այն վերլուծությանը, թե վթարի ենթարկված Ա-320-ում կրակոցներ են հնչել, այսպիսի արձագանք հնչեց. «Ես կարծում եմ, որ նախաձեռնողներն իրենք հերքել են իրենց ասածը, որովհետեւ մենք ինքներս չէ, որ հետաքննել ենք այդ դեպքը, հետաքննությանը մասնակցել են ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Ֆրանսիայի մասնագետները այսինքն այդ ինքնաթիռ արտադրող կազմակերպությունը. եթե մի այդպիսի կասկած լիներ, նրանք այդ մասին ամբողջ աշխարհին չէին հայտարարի՞: Եթե դուք ինքնաթիռ արտադրող եք, եւ ձեր արտադրած ինքնաթիռը վթարի է ենթարկվում, այդ ի՞նչ է նշանակում. որ ձեր արտադրանքը լավը չէ, չէ՞: Իսկ եթե հանկարծ մեկ ուրիշն է դրան օժանդակել, դուք անմիջապես աշխարհով մեկ չե՞ք գոռա այդ մասին: Ցանկացած բամբասանքի մեջ ինչ-որ տրամաբանություն պետք է, չէ՞, լինի: Պարզ է, թե ինչու են դա ասում, բայց մյուս կողմից էլ էդ ասողների ուղեղն այնքան չի աշխատում, որ չեն հասկանում` եթե նույնիսկ այդպիսի բան է եղել, դա ի՞նչ կապ ունի «Արմավիայի» հետ, օդանավակայանում անվտանգության ապահովումը բնավ ավիակոմպանիայի վրա չի դրվում»:

Այն տեսակետին, թե վերջերս տեղի ունեցած միջադեպերը (Սուրեն Աբրահամյանի, Հովհաննես Գալաջյանի, Արմեն Աշոտյանի) երրորդ ուժի կազմակերպածն է` քաղաքական ուժերին իրար դեմ հանելու համար, Ս. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ երրորդ ուժ, արել է երկրորդ ուժը, ով այս մարդկանց իրեն թշնամի է համարում: Ուրիշ բան, որ «կուտ են ուտում»` սկսում են ավել-պակաս խոսել: Որեւէ տրամաբանության ենթարկվո՞ւմ է նրանց ասածները»:

Ամբողջ ընդդիմության մեջ երկու-երեք հոգի կարող են անցնել մեծամասնականը, սա Ս. Սարգսյանի կարծիքն է` մեծամասնականի 41 ընտրատարածքներում քվեարկվելու ընդդիմության ծրագրի վերաբերյալ հարցին ի պատասխան:

Ռուսաստանը կարողանում է Հայաստանում իր տնտեսական լծակներն օգտագործել քաղաքական նպատակներով` վտանգավոր չե՞ք համարում, որ ռուսական կապիտալի մասնաբաժինն ավելանում է, եւ կարեւոր ռազմավարական օբյեկտները դառնում են ռուսական կապիտալ. այս հարցին պաշտպանության նախարարի արձագանքն այսպիսին էր. «Ոչ, վտանգավոր չեմ համարում, որովհետեւ դեռ չեմ տեսել, թե ինչպե՞ս է ռուսական կողմը Հայաստանում ունեցած իր տնտեսական լծակները օգտագործում: Մինչեւ հիմա մի օրինակ բերեք, որ Հայաստանում եղած ռուսական կապիտալը քաղաքական ճնշման է ենթարկել մեզ, երկրորդ` ի՞նչ եք կարծում, մենք էն գլխից, երբ որ հայտարարում ենք քաղաքական տենդերներ կամ երբ որ տնտեսական ծրագրեր ենք ուզում իրականացնել` ո՞ր ամերիկյան կամ ֆրանսիական ընկերությունն է եկել ասել` ուզում ենք ձեր 5-րդ բլոկն առնել, կամ գազի շահագործման ձեռնարկության մեջ ներդրում անել, որ մենք ասել ենք` միայն ռուսներին ենք տալիս»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4