«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2006-11-03 | #211, 2006-11-04 | #212, 2006-11-07


ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՆՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ

Դրանք շուկայի ամենամեծ ձախողումների պատճառ են, որ աշխարհը երբեւէ տեսել է

Բրիտանական ԶԼՄ-ներն ու հեռուստաալիքներն այս օրերին աշխուժորեն քննարկում են Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ Նիկոլաս Ստերնի զեկույցը կլիմայական փոփոխության տնտեսական հետեւանքների մասին: Փորձագետների գնահատմամբ Ստերնի զեկույցը խնդրի վերաբերյալ երբեւէ իրականացված ամենաընդգրկուն ու խոր վերլուծությունն է: Այն հատուկ իրականացվել է բրիտանական կառավարության պատվերով: Զեկույցը շեշտադրում է կլիմայական փոփոխության գլոբալ ռիսկը եւ պահանջում գլոբալ արձագանք հենց հիմա, եւ ոչ նույնիսկ մի քիչ ուշ: Կլիմայի փոփոխությունը տնտեսության համար ամենամեծ աղետն է, որ էլի կարող է շարունակվել: Սակայն «դեռեւս հնարավոր է խուսափել կլիմայական փոփոխության վատթարագույն հետեւանքներից, եթե մենք գործենք հիմա եւ գործենք միջազգայնորեն: ... Հետաձգելով միջոցների ձեռնարկումը նույնիսկ մեկ կամ երկու տասնամյակով` կհայտնվենք վտանգավոր տիրույթում», ասում է Ստերնը:

Ջերմոցային գազերի արտանետումները կլիմայական անոմալիաների գլխավոր ազդակն են: Այդ արտանետումները կրճատելու համաշխարհային ջանքերը, Ստերնի հաշվարկներով, կկազմեն համամոլորակային ՀՆԱ-ի 1 տոկոսը:

Ըստ այս վերլուծության, եթե համաշխարհային տնտեսությունն իրապես անցնի ածխածնի նվազ արտանետումներով արտադրությունների, ապա միայն դրանից ստացված օգուտը տարեկան կարող է կազմել 2,5 տրիլիոն դոլար:

Չընդհատվող փոփոխությունները կձեւախեղեն եւ մոլորակի ֆիզիկական աշխարհագրությունը, եւ հենց մարդու բնակավայրի աշխարհագրությունը: Գիտնականները կանխատեսում են միջին ջերմաստիճանների` նախաարդյունաբերական շրջանի մակարդակներից 5 աստիճան C-ով բարձրացում:

Չվերահսկվող, այլեւս անկանխատեսելի դարձած եղանակային հետագա աղետները բազմաթիվ ռիսկեր են ծնում, որոնց դիմագրավելու համար հսկայական ծախսեր պետք է կատարել: Կլիմայական փոփոխությունների դեմ համաշխարհային միասնական քաղաքականությունը նշանակելու է աշխարհի կառավարությունների էկոլոգիական քաղաքականության միասնականություն` համագործակցում երկարաժամկետ կտրվածքով: Այդ քաղաքականության բաղադրիչները ե՛ւ արտանետումների կրճատումներն են, ե՛ւ անտառահատումների նվազեցումը, ե՛ւ մաքուր տեխնոլոգիաների ու արտադրությունների ընդլայնումը:

Կլիմայական կատակլիզմների դեմ ուղղված Կիոտոյի արձանագրության շրջանակային կոնվենցիային աշխարհի ամենախոշոր տնտեսատեր ԱՄՆ-ը չի միացել: Եվ Ստերնի ահազանգն ամենից առաջ վերաբերում է նրան:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4