ՀՀ բարձրագույն ղեկավարության աշխատավարձերը բարձրացնելը յուրօրինակ մտորումների տեղիք է տալիս:
Մեր երկրի ղեկավարների ամսական աշխատավարձերը մոտ են 1.000 ամերիկյան դոլարին: Իսկ ինչքա՞ն են ստանում բնակչությամբ կամ տարածքով մեզ մոտ այլ երկրներում, հարցնում է ընթերցողը: Ցավոք, միշտ չէ, որ կարելի է հետաքրքրությունը բավարարող թվեր գտնել: Այս առումով առավել բաց է ԱՄՆ-ի վիճակագրությունը, որի «Համաշխարհային տեղեկագիրք-2006» ժողովածուից էլ վերցվել են ներկայացվող թվերը: Ավելորդ չէ հիշեցնել, որ ԱՄՆ-ի նահանգները մի շարք առումներով ունեն առավել մեծ անկախություն, քան շատ ու շատ պետություններ:
ՀՀ բնակչությանը մոտ բնակիչներ ունեն ԱՄՆ-ի Այովայի ու Արկանզասի, Միսիսիպիի ու Կանզասի նահանգները: 2,8 մլն բնակչությամբ Արկանզասի նահանգապետ Մայք Հյուքեբեյի ամսական աշխատավարձը 2001 թվականին եղել է 5.900 դոլար: Նահանգն այդ տարում թողարկել է 65 մլրդ դոլարի համախառն ներքին արդյունք, 1 բնակչի տարեկան միջին վաստակը կազմել է 22,2 հազար դոլար: 2004-ին նահանգային ՀՆԱ-ն հասել է 80 մլրդ դոլարի, 1 արկանզասցու վաստակը` 25,7 հազար դոլարի, նահանգապետի ամսական աշխատավարձը` 6.500 դոլարի: Ստացվում է նահանգային արտադրության աճ 23 տոկոսով, միջին բնակչի ֆինանսական եկամտի աճ 15 տոկոսով, իսկ նահանգապետի աշխատավարձի համալրումըՙ ընդամենը 8 տոկոսով: Պատկերը մասամբ ամբողջացնելու նպատակով նշենք, որ Արկանզասի բնակչությունը նշված 3 տարիների ընթացքում ավելացել է 150 հազար մարդով:
Իրավիճակը դիտարկենք ՀՀ տարածք ունեցող նահանգներից մեկի` Նյու Հեմփշիրի օրինակով: Մոտ 30 հազար քառակուսի կմ ընդգրկող այս նահանգում բնակվում է 1,3 մլն մարդ: 2001-ին բնակվում էր 1,2 մլն մարդ, ՀՆԱ-ն 44 մլրդ դոլար էր, 1 բնակչի տարեկան վաստակը` 33 հազար դոլար, նահանգապետի տարեկան աշխատավարձըՙ 96 հազար դոլար: 2004-ին պատկերը հետեւյալն էր. ՀՆԱ` 52 մլրդ դոլար, 1 բնակչի տարեկան վաստակը` 37 հազար դոլար, նահանգապետ Ջոն Լինչի տարեկան աշխատավարձը` 104 հազար դոլար: Ստացվում է ՀՆԱ-ի աճ 20 տոկոս, 1 բնակչի վաստակի աճ 11 տոկոս եւ նահանգապետի աշխատավարձի աճ 9 տոկոս:
Ահա այսպիսին է աշխատանքի արդյունքի ու աշխատավարձի բարձրացման համամասնությունը, որը մեր պայմաններում փորձ է արվում այլ տրամաբանությամբ իրականացնել: ՀՀ ՀՆԱ-ն մոտ 5 մլրդ դոլար է, ԱՄՆ 3 մլն բնակչությամբ նահանգների համեմատությամբ 20-25 անգամ պակաս: Տնտեսական սկզբունքը թելադրում է նույն համամասնությամբ էլ աշխատավարձի չափ սահմանել ` 400-500 դոլար, որը հիմա մի փոքր գերազանցելով ստանում են մեր բարձրագույն այրերը: ԽՍՀՄ-ի երբեմնի մաս կազմող 3,6 մլն բնակչությամբ Լիտվայում ՀՆԱ-ն 45 մլրդ դոլար է, Ռուսաստանի երբեմնի մաս կազմած 5 մլն բնակչությամբ Ֆինլանդիայում` 150 մլրդ դոլար:
Վստահ եմ, Հայաստանի քաղաքացիները դեմ չեն, որ մեր երկրի բարձրագույն ղեկավարներն այսօրվա ամսական 1.000 դոլարի փոխարեն ոչ միայն նախատեսվող 1.500-1.700 դոլարները ստանան, այլեւ դրանց եռապատիկը: Բայց մինչ այդ բարի եղեք մարդկային նվազագույն պահանջներ ունեցող կենսաթոշակառուներին էլ ձեր այսօրվա ստացածի գոնե 10 տոկոսը սահմանել, աշխատողին էլ` մի 20 տոկոսը: Այնժամ էլ թերեւս լսեք` Ձեզ հալալ լինի:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ