«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայում կկարեւորե՞ն
Կոռուպցիան ու աղքատությունը հարազատներ են եւ ամեն տեղ այցի են գնում հաջորդաբարՙ սկզբում կոռուպցիան, ապա աղքատությունը: Որքան հզոր է առաջինը, այնքան հիմնավոր ու երկարատեւ է երկրորդի այցը: Աշխարհով մեկ տարածված այս երեւույթը առկա է նաեւ Հայաստանում, եւ կա ապագայում էլ այն «վայելելու» իրական հեռանկարը: Այս մասին նախորդ շաբաթավերջին հայտարարել էր Freedom House-ը, օր առաջ էլ Միջազգային հակակոռուպցիոն շարժման 2006 թվականի համաթիվը ողջ աշխարհում ներկայացրեց Transparency international-ը: Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ամալյա Կոստանյանը ՄԱԱ-ում հավաստեց, որ ուսումնասիրությունը կատարվել է 163 երկրներումՙ ձեռներեցների եւ փորձագետների կարծիքների հիման վրա: Պատկերն առանձնապես հուսադրող չէՙ կոռուպցիայի ընկալման այս տարվա համաթիվը (ԿԸՀ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի անցումային տնտեսությամբ երկրներում չի գերազանցել 5 ցուցանիշը: Եկող տարի ԵՄ անդամակցությանը սպասող Բուլղարիայի եւ Ռումինիայի ցուցանիշներն էլ հուսադրող չեն: Առանձնապես չի տարբերվում այդ առումով իրավիճակը Եվրոպայի գլխավոր էներգետիկ մատակարարներ Ռուսաստանում, Ղազախստանում, Ադրբեջանում: Այս երկրները շարունակում են ընկալվել մեծ չափերով կոռումպացված երկրներ 3-ից ցածր ԿԸՀ-ով: Վրաստանի եւ Հայաստանի պարագայում հարցումների աղբյուրները վեցն են, Ադրբեջանի դեպքում մեկով ավելի եւ չնայած ներկայացված ցուցանիշին Ադրբեջանում (2.4), ինչպես նաեւ Վրաստանում (2.8), այնուամենայնիվ, կոռուպցիայի կրճատման աճ գրանցվել է նախորդ տարվա համեմատությամբ: Հայաստանում ցուցանիշը վերջին երկու տարիներին անփոփոխ էՙ 2.9: Եվ սա այն պարագայում, երբ Հայաստանը անդամակցում է միջազգային հակակոռուպցիոն պայմանագրերի, ԳՌԵԿՈ-ին անդամակցությունն էլ Հայաստանի առջեւ եւս մի պարտավորություն է դրելՙ մայիսին հաշվետվություն ներկայացնել խմբի հակակոռուպցիոն 24 (հիմնականում օրենսդրական փոփոխություններ) առաջարկությունների կատարման մասին:
Ներկայացվածը, Ամալյա Կոստանյանի հավաստմամբ, շատ ավելի մեղմ պատկեր է, քան դեկտեմբերին հրապարակելիք հասարակության կարծիքների հիմքով արված ուսումնասիրության արդյունքները: Բայց սրանով ոչ մեկ, ոչ էլ մյուս կազմակերպության ցուցանածը չի ավարտվում: Ինչպես հավաստեց Ամալյա Կոստանյանը, Transparency International-ը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային կոչ է անում ոչ թե դադարեցնել աջակցությունը կոռումպացված երկրներին, այլ սառեցնել մինչեւ ընտրություններ: «Չպետք է մոռանալ, որ այդ երկրներում բացի կոռումպացվածներից նաեւ ժողովուրդ է ապրում», ընդգծեց Transparency International-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:
Freedom House-ն ավելի կտրական է գտնվել ե՛ւ իր գնահատականում, ե՛ւ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային ուղղած կոչում. «Հայաստանը չի կատարել կորպորացիային տված իր խոստումըՙ բարելավել ինստիտուցիոնալ հավատարմությունը ժողովրդավարությանը եւ հանդուրժողականությանըՙ ընդդիմության հանդեպ»: Այս հիմնավորմամբ կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել Հայաստանին տրամադրվող օգնությունը:
Ընդամենը մեկ օր անցՙ նոյեմբերի 8-ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը պետք է ընտրի այն կառավարությունները, որոնք իրավունք կստանան դիմել եկող տարիՙ 2007 թվականին օգնություն ստանալու համար: Վերջին օրերին հնչեցված կոչերն ու ուսումնասիրությունների հրապարակված արդյունքները, սակայն, Հայաստանի առումով բացասական որոշման ուղղորդում են:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ