Երեւանից հետո «առաջատարը» Շիրակի մարզն է
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
2006 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 443 դեպք, որից 99 կանայք են, 8-ը` 15 տարեկանից փոքր երեխաներ: Միայն 2006 թվականի ընթացքում հայտնաբերվել են ՄԻԱՎ-ի 59, ՁԻԱՀ-ի` 40 նոր դեպքեր, նրանցից 17 մարդ մահացել է: Հետաքրքրական է, որ Երեւանից հետո (213 մարդ), դեպքերի գերակշիռ մասը հայտնաբերվել է Շիրակում` 39 մարդ:
Սակայն սրանք ընդամենը գրանցված թվերն են, եւ ինչպես երեկ հավաստեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի վարիչ Արշակ Պապոյանը, հաշվարկային այլ տվյալների ու ՄԱԿ-ի միացյալ ծրագրի առաջարկած մեթոդաբանության համաձայն այսօր Հայաստանում ապրում է 2800-3000 ՄԻԱՎ-ով ապրող մարդ:
Ընդհանրապես մասնագետներն ասում են, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, ուր ներառվում է նաեւ Հայաստանը, իրական եւ գրանցման թվերը տարբերվում են 6-8 անգամ: Դա կախված է տվյալ երկրում ախտորոշման զարգացման մակարդակից եւ բնակչության` այդ հետազոտությունների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքից: Ինչքան շատ մարդ հետազոտվի, այնքան իրական թվերին ավելի մոտ կլինենք:
Բնակչության պարտադիր հետազոտություն ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում ընդհանրապես չի կատարվում: Պատճառը ոչ միայն թանկ հաճույք լինելու պարագան է: Բանն այն է, որ ՄԻԱՎ-ի վարակի գաղտնի շրջանը տեւում է 3 ամսից մինչեւ 1 տարի, այնպես որ ինչքան էլ բնակչության համընդհանուր ստուգումներ լինեն, բացահայտումները երբեք լիարժեք չեն լինի: Ինչ վերաբերում է մարմնավաճառներին, ապա Հայաստանում պարտադիր հետազոտման ենթակա են միայն փողոցային մարմնավաճառները, էլիտար եւ այլ խմբերը դարձյալ մնում են դուրս: Հայաստանում կանխարգելման նպատակով պարտադիր հետազոտության ենթարկվում է միայն դոնորական արյունը:
Իհարկե, ըստ Պապոյանի, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը Հայաստանում բավականին փոխվել է 1988 թվականից ի վեր, երբ առաջին անգամ հայտնաբերվեց առաջին վարակակիրը: Խորհրդային Միությունում առաջին հիվանդը հայտնաբերվել է դրանից մի տարի առաջ:
Նույն, 1988 թվականին Հայաստանում հայտնաբերվում է նաեւ ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը: Դա նշանակում է, որ Հայաստանում այս ախտի հայտնությունը եղել է շատ ավելի վաղ, քանի որ ՄԻԱՎ-ը ՁԻԱՀ-ի, այսինքն ավելի բարդացած փուլի հասնում է սովորաբար 7 -15 տարվա ընթացքում:
1990 թվականին գրանցվել են թմրամիջոցների ներերակային օգտագործման միջոցով վարակի առաջին դեպքերը, նախորդ դեպքերում վարակման ուղին հետերոսեքսուալ ճանապարհն էր: Այս պահին Հայաստանը գտնվում է ՄԻԱՎ-ի տարածման երկրորդ, այսպես ասած` խտացման փուլում: Դա նշանակում է, որ ռիսկային որեւէ խմբում վարակի տարածվածությունը գերազանցում է 5 տոկոսը: Կոնկրետ դեպքում թմրամիջոցների ներերակային օգտագործողների շրջանում հիվանդության տարածվածությունը 9 տոկոսի սահմաններում է: Անկասկած, մեծ նշանակություն ունի եւ միգրացիայի գործոնը, որ մեծ մասամբ ուղղված է Ռուսաստան, ԱՊՀ երկրներ, ուր ՄԻԱՎ-ի տարածվածությունը բարձր մակարդակում է: Հատկապես համաճարակի զարգացման սկզբնական փուլերում Ռուսաստան աշխատելու մեկնած ամուսիններից կանանց վարակի դեպքերը բավական մեծ տոկոս էին կազմում:
Այսօր, ըստ Արշակ Պապոյանի, առանց այդ հանգամանքի էլ ախտի տարածման բավական պոտենցիալ կա հանրապետությունում:
Ի տարբերություն մեր տարածաշրջանի այլ երկրների, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաստանն ու Ուկրաինան, հայ կանայք ՄԻԱՎ-ի վարակակիրներ են դառնում ոչ թմրամիջոցների ներերակային օգտագործման ճանապարհով:
Հայաստանում 2002 թվականից գործողության մեջ է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագիրը, որին պետական օժանդակության հետ հովանավորում է Գլոբալ հիմնադրամը: Այս տարի ծրագիրն ավարտվում է: Այս ընթացքում, ըստ համաճարակաբանի, հիվանդության վերաբերյալ կամավոր խորհրդատվության եւ հետազոտական կետեր են ստեղծվել Երեւանում, մարզերում, ազատազրկման բոլոր վայրերում, ստեղծվել են դոնորական արյան լաբորատոր ախտորոշումների ամենաժամանակակից լաբորատորիաները:
Բավականին բարձրացել է նաեւ հետազոտությունների դինամիկան, բայց բուժման արդյունավետության առումով նույնն ասել չենք կարող: Այսօր էլ բուժման միտումը ընդամենը առկա վիճակի բարելավման ճանապարհով կյանքի տեւողության երկարաձգումն է: Ժամանակին այնքան աղմուկ հանած «Արմենիկումի» գործողության արդյունավետությունը այդպես էլ մնում է խորհրդավորության քողով ծածկված: