Կահիրեում (Եգիպտոս) լույս տեսնող «Ջահակիր» շաբաթաթերթը խոր վշտով գուժում է նախկին եգիպտահայ արվեստագետ, տաղանդավոր դերասան եւ բեմադրիչ Սեդի Գոչունյանի մահը, որ տեղի է ունեցել Սիդնեյում (Ավստրալիա) երկարատեւ անողոք (քաղցկեղ) հիվանդությունից հետո:
Սեդի Գոչունյանը ծնվել է Կահիրեում 1927-ին: Հաճախել է Գալուստյան ազգային մանկապարտեղը, ապա Թաշճյան վարժարանը, այնուհետեւ նաեւ Սենտ Ջորջ եւ Սենտ Օստին անգլիական վարժարանները: Ուսումը շարունակել է Կահիրեի ամերիկյան համալսարանում:
Դպրոցական շրջանից ցուցաբերել է դերասանական մեծ ձիրք: Իր բեմական խոսքի ուսուցիչ կանադացի Ռեյմոն Փաթույենի հսկողության ներքո առաջին քայլերը կատարել է անգլիական դպրոցների թատերական խմբակներում: Մասնակցել է անգլիական «Գրին Ռում» թատերախմբի ներկայացումներին:
Եգիպտահայ բեմի վրա սկսել է դերեր ստանձնել 1947 թվից եւ շնորհիվ իր ընդգծված անհատականությանՙ շուտով սիրված ու փնտրված դեմք է դարձել համայնքում: 1951 թվին «Քորրադոյի» նրա բեմադրությունը մինչեւ օրս վառ է մնում բոլոր նրանց հիշողության մեջ, ովքեր առիթ են ունեցել տեսնելու այն: Այդ բեմադրության մեջ նա փայլուն ձեւով մարմնավորում էր Քորրադոյի դերը:
1953 թվին, երբ Կահիրեում եւ Ալեքսանդրիայում նշվում էր ֆրանսահայ դերասան Տրդատ Նշանյանի հոբելյանը, հոբելյարի փափագին ընդառաջելով Սեդի Գոչունյանը դերեր է ստանձնել այդ առթիվ բեմադրվող «Պրոֆ. Քլեսնոֆ» եւ «Վեդել» թատերգություններում:
1954-69 թթ. հանդես է եկել «Կանայք ստել չգիտեն», «Մի ճար գտեք ինձ համար, պարոնայք», «Երկրի աղջիկը» եւ «Անապատի տիրակալ Անթարը» եգիպտական ֆիլմերում: Դեր է ստանձնել նաեւ ամերիկյան «Տասը պատվիրանները» ֆիլմում:
Եգիպտահայ թատերական պատմության մեջ եզակի տեղ է զբաղեցնում նրա կազմակերպած թատերական փառատոնը Ալեքսանդրիայում` 1964 թվին:
Իր վաստակի որպես գնահատանք 1970 թվին Կահիրեում նշվել է նրա բեմական գործունեության 20-ամյակը:
1971-ից հաստատվել էր Ավստրալիայում, որտեղ շարունակում էր իր բեմական գործունեությունը` խստապահանջ բծախնդրությամբ:
Իր մասնակցությամբ կատարված բեմականացումները միշտ էլ խանդավառ մթնոլորտ էին ստեղծում Եգիպտոսում (վստահ եմ նաեւ Ավստրալիայում) եւ տեղի էին ունենում լեփ-լեցուն դահլիճներում:
Մեր խորին ցավակցությունները հանգուցյալի քրոջը` Բելինային: Թող օտար հողը թեթեւ լինի հանգուցյալի վրա:
ՀԱԿՈԲ ԾՈԻԼԻԿՅԱՆ