ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրված ասուլիսի նպատակն էր ներկայացնել նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ն անցկացվող «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի եւ անհատ կատարողների 2-րդ հանրապետական մրցույթ-փառատոնի աշխատանքները: Փառատոնի կազմակերպիչներըՙ ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, մարզպետարանները, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիան, Հայաստանի երաժիշտների միությունը, Երեւանի ձայնի պահպանման մասնագիտական դպրոցը որոշել են մրցույթ-փառատոնը դարձնել ամենամյա, նպատակ ունենալով նպաստել երգչախմբային արվեստի զարգացմանը, որ վերջին 15 տարիներին գրեթե անտեսվել է, պրոպագանդել հայ դասականների խմբերգային ստեղծագործությունները, խթանել դպրոցներում եւ մշակութային կազմակերպություններում երգչախմբերի ստեղծմանը, բացահայտել լավագույն ձայն ունեցող երեխաներին ու աջակցել նրանց: Փառատոնին մասնակցել կարող են բոլոր մանկապատանեկան երգչախմբերը եւ անհատ կատարողները: Փառատոն-մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլը կկայանա նոյեմբերի 15-30-ը մարզերում, իսկ երկրորդըՙ դեկտեմբերի 1-10-ը Երեւանում: Դեկտեմբերի 15-ին կկայանա եզրափակիչ գալահամերգը եւ մրցանակների հանձնումը: Արդեն մասնակցության հայտեր են ներկայացրել Գեղարքունիքի, Շիրակի, Արարատի մարզպետարաններից եւ Սպիտակի, Ստեփանավանի քաղաքապետարաններից, Երեւանի քաղաքապետարանից, Հայորդաց տներից, մանկատներից: Կարեւորելով նման ստուգատես փառատոների անցկացումը, մշակույթի նախարարությունը 2007 թ. պետբյուջեում նախատեսել է 3-րդ փառատոնն անցկացնել մայիսինՙ նախարարության հատկացրած գումարներով:
Մ. Մ.