«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2006-11-03 | #211, 2006-11-04 | #212, 2006-11-07


ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՔՅՈԼՆԻ ԴՈՄՖՈՐՈՒՄՈՒՄ

Նոյեմբերի 6-ին Դոմֆորումում ցուցադրվող Էլվիրա Ռայթի եւ Վիլֆրիիդ Քաութեի «Գարունը Հայաստանում» ֆիլմով բացվեց ամենամյա դարձած «Քյոլնի հայ մշակույթի օրեր» անունը կրող միջոցառումների շարքը: Կազմակերպիչն, ինչպես ամեն տարի, Գերմանահայոց առաջնորդարանի մշակութային հանձնախումբն է, որն այս անգամ համագործակցել է կաթոլիկական կրթական կենտրոնի հետ:

Նոյեմբերի 18-ին Քյոլնում Մարսելից ժամանած «Գեղամ» անսամբլը կներկայացնի հայ ավանդական եւ ժամանակակից երաժշտություն: Մշակութային օրերը կեզրափակվեն նոյեմբերի 24-ին գրական-երաժշտական ակորդով. Գերմանիայում առաջին անգամ կներկայացվի Րաֆֆի Քանդյանի «Այնտեղ հեռու Եվրոպայում. ժամանակակից բանաստեղծությունը Հայաստանում» անթոլոգիան: Հայ ժամանակակից արձակի ու բանաստեղծության նմուշներից կընթերցեն Սերովբե վարդապետ Իսախանյանը, դերասան Միշայել Հանեմաննըՙ դուդուկահար Ռուստամ Ղազարյանի երաժշտական ընկերակցությամբ:

Հավելենք, որ Քյոլնում կազմակերպվող մշակութային միջոցառումների հիշյալ շարքն անցկացվում է Քյոլնի Մայր տաճարի բակում գտնվող Դոմֆորում ապակեպատ սրահում, որտեղ այցելուների, ունկնդիրների պակաս բնականաբար չի լինում: Եվ կարելի է ակնկալել, որ հայ մշակույթին, թեկուզ հպանցիկ, հաղորդակից կդառնան մեծ թվով օտարներ:

ԱՆ. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4