Բնապահպանական գիտելիքների տարածումն ու շրջակա միջավայրի հետազոտությունները Գյումրու «Գեոֆոն» գիտական հասարակական կազմակերպության գործունեության երկու հիմնական ուղղություններն են: Անցյալ տարվանից կազմակերպությունը ԱՄՆ խաղաղության կորպուսի դրամաշնորհով իրականացնում է «Բնապահպանական կրթություն գյուղական ուսուցիչների համար» ծրագիրը, որի շրջանակներում, ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանության ֆինանսական աջակցությամբ վերջերս հրատարակել է «Էկոկրթության ուսումնաօժանդակ ձեռնարկ» ուշագրավ գրքույկը:
Մասամբ գունավոր, որակյալ տպագրությամբ ձեռնարկը կազմված է երկու հիմնական մասերից` «Թափոնները եւ շրջակա միջավայրը» եւ «Կենսաբազմազանությունը Հայաստանում»: Դրանցից յուրաքանչյուրը պարունակում է ըստ ենթաթեմաների մշակված դասեր տարբեր տարիքի դպրոցականների համար, որոնք համապատասխան ճանաչողական եւ դաստիարակչական հարուստ նյութ են պարունակում: Դասերի մեջ յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ տրվող ընդհանուր տեղեկություններից բացի ձեռնարկի վերջում զետեղված են նաեւ որոշ լրացուցիչ նյութեր, ձեռք բերված գիտելիքների ամրապնդմանն ուղղված մտքեր եւ հարցեր:
Թվում է` այս օգտակար գրքույկն առավել ներկայանալի կլիներ, եթե չունենար որոշ նկատելի կառուցվածքային թերություններ: Մասնավորապես նկատի ունենք տիտղոսաթերթի, բուն ձեռնարկի վերաբերյալ հանձնարարականի (անոտացիա), հրատարակչի տվյալների բացակայությունը:
Գ. Մ.