«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2006-11-04 | #212, 2006-11-07 | #213, 2006-11-08


ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Որտեղի՞ց է գալիս եւ ո՞ւր է գնում հայ ազգը, ո՞րն է հայկականության էությունը, որո՞նք են հայ ազգային հոգեկերտվածքի բնորոշ գծերը, ի՞նչ տեղ է զբաղեցնում հայրենասիրությունը հայ մարդու նկարագրում: Որքանո՞վ է հայ ժողովուրդը համակված իր բռնազավթված հայրենիքը վերադարձնելու եւ հայրենի հողի վրա համախմբվելու ձգտումով, պատրա՞ստ է արդյոք հայությունը ներդնելու իր ողջ ներուժը հայոց պետականության վերականգնման պայքարում:

Յուրաքանչյուր հայի խոհերում արթուն այս ու բազում այլ հարցադրումների պատասխաններն է փորձում գտնել Լեւոն Հակոբյանն իր «Հայկական պետականության վերականգնման (հայոց հարցի հանգուցալուծման) հայեցակարգ» գրքում: Ինչպես ինքն է նշում, դրանք երկար տարիների ուսումնասիրությունների արդյունք ենՙ հիմնված աշխարհաքաղաքական տեղաշարժերի վերլուծության վրա:

Ազգային հիմնախնդիրները խորապես ըմբռնելու, հավասարակշիռ եզրահանգումներ ու ճշգրիտ կանխագուշակումներ անելու նկատառումով հեղինակը փորձում է վեր հանել բոլոր նպաստաբեր ու խոչընդոտող, տեսանելի ու ստվերոտ հանգամանքները:

Հայոց ազգային պետականության վերածնունդը նա անհնարին է համարում «առանց ազգային գաղափարախոսության ձեւակերպման ու նրա բովանդակության հստակեցման: Այն անհրաժեշտ է հայությանը միաբանելու ու նրա հավաքական ներուժը ազգային գերագույն նպատակի իրագործմանը ծառայեցնելու համար»: Նրա տեսակետով, Հայկական բարձրավանդակում հայոց պետականության վերականգնումից հետո «մերձավոր եւ միջինարեւելյան տարածաշրջանը, որ դարեր շարունակ եղել է քաղաքակրթությունների բախման խաչմերուկ, կարող է վերածվել աշխարհաքաղաքական ներդաշնակ համագործակցության թատերաբեմի»:

Արդիական հրատապ հարցադրումներ բաժնում տրված են պետականության վերականգնման հիմնախնդրից բխող կարեւոր հարցադրումները, որոնց պատասխանները շարադրված են գրքի առանցքը կազմող «Ծրագրային հիմնադրույթներ» բաժնում: Գլխավոր հարցերը ներառված են 5 ենթաբաժիններումՙ հայ ժողովուրդը, հայոց ազգային գաղափարը, հայրենիք-սփյուռք հարաբերությունները, ՀՀ ներքին քաղաքականությունը, ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներն ու ՀՀ միջպետական հարաբերությունները:

Հայեցակարգային հիմնադրույթներում խոսվում է հայ ազգի միաբանության, Հայաստանի նվաճումների, առավելությունների ու խոչընդոտների, միջազգային հանրության տեսադաշտում Հայկական հարցի, այդ համատեքստում ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մասին, ընդգծելով հայության ներկայիս առաջնահերթությունները, որոնց հանգուցալուծմամբ միայն կարելի է հասնել «պատմական հայրենիքի ազատագրմանն ու հայոց հզոր պետականության վերականգնմանը»:

Իսկ ծրագրային հիմնադրույթներում կոնկրետ թվարկված են անհրաժեշտ բոլոր այն քայլերը, որոնք լուծելի կդարձնեն հայ դատի հիմնախնդիրը, կդյուրացնեն Հայաստանի ինտեգրումը եվրոպական ընտանիքին, կստեղծեն համաշխարհային հայկական կառույցներ:

Վերջաբանում հեղինակը հավելում է, որ համալիր հայեցակարգը ենթակա է հետագա խմբագրմանՙ հասարակական, քաղաքական ու գիտական կառույցներում քննարկվելուց հետո:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4