Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչը այցի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ երեկ հրավիրած համատեղ ասուլիսում տեղեկացրեց, որ իր երկիրը պատրաստակամ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդի դերը ստանձնել եւ փաստեց, որ հայկական կողմից առկա է դրական մոտեցում: Իսկ առաջարկը Հայաստանի շահերը Թուրքիայում եւ հակառակը ներկայացնելն է: «Չնայած որ չկան դիվանագիտական կապեր, սահմանը դեռ փակ է, սակայն հետաքրքրություններ առկա են: Հայաստանը հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու համար փորձում է մեծ քայլ կատարելՙ կարծում եմ անհրաժեշտ է փոքր քայլերի քաղաքականություն», Լեհաստանի միջնորդելու պատրաստակամությունը հիմնավորեց Բորուսեւիչը:
Լեհաստանում համոզված են, որ «Հայաստանի համար փակ սահմանների հետեւանքներն ավելի ծանր են, քան Թուրքիայի համար, քանի որ Հայաստանի համար սահմանների բացումը ունի սկզբունքային նշանակություն, իսկ Թուրքիայի համար` լոկալ, տեղային», փաստեց Լեհաստանի Սենատի մարշալը: Վերջինս ընդգծեց լեհ-թուրքական լավ հարաբերությունների առկայությունը եւ հույս հայտնեց, որ երկուստեք առաջարկը կընդունվի ու կքննարկվեն իրականացման մանրամասները:
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի տեղեկացմամբ Լեհաստանը երեկ ներկայացրած իր առաջարկը երկու ամիս առաջ ներկայացրել է արտաքին հարաբերությունների գերատեսչության մակարդակով: Հայկական կողմի նախնական պատասխանը դրական է եղել, սակայն Թուրքիան շարունակում է լռել: Մինչդեռ, ինչպես հավաստեց Վարդան Օսկանյանը, Հայաստանում կողմնակից են միայն ավելի կոնկրետ, գործնական եւ արդյունավետ քայլերի:
Լեհերը նորից հայկական կոնյակ կխմեն
Լեհաստանում բարձր են գնահատում եւ՛ Հայաստանի, եւ՛ Թուրքիայի հետ պատմական հարաբերությունները: Հիշում են, որ Թուրքիայում եւ Իրանում Լեհաստանի առաջին դեսպանները հայեր են եղել եւ այլն: Չի մոռացվել նաեւ, որ Թուրքիան կողմ չի եղել Լեհաստանի բաժանմանը: Սա պատմական իրականությունն է, իսկ մերօրյա իրականությունում առկա են լեհ-թուրքական բարյացակամ ու հիմնավորված եւ լեհ-հայկական քաղաքականՙ նորմալ, տնտեսական սահմանափակ հարաբերություններ: Երկու երկրների նախորդ տարվա առեւտրաշրջանառությունը կազմել է 17 մլն դոլար: Երկու երկրների ձեռներեցների համագործակցության ծրագրեր են մշակվելու, եւ Լեհաստանի շուկայից անհետացած կոնյակը վերագտնելու է իր տեղը, անթաքույց գոհունակությամբ նշեց Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչը:
Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը Լեհաստանը կողմ է, եւ Բորուսեւիչի տեսանկյունից Թուրքիայի անդամակցությունը կարող է դրական դիտվել նաեւ Հայաստանի հետաքրքրությունների տեսանկյունից: Թուրքիայի կողմից Մեծ եղեռնի ճանաչման առնչությամբ Բորուսեւիչը փաստեց, որ իր երկրի խորհրդարանն արդեն որոշում կայացրել է` 2005 թվականին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն էլ համաձայնելով, որ ԵՄ Թուրքիայի անդամակցությունը դրական կլինի նաեւ Հայաստանի հետաքրքրությունների տեսանկյունից, ընդգծեց. «Յուրաքանչյուր երկիր, որը ցանկանում է անդամակցել Եվրոմիությանը, պետք է հարգի դրա ներսում գործող սկզբունքները, որոնք միանշանակ դրական են Հայաստանի համար»: Սակայն ԱԺ նախագահը նաեւ փաստեց. «Մեծ լավատեսություն չունեմ Թուրքիայի քայլերի վերաբերյալ, քանի որ, ցավոք սրտի, տարիներ շարունակ թուրք ներկայացուցիչներին հանդիպելիս նկատել եմ, որ ունեն կաղապարված մոտեցում եւ կաշկանդվածություն Հայաստանի հետ կապված հարցերում»: Անհասկանալի կլինի եթե Թուրքիան անդամակցի առանց սահմանի եւ մի քանի այլ խնդիրների լուծման:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ