«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2006-11-04 | #212, 2006-11-07 | #213, 2006-11-08


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ

Այն, ինչ արտահանում է Հայաստանը, Ղազախստանը ներմուծում է, եւ ընդհակառակը

Ղազախստանը բազմազգ երկիր է եւ այդ երկրում իր ուրույն դերն ու դիրքն ունի նաեւ հայկական համայնքը: Համայնքի ղեկավար Արտյուշա Կարապետյանն ընդգրկված է երկրի նախագահին կից գործող Ղազախստանի ժողովուրդների ասոցիացիայի մեջ: Այս մասին տեղեկացանք Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ղազախստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը, որն սկսվեց այդ երկրի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Հայաստանի նախագահի հանդիպմամբ:

Ռոբերտ Քոչարյանը Ղազախստանի մեր հայրենակիցներին նախ տեղեկացրեց իր գործընկեր Նուրսուլթան Նազարբաեւի հետ հանդիպումների արդյունքներին: Նա նշեց, որ երկկողմ հանդիպումներ վերջին անգամ եղել են 2001 թ.-ինՙ Ղազախստանի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ: Եվ չնայած ԱՊՀ գագաթաժողովների ժամանակ շփումներ մշտապես լինում են, երկու երկրների հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ դեռ մնացել են: Մինչդեռ, ըստ Հայաստանի նախագահի, երկու երկրների տնտեսական շահերը համընկնում են: Այսինքն, այն, ինչ արտահանում է Հայաստանը, Ղազախստանը ներմուծում է, եւ ընդհակառակը: Խնդիրը տրանսպորտային դժվարություններն են, որոնց մեղմացմանը կնպաստի նախորդ օրը երկու երկրների նախագահների ստորագրած ավտոմոբիլային փոխադրումների համաձայնագիրը:

Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց ղազախական կապիտալը Հայաստան ներգրավելու անհրաժեշտությունը, որից հետո ներկաներին պատմեց Հայաստանի տնտեսության մեջ վերջին տարիներին արձանագրված տեղաշարժերի մասին: Հայաստանը 6-րդ տարին արձանագրում է 11-12 տոկոս տնտեսական աճ, որն արդյունք է տնտեսական բարեփոխումների: Նախագահն անդրադարձավ Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ Հայաստանի կառավարության ներկայացրած հեռավոր եւ լեռնային գյուղերի վերականգնման ծրագրին, ասելով, որ դա նպատակ ունի մեղմացնելու Երեւանի եւ մարզերի անհամաչափ զարգացումը: «Ունենք 35-40 գյուղերի վերականգնման առաջարկներ եւ հույս ունենք, որ մինչեւ 50 գյուղ կվերականգնենք», նշեց նա:

Հայաստանի նախագահը համոզմունք հայտնեց, որ երկրի նոր, բարեփոխված սահմանադրությունը համապատասխանում է եվրոպական չափանիշներին եւ որ Եվրոխորհրդի առջեւ ստանձնած բոլոր պարտականությունները Հայաստանը կկատարի: Ինչ վերաբերում է 2007 թ.-ին նախատեսված Հայաստանի խորհրդարանական, Լեռնային Ղարաբաղի նախագահական եւ 2008 թ.-ի նախագահական ընտրություններին, ապա Ռոբերտ Քոչարյանի հավաստմամբ, «ամեն ինչ անում ենք, որ այս ընտրությունները հարթ անցնեն եւ ազդեցություն չթողնեն Հայաստանի վրա»:

Հայկական համայնքի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահը մեկնեց Ղազախստանի նախագահական մշակութային կենտրոն, ապա Հայրենիքի պաշտպանների հուշարձան, ծաղկեպսակ դրեց այնտեղ, ծառ տնկեց հուշահամալիրի «Պետությունների ղեկավարների» ծառուղում:

Այցի շրջանակներում նախատեսված վերջին միջոցառումը երկու երկրների նախագահների եւ գործարարների մասնակցությամբ կազմակերպված բիզնես-համաժողովն էր: Այստեղ եւս իրենց ելույթներում Ռոբերտ Քոչարյանն ու Նուրսուլթան Նազարբաեւը կարեւորեցին համագործակցության տնտեսական կողմը:

Ղազախստանի նախագահը ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունն ամենաազատականներից է աշխարհում, ինչը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարելու այստեղ: Ղազախստանը, ինչպես եւ Հայաստանը, արագ զարգանում են: 1997 թ.-ի համեմատ Ղազախստանի համախառն ներքին արդյունքն ավելացել է 3,5 անգամ, արժութային պաշարները կազմում են 25 մլրդ դոլար, միջազգային տնտեսական կառույցներից ստացված բոլոր պարտքերը մարվել են: 1994 թ.-ից Ղազախստանում կատարված արտաքին ներդրումները կազմել են 50 մլրդ դոլար, ներքին ներդրումներըՙ 75 մլրդ դոլար: Նուրսուլթան Նազարբաեւի հավաստմամբ, Ղազախստանի բնակչության կենսամակարդակն ԱՊՀ երկրներում ամենաբարձրն է: Վերադառնալով Հայաստանին, նա ընդգծեց, որ չնայած շրջափակմանը, Հայաստանը զարմանալի տեմպերով զարգանում է:

Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում մատնանշեց այն առավելություններն ու բացերը, որ առկա են երկու երկրներում: Առավելություններն ենՙ երկկողմանի հոյակապ կապերը, երկու երկրների տնտեսությունների կառուցվածքը, որտեղ գրեթե ոչ մի ճյուղում դրանք չեն մրցակցում, բարեփոխումների առումով Հայաստանի առաջնային դիրքը, ղազախական բիզնեսի արտաքին ակտիվությունը եւ Հայաստանի հրապուրիչ ներդրումային պայմանները: Բացերն ենՙ տեղեկատվության փոխանակման բացակայությունն ու տրանսպորտային խնդիրը: Առաջին բացն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, կարելի է մեղմացնել: Հայաստանում, նախագահի հավաստմամբ, ղազախական բիզնեսը կարող է ներդրումներ կատարել բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի վերամշակման, հանքարդյունաբերության, ոսկերչության ոլորտներում:

Ղազախստանի նախագահի առաջարկով Հայաստանում իրենց գործունեության մասին խոսեց «Թուրան-ալեմբանկի» ներկայացուցիչը: Նա տեղեկացրեց, որ բանկը Հայաստանում հիմնադրել է «ԲՏԱ ինվեստբանկը»ՙ 40 մլն դոլար ակտիվներով եւ 20 մլն դոլար վարկային պորտֆելով: Եկող տարի ծրագրվում է վարկային պորտֆելի ծավալն ավելացնել մինչեւ 70 մլն դոլարի: Նուրսուլթան Նազարբաեւը կոչ արեց ղազախ գործարարներին հետեւել «Թուրան-Ալեմբանկի» օրինակին եւ գործունեություն սկսել Հայաստանում, ինչով էլ եզրափակվեց նախագահների հանդիպումը գործարարների հետ, ինչպես նաեւ Հայաստանի նախագահի այցը Ղազախստան:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Աստանա-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4