«Ի՞նչ կասեք «Ֆրիդոմ հաուզ» միջազգային կազմակերպության հայտարարության առնչությամբ» «Ազգ»-ի հարցին պատասխանելիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ նշեց. «Նրանց ասածը մեզ համար նորություն չէր եւ մոտավորապես կանխատեսելի էր»: Հիշեցնենք, որ նախօրեին «Ֆրիդոմ հաուզ» հասարակական կազմակերպությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային կոչ էր արել հաջորդ տարի ֆինանսներ չտրամադրել Հայաստանին, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների: Վարչապետը հավաստիացրեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրին ոչինչ չի սպառնում, քանի որ հիշյալ կազմակերպության գնահատականը վերաբերում է այդ ծրագրի չափանիշներից միայն մեկին: Ավելին, նա հայտնեց, որ մեր երկիրը նոյեմբերին կստանա գումարի առաջին բաժնեմասը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն անդրադարձավ նաեւ «Հայռուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանիՙ վերջերս արած հայտարարությանը, թե արդյունաբերողների համար սպասվում է գազի գների թանկացում: Չցանկանալով բանավոր հայտարարության պարագայում կառավարության պաշտոնական դիրքորոշումը հայտնելՙ վարչապետը նշեց. «Երբ Կարեն Կարապետյանը պաշտոնապես կներկայացնի իր առաջարկությունը հանձնաժողովին, թե որքանով են բարձրանում գները, կառավարությունն իր դիրքորոշումը կասի»: Ինչ վերաբերում է գազի թանկացման պարագայում կիրառվելիք փոխհատուցման մեխանիզմներին, վարչապետը նշեց, որ երբ հանձնաժողովը հաստատի սակագինը, կառավարությունը կորոշի փոխհատուցման հարցը:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը փոքր կազմակերպությունների համար փոխհատուցում կազմակերպելուն էր կողմ արտահայտվել: Վարչապետ Մարգարյանն ընդգծեց, որ ներքին շուկայի վրա ունեցած փոխհատուցումների ազդեցության նախկին փորձը հաշվի առնելով, կարող է փոխհատուցման վերաբաշխման խնդիր առաջանա:
Գ. Գ.