Բայց դա ժամանակին էՙ ըստ Միկա Բաղդասարովի
Դոլար-դրամ տատանումների թեման երեկ քննարկման առարկա էր «Հայելի» ակումբում Հայաստանի ադամանդագործական եւ ոսկերչական ընկերությունների նախագահ, Հայ ոսկերիչների ասոցիացիայի ղեկավար Գագիկ Աբրահամյանի եւ «Միկա լիմիտեդ» ընկերության նախագահ Միկա Բաղդասարովի մասնակցությամբ:
Գագիկ Աբրահամյանի խոսքերով, դրամի արժեւորումը հպարտություն է, բայց Հայաստանի սահմանների ներսում: Խնդիրն այն է, որ ծառայությունները դրամի արժեւորման պայմաններում թանկանում են, ինչը, Աբրահամյանի կարծիքով, այսպես թե այնպես անցնելու ճանապարհ էր, բայց եղավ շատ արագ, եւ դրան գործարարները պատրաստ չէին: Այս ամենի հետեւանքով ծառայությունների առումով Հայաստանը մրցակցությունից դուրս է մնում արտաքին շուկայում, ուստի տուժում են արտահանողներն ու տեղական արտադրողները:
Հայ ոսկերիչների ասոցիացիայի նախագահի ներկայացմամբ, դրամի արժեւորումից ավելի շատ տուժում են այն ընկերությունները, որոնք ներմուծում են հումքը, այնուհետեւ արտադրանքը արտահանում, իսկ երկրում կատարվող աշխատանքների համար վճարում դրամով: Գագիկ Աբրահամյանը նշեց, սակայն, որ մինչեւ ներկա պահը այդ ընկերությունները վնասներ չեն կրում, այլ փոքրացել է նրանց եկամուտը, այդ թվում` նաեւ շահույթը: Աբրահամյանն առաջարկում է դրամը ժամանակավոր ֆիքսել դոլարի կամ եվրոյի հանդեպ` 400-ի սահմաններում: Ընդ որում, ներկա փոխարժեքից հետո էլ դրամի արժեւորման դեպքում շատ ընկերություններ արդեն կունենան վնասներ:
Հետաքրքրական է, որ, Գագիկ Աբրահամյանի տեղեկացմամբ, ադամանդագործության եւ ոսկերչության ոլորտ ներդրումներ ներգրավելու առնչությամբ բանակցություններ են վարվում «ԱլՌոսսա» ռուսաստանյան ընկերության հետ` ադամանդի մշակման համատեղ հոլդինգ հիմնադրելու նպատակով: Սպասվում է, որ դեկտեմբերի 1-ին Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների Մոսկվայում կայանալիք հանդիպմանը քննարկվի նաեւ նման հոլդինգի ստեղծման հարցը:
Անդրադառնալով քաղաքականությանը` Գագիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հաստատապես մասնակցելու է սպասվող խորհրդարանական ընտրություններին, բայց դեռ հստակ չի որոշել, թե ինչ տարբերակով` մեծամասնական ընտրակարգով, թե՞ համամասնական որեւէ ցուցակում: Ամեն դեպքում, բիզնեսն ինքնին քաղաքականություն է եւ խոշոր բիզնեսով զբաղվողները կամա-ակամա առնչվում են քաղաքականությանը:
Դոլար-դրամ հարաբերակցության հարցի առնչությամբ Միկա Բաղդասարովը հիշեցրեց, թե դոլարի արժեւորման ժամանակ էլ էին հարցնում` ինչու, դրամի արժեւորումն էլ է հարցադրման առիթ տալիս: Ըստ Բաղդասարովի, Հայաստանը ավելի շատ ներմուծում է, քան արտահանում, եւ այս կտրվածքում շահում է: Ինչ վերաբերում է արտահանողների հնարավոր վնասներին, ապա «Միկա լիմիտեդ»-ի նախագահի կարծիքով, Հայաստանի արտահանած պղնձի, մոլիբդենի, ոսկերչական իրերի գները միջազգային շուկաներում եւս բարձրացել են, ուստի դրամի արժեւորումը առանձնակի չի ազդում: Խոսելով դրամի արժեւորման պատճառներից` Բաղդասարովը նշեց, թե դրանցից է նաեւ Կենտրոնական բանկի մարտավարական քաղաքականությունը: Ըստ նրա, ժամանակը դրամի արժեւորման համար ճիշտ է ընտրված:
Ցեմենտի արտադրությունում դրամի արժեւորման պատճառով լուրջ վնասներ Բաղդասարովը չի կրում, քանի որ հայաստանյան ցեմենտն այսօր տարածաշրջանում ունի ամենացածր գինը եւ լավ որակ: Բաղդասարովի սեփականություն «Միկա ցեմենտ» ընկերությունը տոննան 90 դոլարով ցեմենտ չի հասցնում մատակարարել Վրաստանին եւ Իրանին` Իրաք ուղղությամբ, եւ դա այն դեպքում, երբ իրանական ցեմենտն արժե տոննան 250 դոլար, ռուսաստանյանը` 160, ղազախականը` 180, ադրբեջանականը` 140: Եվ, քանի որ վրացական ցեմենտն արտահանվում է Ադրբեջան, հայկականով է լրացվում վրացական շուկայի պահանջարկը, թերեւս հայկական ցեմենտը հայտնվում է նաեւ Ադրբեջանում:
Թե ինչու են վաճառքի նման ծավալներ ունեցող հայաստանյան երկու ցեմենտ արտադրողները հարկատուների ցուցակում առաջին տողերից շատ հեռու, բնավ էլ հասկանալի չէ, թեկուզ եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի անհրաժեշտություն Միկա Բաղդասարովը տեսնում է եւ ընդգծում, թե դա պետք է արվի օրենքով` մշակված սխեմաներով: Էներգակիրների ներմուծման առումով էլ հայաստանյան շուկայում գերիշխող դիրք ունենալու գնահատականի կապակցությամբ Բաղդասարովը կարծում է, որ 6 ընկերությունների առկայությունն արդեն մրցակցություն է:
Միկա Բաղդասարովի մոտեցումը քաղաքականությանը թույլերին աջակցելու ցանկությամբ է պայմանավորված: Իսկ ընդհանրապես Բաղդասարովը չի զբաղվում քաղաքականությամբ, ՌԴ քաղաքացի է, բոլոր հարկերը մուծում է Հայաստանում, չի պատրաստվում ընդգրկվել Հանրապետական կուսակցության շարքերը` հետեւելու Սերժ Սարգսյանին: Լուրերը, թե Բաղդասարովը վաճառում է «Արմավիան», չեն համապատասխանում իրականությանը, իսկ, այ, «Խնայբանկի» Բաղդասարովին պատկանող 30 տոկոս բաժնետոմսերն իսկապես վաճառվում են, քանի որ Բաղդասարովը դժգոհ է բանկի ղեկավարության քաղաքականությունից:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ