«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2006-11-04 | #212, 2006-11-07 | #213, 2006-11-08


ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԵԿՈՂ ՏԱՐԻ ԿԲԱՐՁՐԱՑՎԵՆ

Ոչ մեծաքանակ ներկայությամբ խորհրդարանականները երեկ շարունակեցին ԱԺ ֆինանսավարկային եւ գիտության, կրթության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2007 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումը: Կրթությանը կհատկացվի 86751 մլն դրամ, հանրակրթությանըՙ 48589 մլն, որից աշխատավարձի համար հաշվարկված 37065 մլն դրամը իրականություն կդարձնի մանկավարժական անձնակազմի միջին հաշվարկային աշխատավարձը մեկ դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները, հասցնել 74 հազ. դրամի, վարչական դրույքների աշխատավարձը` 76 հազ. դրամի, ուսումնաօժանդակ եւ տնտեսական դրույքներինը` 23 հազ. դրամի: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հավաստմամբ, մնում է դպրոցները կարողանան պահպանել համապատասխան դրույքաչափերը:

Գիտության բնագավառի ծախսերի համար բյուջեն նախատեսում է 5712 մլն դրամ, մշակույթի, տեղեկատվության եւ սպորտիՙ 14444 մլն: Նախարարի հավաստմամբ, հանրակրթությունում առաջնային են մնալու կրթության բովանդակային բարեփոխումը, նորմատիվ դաշտի բարելավումը, աշխատավարձերի բարձրացումը, մանկավարժական կադրերի վերապատրաստումը, մեթոդական սպասարկումը, 12-ամյա կրթության եւ հանրակրթությունից մասնագիտական կրթության անցումն ապահովող նյութերի, նորմատիվային փաստաթղթերի մշակումն ու ներդնումը:

Գիտական ոլորտում էլ բարեփոխումներն են մնալու գերակայությունՙ գիտաշխատողների աշխատավարձի բարձրացումը, գիտական ներուժի վերարտադրությունը, անկախ փորձագիտական կառույցի ստեղծումը, գիտատեխնիկական տեղեկատվական եւ վերլուծական կենտրոնի աշխատանքների համակարգված կազմակերպումը: Ինչպես փաստեց նախարարը, գիտության ոլորտում առկա վիճակը նույնությամբ թողնելը համարժեք կլինի ոլորտի դանդաղ մահացմանը, սակայն Գիտությունների ազգային ակադեմիայի լուծարումն էլ անընդունելի է Լեւոն Մկրտչյանի տեսանկյունից. «Դեմ եմ պարզունակ մեթոդներին: Ինչու պիտի ակադեմիան լուծարենքՙ ակադեմիան ազգային հարստություն է: Բայց եւ գիտությանը սեւ-սպիտակի տարբերակով չպետք է նայենք»: Կրթության եւ գիտության նախարարի հավաստմամբ, հանրապետության գիտական հաստատությունների կեսն է ներառում ԳԱԱ-նՙ 39-ը, մնացյալը նրա կազմից դուրս են եւ անհրաժեշտ է ողջ համակարգը մեկ միավորից կառավարելու հնարավորություն ստեղծել: Դրան է ուղղված նախարարի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովի մշակած գիտության հայեցակարգը, որը հաստատելուց հետո օրերս կներկայացվի հանրային քննարկման:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4