«Հայերը սկսեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից մի հատվածով, իրենց բարձր կատարողական արվեստը ներկայացնելով չափազանց ռիթմիկ արտահայտչականությամբ ու փառահեղ իմպրեսիոնիստական հնչողությամբ: Ֆրանսիս Բյորնի եւ Կլոդ Դեբյուսիի սաքսոֆոնի եւ նվագախմբի համար պիեսները ներկայացրեց մենակատար Կորյուն Ասատրյանը, որն առանձնապես հետաքրքրական էր Բիզեի «Կարմեն»-ից իր ֆանտազիաներով:
Հայկական ծնունդՙ կայացած նաեւ բուռն ծափողջյուններով», այսպես է արձագանքել «Նյուրնբերգեր նախրիխտեն» օրաթերթըՙ «Սուսերը մնաց տանը» վերնագրով հոդվածում:
«Մեկ շաբաթ առաջ երաժշտասերները հնարավորություն ունեցան Բռնոյի «Մորավիայի աշուն» փառատոնում ունկնդրել մի «էկզոտիկ» հրավիրյալ նվագախմբի, այն էՙ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբըՙ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Նվագախումբը համալրված է վիրտուոզ երաժիշտներով եւ ունի հարուստ հնչեղություն, ինչը լիովին արտահայտվեց Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների, ինչպես նաեւ Շոստակովիչի 6-րդ սիմֆոնիայի կատարումներով», գրել է Բռնոյի «Բրավո» օրաթերթը, «Բռնոյի հանդիսատեսը ջերմորեն ընդունեց հայերին» հրապարակման մեջ:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Չեխիայի, Սլովակիայի ու Գերմանիայի երաժշտասեր հասարակայնության համար իսկական հայտնություն է եղել, քանի որ վերջինս առաջին անգամ է հնարավորություն ստացել նրան ունկնդրելու: Երաժշտական 3 փառատոներին մասնակցելու հրավեր նվագախումբը ստացել էր Չեխիայի «ԱՌՍ կոնցերտ» գործակալությունից: Դրանք անցկացվեցին սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 7-ը, երկուսըՙ Չեխիայում, մեկըՙ Սլովակիայում եւ նվագախումբն ընդգրկվեց Meistersingerhallen-ի համերգաշրջանում (Գերմանիա): Նվագախմբի երաժշտական հաղթարշավը պատկերացնելու համար բավական է նշել, որ այդ փառատոներին մասնակցել են դասական երաժշտության երկրպագուների հիացմունքին արժանացած BBC, Czech, Salzburg, Danish National, Beethoven Bonn նվագախմբերը:
Ժուռնալիստի տանը երեկ հրավիրված ասուլիսում համերգային շրջագայության մասին պատմեցին Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը, ֆիլհարմոնիկի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը եւ ուրիշներ:
Միացյալ Նահանգներ մեկնելու պատճառով Էդուարդ Թոփչյանը, ցավոք, ներկա չէր ասուլիսին:
«Ասուլիսը մի քիչ ուշ հրավիրեցինք, որովհետեւ ցանկանում էինք մեր ձեռքի տակ ունենալ նվագախմբի մասին բոլոր հրապարակումները: Այլ բան է մեր գնահատականը, բոլորովին այլՙ եվրոպացի հանդիսատեսինը: Արձագանքները գերազանցեցին մեր բոլոր սպասելիքները: Մենք գիտենք, որ մեր նվագախումբը բարձրակարգ է, բայց չափազանց դժվար ու պատասխանատու պահ է, երբ նա ելույթ է ունենում այնպիսի փառատոներում, որին մասնակցում են Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող նվագախմբեր», ասաց Ռուզաննա Սիրունյանը:
Արդեն 15 տարի նվագախմբի հովանավորն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Աշոտ Ղազարյանն անչափ ուրախ էր, որ ներկա էր եղել նվագախմբի համերգներին ու հպարտության անբացատրելի զգացում ապրել. «Դա մի ուրիշ զգացում էր, ուրիշ ոգեւորություն: Մեր երաժիշտները համերգից առաջ պարապում էին հյուրանոցի իրենց սենյակներում, ես անընդհատ երաժշտության ձայն էի լսում: Այս 15 տարիների ընթացքում ֆիլհարմոնիկը բազմաթիվ երկրներում համերգներ էր ունեցել, բայց այս մեկը դրանցից զատվում էր, բոլորովին այլ էր: Մեզ համար արտառոց երեւույթ էր Meistersingerhallen-ում ընդգրկվելը»: Համերգից հետո նվագախումբը հրավեր է ստացել մասնակցելու 1 տարվա փառատոնային ծրագրին:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ