Ռուսաստանցի անվանի երաժիշտ Վլադիմիր Սպիվակովն արժանացել է ՅուՆԵՍԿՕ-ի «Աշխարհի արտիստ» պատվավոր կոչմանը: «Սպիվակովի նշանակալի ավանդը ժամանակակից կատարողական վարպետության մեջ եւ նրա կողմից ակտիվ աջակցությունը ՅուՆԵՍԿՕ-ին, նրա նպատակների իրագործման գործընթացում բարձր է գնահատվել, եւ որոշվել է նրան շնորհել «Աշխարհի արտիստ» պատվավոր կոչումը», նշել է ՅուՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոյիտիրո Մացուուրան: Երեկ այս կազմակերպության փարիզյան կենտրոնակայանում կայացած պաշտոնական արարողությունից հետո Վլադիմիր Սպիվակովը համերգ տվեց հինգ այլ ջութակահարների մասնակցությամբ: Նշենք, որ ՅուՆԵՍԿՕ-ի «Աշխարհի արտիստ» կոչմանն ավելի վաղ արժանացել են նաեւ դիրիժոր Վալերի Գերգիեւը եւ դաշնակահար Սերգեյ Մարգարովը:
Մեծ է Սպիվակովի ավանդը հայ երիտասարդ երաժիշտներին նոր ուղի բացելու գործում: Հայաստանում գործում է «Սպիվակովի հիմնադրամ», որն էլ օգնում է հայ երաժիշտների համար նորանոր վերելքներ հաղթահարելու: Շնորհավորելով անվանի դիրիժորին, արտիստին, երաժշտին մաղթում ենք բեղմնավոր ու ստեղծագործական հետագա գործունեություն, հիշեցնելով, որ հայ երաժշտասեր հանդիսատեսը սիրով է սպասում Սպիվակովի այցին:
Մ. Մ.