Օրերս Իտալիայի Վերչելլի քաղաքում ցուցադրվել են Արմին Վեգների հայկական ցեղասպանության վավերագրեր համարվող լուսանկարները: Ցուցահանդեսի բացումն ուղեկցվել է տհաճ միջադեպով: Իտալաբնակ մի թուրք հարձակվել եւ պատռել է ցուցահանդեսի ազդագրերը, որ դրված են եղել ցուցասրահի շենքից դուրս, ապա խուժել է սրահ, կոտրատել ու պատռել հինգ-վեց ցուցանմուշներ: Թուրքը հարձակվել է նաեւ ցուցահանդեսը վարող իտալուհու վրա եւ գետնել նրան: Ապա շուռ է տվել սեղանը, որի վրա դրված է եղել ցուցահանդեսի այցելուներին բաժանելու գրականությունը: Ինչպես հայտնում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթը, շուտով տեղ հասած ոստիկանությունը ձերբակալել է թուրքական պետության քաղաքակրթությունը անկաշկանդ ցուցադրող կարգազանցին:
Հաղորդվում է նաեւ, որ իտալական հինգերորդ հեռուստաալիքը լուսաբանել է ցուցահանդեսն ու միջադեպը: Անդրադարձ է եղել Հռոմի ներկայիս եւ նախկին պապերին, որոնք իրենց ավանդն են ունեցել հայերի ցեղասպանության ճանաչման գործում:
Ս. Մ.