«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2006-11-04 | #212, 2006-11-07 | #213, 2006-11-08


«ԱՌԱՍՏԱՂ» ՎԷՊԸՙ ՀԱՅՐԵՆԻ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ

Օրերս «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը լոյս ընծայեց ականաւոր արձակագիր, թատերագիր, Ստամբուլի «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ Ռոպէր Հատտէճեանի «Առաստաղ» երկհատոր վէպըՙ մէկ գրքով: Գրքի գլխաւոր խմբագիրը եւ առաջաբանի հեղինակը կենտրոնի տնօրէն Սուրէն Դանիէլեանն է, խմբագիրըՙ կենտրոնի աշխատակից Քնարիկ Աբրահամեանը:

Մինչ այդՙ 1998-ին, Ս. Էջմիածինը հրատարակել էր գրողի հրապարակագրական եւ փիլիսոփայական խոհերի ամփոփ «Յուշատետր» ընտրանինՙ դարձեալ Ս. Դանիէլեանի խմբագրութեամբ:

«Առաստաղ» վէպըՙ մասնագէտների վկայութեամբՙ Ռ. Հատտէճեանի լաւագոյն ստեղծագործութիւնը, Հայաստանում նրա գեղարուեստական հարուստ ժառանգութեան առաջին մուտքն է, առաջին տպագրութիւնը, ընդգծենքՙ աններելի յապաղումով:

Վէպը ներկայացնում է մեր ժողովրդի տարագիր ուղինՙ բնաշխարհից դէպի Պոլիս, այնուհետեւՙ հեռաւոր մայրցամաքներ: Ֆիզիկական տարածքների ընդլայնումը բերում է ազգային հոգեկան տարածքի փլուզում: Փլուզւում է հայոց կանթեղազարդ առաստաղը, փլուզւում է արեւմտահայութեան ճակատագիրը: Սա՞ է մեր պատմական ուղին: Այդ դէպքում ի՞նչ է մեզ սպասում վաղըՙ հայրերի եւ որդիների անդարձ խզո՞ւմ... Ո՞րն է եղել մեր սխալը: Սա աւելի մեծ ողբերգութիւն է, քան անհատի կեանքի ողբերգական այս կամ այն ընթացքները: Զաւակները հեռանում են ազգայինի աւազանից:

Գոյապաշտ փիլիսոփայութեան հարցադրումները կազմում են գրքի բովանդակութեան առանցքը: Գուցէ խտացնո՞ւմ է հեղինակը գոյները: Լինելով իրատեսՙ Ռ. Հատտէճեանն այնուհանդերձ եզրայանգում էՙ «Տա՛ Աստուած, որ չփլուզուի մեր գրական առաստաղը, տա՛ Աստուած, որ այս վէպին մարդիկը չնային որպէս իսթանպուլահայ գրականութեան վերջաբանը: Աւանդութիւնը պիտի շարունակուի, որովհետեւ արժանի է, որ շարունակուի»:

Մեզ մնում է հաւատալ գրողիՙ կասկածների միջից վերածնուած այս փոքրիկ լաւատեսութեանը:

Վերջում նշենք, որ գրքի հրատարակութիւնը հովանաւորել է գրասէր - բարերար Արմէն եւ Միմի Յարութիւնեան ամոլը (Պէյրութ):

Այս շքեղ գիրքը լաւագոյն նուէրն է գոյապաշտ փիլիսոփայ գրողի 80-¬ամեակին:

ԳԱՅԻԱՆԷ ՂԱԶԱՐԵԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4