Կանանց ֆուտբոլն աշխարհում գնալով ավելի մեծ զանգվածների համակրանքն է վայելում: Հայաստանում էլ փորձում են այդ մարզաձեւը զարգացնել: Մեր ֆուտբոլիստուհիներն աստիճանաբար միջազգային մրցասպարեզ են դուրս գալիս: Շուտով Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, որն այս անգամ անցկացվելու է նոր մրցակարգով: Եթե նախորդ տարիներին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար պայքարելու հնարավորություն էր տրվում միայն բարձր վարկանիշ ունեցող հավաքականներին, ապա այս անգամ Ֆինլանդիայում կայանալիք մայրցամաքի առաջնության 11 ուղեգրերի համար պայքարը կսկսեն ռեկորդային թվով (46) հավաքականներ:
Այս անգամ ընտրական մրցաշարն անցկացվելու է երկու փուլով: Նախնական փուլում հանդես կգան ցածր վարկանիշ ունեցող հավաքականները, որոնց թվում է նաեւ Հայաստանի ընտրանին: 20 հավաքականները բաժանվել են հինգ խմբի: Հայաստանի կանանց հավաքականն ընդգրկված է ընտրական 2-րդ խմբում, որտեղ մեր ֆուտբոլիստուհիների մրցակցուհիները կլինեն Իսրայելի, Լատվիայի եւ Բոսնիայի հավաքականները: Ընտրական մրցաշարի հանդիպումները կկայանան Բոսնիայում: Մեր հավաքականը մրցավայր կմեկնի նոյեմբերի 17-ին: Հաջորդ օրը մեր ֆուտբոլիստուհիները Սարաեւոյի «Կոսեւո» մարզադաշտում առաջին խաղում ուժերը կչափեն տանտերերի հետ: Երկու օր անց մեր թիմի մրցակիցը կլինի Իսրայելի հավաքականը, իսկ նոյեմբերի 23-ին, ավարտական խաղում հայ մարզուհիները կմրցեն լատվիացիների հետ:
Հայաստանի կանանց հավաքականը մրցումների կմեկնի հետեւյալ կազմով. դարպասապահներՙ Աննա Կարապետյան, Անի Ներսիսյան, պաշտպաններՙ Արմինե Խաչատրյան, Մելսիդա Խաչատրյան, Արմինե Թադեւոսյան, Սյուզաննա Սայադյան, Վերա Պետրոսյան, Անահիտ Նազարեթյան, Լիանա Հայրապետյան, կիսապաշտպաններՙ Քրիստինե Ալեքսանյան, Լիանա Գրիգորյան, Վարդինե Խանզադյան, Աննա Ամիրյան, Լուսինե Հովհաննիսյան, Նելլի Ստեփանյան, հարձակվողներՙ Լիանա Եփրեմյան, Գայանե Կոստանյան, Աննա Մկրտչյան:
Իհարկե, Հայաստանի կանանց հավաքականներից դժվար է հաջող արդյունքներ ակնկալել: Ավելի շուտ մրցաշարը մեր ֆուտբոլիստուհիների համար պետք է դիտարկել որպես միջազգային փորձի ձեռքբերման հնարավորություն: Թեեւ, իհարկե, անակնկալները չեն բացառվում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ