Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեց նարդու Հայաստանի հերթական առաջնությունը: Մեկօրյա համառ պայքարից հետո հայտնի դարձան հանրապետության չեմպիոնները կարճ եւ երկար մրցաձեւերից:
Կարճ մրցաձեւում չեմպիոնի կոչումը վիճարկեցին հանրապետության 54 նարդիստներ: Հաղթահարելով նախնական փուլերի արգելքները, եզրափակիչում չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին երեւանցիներ Գուրգեն Մխիթարյանն ու Նշան Թորոսյանը: Համառ մրցախաղում հաղթելով 15-14 հաշվով, չեմպիոն հռչակվեց Գուրգեն Մխիթարյանը: Մրցանակային 3-րդ տեղը գրավեց էջմիածնեցի Ռուբեն Գալստյանը:
Երկար մրցաձեւում 32 մասնակիցների մեջ լավագույն արդյունքի հասավ երեւանցի Հարություն Մարտիրոսյանը` 3-րդ անգամ նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներն են երեւանցիներ Սամվել Ռոստոմյանն ու Ֆրունզիկ Խալաթյանը: Անցկացվեցին նաեւ թիմային մրցումներ կարճ մրցաձեւից: Այստեղ 12 թիմերի մրցավեճում ուժեղագույն ճանաչվեց «Արտաշատը», որը եզրափակիչում հաղթեց Երեւանի «Ալսային»: «Արտաշատում» թիմային հաջողությունում իրենց ներդրումն ունեցան Գրիգոր Խաչատրյանը, Ռոբերտ Իսախանյանը եւ Մերուժան Գեւորգյանը:
Տեղի ունեցավ նաեւ այսպես կոչված կայծակնային մրցաշար, որում հաղթող ճանաչվեց երեւանցի Ռաֆիկ Վարդանյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ