«Քշի, արա, ի՞նչ ես ցցվել ըստեղ», երթուղային տաքսու վարորդին ուղղված այս խոսքերի հեղինակը պետավտոտեսուչի համազգեստով մի երիտասարդ էր, որին ավելի կսազեր ոչ թե երիտասարդ, այլ տղեկ որակումը: «Մի կանգնի, քշի: X համարանիշով մեքենայի վարորդ, չես կարո՞ւմ քշես, հըլը շարժվի, շուշուտ, քո հետ եմ, քո...», սա էլ պետավտոտեսչության մեքենայի բարձրախոսից փողոցային ռազբորկայի տոնով հնչող, այսպես կոչված, զգուշացումն էր, որն, բռի վարքագիծ ցուցաբերելու մրցության դեպքում միանշանակ հայ պետավտոտեսուչին կարժանացներ հաղթողի պատվանդանին:
Երեկ առավոտյան ժամը 12-ի մոտակայքում Մաշտոցի պողոտայում իրարանցում էր: Առաջին հայացքից անհասկանալի բան էր կատարվում. պետավտոտեսչության կասկածելիորեն շատ ներկայացուցիչներ էին կանգնած փողոցում: Իհարկե, նման դեպքերում առաջին բանը, որ կանցնի շարքային երեւանցու մտքով, ինչ-որ պաշտոնյայի երթեւեկությունն ավելի ազատ, նաեւ «անվտանգ» դարձնելու նպատակով պետավտոտեսուչների կուտակումն է:
Ինչեւէ, շարքային երեւանցին երեկվա պարագայում իր ենթադրություններում հաստատապես սխալված կլիներ, քանի որ թերեւս սովորականի նման անուշադիր գտնված լիներ հայկական հեռուստաեթերի տեղեկատվության նկատմամբ: Իսկ երեկ, պարզվում է, հանրապետության ոստիկանությունը, տրանսպորտի նախարարությունն ու մայրաքաղաքի քաղաքապետարանը ամենավերին ատյանիցՙ նախագահից հանձնարարական են ստացել կարգուկանոն հաստատել Երեւանի փողոցներում, մաքրել հասարակական տրանսպորտի կանգառներում այլ փոխադրամիջոցների կայանումներից, փողոցներն ազատել խառնիխուռն կանգնած մեքենաներից:
Վատ չէ, թեեւ բավականին ուշացած, որ երկրի նախագահին մտահոգել են երեւանյան փողոցներում տիրող անկարգությունն ու քաոս հիշեցնող, բոլորին սարսափեցնող, հատկապես օտարների համար ոչ մի տեսակետից չընկալվող երթեւեկությունը, որտեղ ոչ հետիոտն է իր տեղում, ոչ էլ վարորդն` իր դերում, իսկ պետավտոտեսուչն ընդհանրապես բացակայությամբ է «կատարում» ծառայողական պարտականությունները: Ամեն դեպքում, պետավտոտեսուչի ներկայությունը քիչ դեպքերում է պայմանավորված անհրաժեշտությամբ, ասենք, լուսացույցի չաշխատելով կամ էլ խցանումները կարգի բերելով:
Բայց հարցը, տվյալ դեպքում, բնավ էլ պետավտոտեսուչների դարանակալելու կարողության եւ հարկավոր տեղում երբեք չհայտնվելու բացառիկ ունակությունների մասին չէ, այլՙ տարրական քաղաքավարություն չունենալու, կամ էլ չցուցաբերելու: Այդ որտե՞ղ է գրված, որ պետավտոտեսուչը կարող է իրեն թույլ տալ ուզածդ բառապաշարով դիմել վարորդներին, ընդ որում, բարձրախոսով, ի լուր բոլորի: Մի՞թե հանրապետական պետավտոտեսչության շարքերը համալրում են տարրական կրթություն չստացած մարդիկ, որոնք թերեւս նաեւ դաստիարակության խնդիր ունեն: Այլապես ինչպե՞ս բացատրել պետավտոտեսուչի անհարգալից տոնն ու փողոցային բառակույտը, որն «ապերոների» կենցաղավարության մեջ հաճախակի շրջանառվող բառապաշարի ցուցադրությամբ ավելի շուտ քրեականի տպավորություն է թողնում:
Բառապաշարը դեռ խնդրի մի կողմն է: Պետավտոտեսուչներն այնպիսի տոնով են խոսում, կարծես ընդհանրապես կյանքում եւ հատկապես Երեւանում ամենայն իրողություն կախում ունի նրանցից, իրենք էլ ոչ թե պետություն են ներկայացնում, այլ միանձնյա ու միահեծան իշխանություն: Եվ դա դեռ բավարար չէ, ամեն մի վարորդ էլ ստորադասի կարգավիճակում գտնվող սուբյեկտ է, որին կարելի է դիմել ինչպես ուզես եւ վարվել, ըստ էության, ինչպես խելքիդ փչի: Միայն այստեղ էլ պետավտոտեսուչների «հեղինակությունը» հերիքում է ոչ բոլոր մեքենաների վարորդների հանդեպ նույն վարվելակերպը ցուցաբերելու համար:
Ինչեւէ, բարեկրթությունն ու նորմալ դիմելաձեւը ոչ շքեղություն են, ոչ առանձնակի բարդ խնդիր, ոչ էլ անիրագործելի հանձնարարական: Ավելին, որեւէ ավտոտեսուչ պատիվ չի անում քաղաքացուն` նրա հետ խոսքը նորմալ եւ ըստ հարկի կազմելու դեպքում: Եվ քանի որ նորմալ խոսքն ու բարեկիրթ դիմելաձեւը բարդ մաթեմատիկական հաշվարկներ ու բանաձեւերի կիրառություն չեն պահանջում, ուրեմն մնում է ենթադրել երկու բան. կամ մեր պետավտոտեսուչներն անկիրթ են, բռի ու «կաղ» դաստիարակություն ունեն` միեւնույն ժամանակ չունենալով նորմալ կրթություն, կամ էլ ունեն նախորդը, բայց փողոցային դիմելաձեւերով հարուստ բառապաշարն օգտագործելով ինքնահաստատվում են, միայն թե ո՞ւմ հաշվին` բնավ պարզ չէ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ